Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ
- Դուք ասում եք, որ ամեն ինչ վատ է, աշխատավարձերն ու թոշակներն իրականում չեն ավելացել, եթե սղաճը հաշվի ենք առնում, բայց արտահանումն ու ներմուծումն ավելացել են։ Այս տարի արդեն Ռուսաստան արտահանումները մոտ 5 անգամ աճել են։ Իշխանությունը հպարտանալու տեղ ունի՞։
- Իշխանություններն այստեղ կապ չունեն։ 21 թվականին արտաքին առեւտրաշրջանառությունը 8 մլրդ դոլար էր, 22-ին՝ 14 մլրդ, այս տարի կլինի 20 մլրդ դոլարից ավելի։ Հայաստանը եզակի երկիր է, որի արտաքին առեւտրաշրջանառությունն այս տարի առավել կլինի ՀՆԱ-ից։ Դրա պատճառը վերաարտահանման երեւույթն է՝ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների պայմաններում։ Հայաստանի միջոցով ՌԴ են գնում այն ապրանքները, որոնք կարող էին չգնալ։ Կարելի է հեշտությամբ նայել արտահանման կառուցվածքը, համեմատել եւ անմիջապես համոզվել դրանում։ Հավատացնում եմ ձեզ, որ ՀՀ իշխանություններն այդ երեւույթի հետ որեւէ կապ չունեն։ Այ, դա է պատճառը, որ ո՛չ աշխատավարձ է ավելանում, ո՛չ էլ թոշակ։ Հայաստանի ժողովուրդը դրանից ոչինչ չունի։ Իշխանություններն ընտրել են վերաարտահանման՝ ռեէքսպորտի իրենց գործակալներին, այդ գործակալները փող են աշխատում։
- Իսկ դա բյուջեի վրա ինչպե՞ս է ազդում։
- Մենք չունենք բյուջետային մուտքերի ավելացում։ Այս տարի հունվար-փետրվարին պետական բյուջեի եկամուտները կազմել են 300 մլրդ՝ անցյալ տարվա 270 մլրդ-ի փոխարեն։ Ընդամենը 10 տոկոս է ավել, որը գնաճն է։ Չնայած 10,9 տոկոսի աճին, այդ աճից ոչ մի տոկոս բյուջեն չի ավելացել։ Վերաարտահանման, զուգահեռ՝ ներմուծման հաշվին ՀՆԱ-ն, բնականաբար, ավելանում է, բայց սա չի բերում բյուջեի ավելացման, եւ դա ՀՆԱ-ի երկարաժամկետ աճ չէ։
- Վերջերս Բայդենի ադմինիստրացիան նույնիսկ փաստաթուղթ հրապարակեց, որով ենթադրվում է կոշտ պայքար տանել Ռուսաստանին օգնող միջնորդ երկրների դեմ։ Փաստաթղթում հիմնական խնդրահարույց երկրներն են համարվում Չինաստանը, Հայաստանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Վրաստանը, Ղազախստանը։ Հայաստանը նույնպես հիշատակվել է։ Դրանից հետո սկսել են մաքսայինում մեր ներմուծողների առաջ խոչընդոտներ դնել։ Սա կարո՞ղ է բերել նրան, որ ռեէքսպորտը դեպի Ռուսաստան ամբողջությամբ դադարեցվի։
- Ես դրան չեմ կարող պատասխանել։ Նորից եմ ասում՝ դադարեցում-չդադարեցումը կապված է, թե որքանով ճկուն կլինի Հայաստանի քաղաքականությունը։ Մինչեւ հիմա էկոնոմիկայի նախարարի բերանից ես ոչ մի նորմալ նախադասություն չեմ լսել այդ մասին։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Որովհետեւ հնարավոր չէ ռեէքսպորտը կամ զուգահեռ ներմուծումը 100 տոկոսով տարանջատել տնտեսությունից։
- Ինչո՞ւ։
- Որովհետեւ մենք ՌԴ-ի հետ առեւտուր ունենք։ Օրինակ, բերում ենք մի փոքր շարժիչ, դնում ենք մի կիսաֆաբրիկատի վրա, որը մենք միշտ վաճառել ենք Ռուսաստանին, ու վաճառում ենք։ Հիմա սա ռեէքսպո՞րտ է, թե՞ ոչ։ Սա շատ վիճելի հարց է։ Ամեն ինչ կախված է էկոնոմիկայի նախարարի աշխատանքից, որը բացակայում է։ Նա պետք է կարողանա արեւմտյան գործընկերներին բացատրել, թե որն է զուգահեռ արտահանում, իսկ որը զուգահեռ արտահանում չէ։ Կառավարությունը նաեւ պետք է ճշմարտությունն ասի ՀՀ քաղաքացիներին, որովհետեւ մենք՝ ես եւ դուք, չգիտենք, թե որքան կասեցված արտահանումներ կան դեպի Հայաստան։
- Պարոն Բագրատյան, մենք հարցումներ ենք արել ե՛ւ ՊԵԿ, ե՛ւ էկոնոմիկայի նախարարություն, բայց մեզ ոչ միայն պաշտոնապես չեն հայտնում, որ Արեւմուտքից հրահանգներ են գալիս, այլեւ չեն խոստովանում, որ մաքսայինում քաշքշուկ են ստեղծում դեպի ռուսական շուկա զուգահեռ արտահանումներ իրականացնող գործարարների համար։ Հնարավո՞ր է, որ Հայաստանի բյուջեն տուժի այս գործընթացից, եւ ավելի փչանան ՌԴ-ի հետ հարաբերությունները։ Մենք գիտենք, որ արդեն արգելում են դեպի ՌԴ մեր կաթնամթերքի արտահանումը։
- Մենք զարմացած ենք, որ արտահանողների եւ ներմուծողների հետ կառավարությունն աշխատանք չի տանում, չի տեղեկացնում պայմանների մասին, չի զգուշացնում, որովհետեւ կան բազմաթիվ հնարքներ, որոնց միջոցով մենք կարող ենք չեզոքացնել Հայաստանի համար վնասակար որոշումները։ Դժբախտաբար, նման աշխատանք կառավարությունը չի տանում։
- Մարդկանց շատ է հետաքրքրում, թե դեռ ինչքան է իջնելու դոլարի փոխարժեքը, եւ դա ինչ ազդեցություն է ունենալու ֆինանսների ոլորտում, մեր բյուջեի, մեր արտահանումների վրա։
- Հիմա ՌԴ-ից տրանսֆերների մեծ ներհոսք կա։ Միայն փետրվարին եկել է 750 մլն դոլար։ Դեռեւս 10 տարի առաջ այդքան գումար գալիս էր համարյա մեկ տարում։ Մարտին եկել է եւս 700 մլն դոլար։ Այս պայմաններում, իհարկե, դրամը կայուն պահելու որեւէ շանս չկա։ Այդ գումարների մի մասը գալիս-մնում է Հայաստանում, բայց 60 տոկոսը՝ մոտ 460 մլն դոլարը, նույն ամսում գնացել է դուրս։ Կառավարությունը ոչ մի միջոցառում չի կարողանում իրականացնել՝ այս փողերը Հայաստանում պահելու, իսկ դրանց բացասական հետեւանքն այն է, որ ՀՀ արդյունաբերությունը, մասնավորապես այսօր՝ հանքարդյունաբերությունն ու IT ոլորտը կանգնած են սնանկացման վտանգի առաջ։ Նկատելի է նաեւ, որ գալիս են հատկապես հայերի փողերը։ Մոտ 55 մլրդ դոլարի չափ փող ունեն հայերը Ռուսաստանում, եւ եթե մեր դեմ ֆինանսական սահմանափակումներ չկիրառեն, ապա առաջիկա 2-3 տարում, քանի դեռ գնում է պատերազմն Ուկրաինայում, այդ գումարները գալու են Հայաստան, ու փորձեն Հայաստանի միջոցով դուրս գալ արտաքին աշխարհ։ Դրանց մի մասը, իհարկե, եթե կառավարությունը խելացի քաղաքականություն վարի, կարող է մնալ Հայաստանում։ Բայց ես հույս չունեմ, որ կկարողանան նման քաղաքականություն վարել։
- Իսկ Դուք, եթե կառավարության ղեկավարը լինեիք, ի՞նչ կանեիք, որ փողերը մնային Հայաստանում։
- Կգանք իշխանության՝ կանենք։
- Դուք կցանկանայի՞ք Ձեր թեկնածությունն առաջադրել Երեւանի քաղաքապետի պաշտոնում։ Հարցումները ցույց են տալիս, որ բարձր վարկանիշ ունեք։
- Ես այդ մասին երբեք չեմ մտածել։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում