կարևոր
1450 դիտում, 11 ամիս առաջ - 2023-10-18 13:58
Քաղաքական

Այս ազգակործան իշխանության քարոզը չարօրակ ուռուցքի նման տարածվել է ողջ ազգի վրա․ Արծվիկ Մինասյան

Միայն սեպտեմբերի 19-20 դեպքերով շուրջ 60 անձի ապօրինի ձերբակալությունից հետո այս պահին 37 անձ ՔԿՀ-ներում է՝ տարբեր ժամկետներով կալանքի տակ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ այժմ դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու մասին միջնորդությունը։

«Այս իշխանությունների կողմից սա արդեն տրադիցիա է դարձել․ թե՛ Լեւոն Քոչարյանի, թե՛ այս պահի դրությամբ 700 բերման ենթարկվածների մասով ուղղակի իրավական աննորմալություն է կատարվում․ սա քաղաքական պատվեր է ու դրան հլու հնազանդ իրավապահ համակարգ։ Այս մարդիկ թքած ունեն Սահմանադրության, օրենքների, իրավունքի գերակայության սկզբունքների վրա։ Երբ ծանոթանում ես գործի նյութերին, բացարձակ որեւէ հիմք չկա, այն հիմնված  բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա, այլ նաեւ չկա որեւէ փաստագրված ապացույց, որ որեւէ կոնկրետ անձ բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ, հակառակը ունենք բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանները ինչպիսի բռնություններ ու դաժան վերաբերմունք են ցուց տալիս իրենց դժգոհությունն արտահայտող մեր հայրենակիցների նկատմամբ ու ոչ մի պատասխանատվություն այդ անձանց նկատմամբ»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունն ամեն ջանք գործադրելով փորձում է ցույց տալ, որ «իր դեմ խաղ չկա»․ «Ինքը պատրաստ է անցնել բոլոր սահմանները եւ կիրառել ցանկացած մեթոդ, որպեսզի Նիկոլի աթոռին հանկարծ որեւէ ձեւով վտանգ չսպառնա»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Եվրախորհրդարանում ելույթի, Մինասյանն ասաց, որ նրա ելույթի 10 րոպեն բացառապես իր աթոռի պաշտպանության մասին էր. «Մենք երեկ այդ ամբիոնից լսեցինք մի մարդու խոսք, որը բացահայտ արհամարհում էր մեզանից յուրաքանչյուրի մտածողությունը, տեսածը, պատկերացրածը։ Նա խոսում է 2021 թվականի ընտրությունների մասին, երբ մուրճը ձեռքը իր ամենաայլանդակ բառապաշարով, իր ճնշման, լծանկերի միջոցով մարդկնց ուղղակի ահաբեկում էր, ու այդ մարդը խոսում էր ժողովրդավարության մասին ու հոտնկայս ծափ են տալիս այս ստախոսին»։