կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-10 22:21
Քաղաքական

Հայրենիքից գնացածներին պետք է վերադարձնենք Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Հայրենիքից գնացածներին պետք է վերադարձնենք Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Բերդի, Այգեհովիտի, Ոսկեպարի և Նոյեմբերյանի բնակիչների հետ, անդրադարձել երկրում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ գործադիրի քայլերին, պատասխանել քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի: 

Կառավարության ղեկավարը նկատել է, որ ընթացիկ տարվա մայիսից սկսած Հայաստանում արտագաղթը կանգնել է: «Մայիսից սկսած՝ ամեն ամիս ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում է Հայաստանից: Եկեք այս տեմպը ոչ միայն պահենք, այլ կրկնապատկենք, եռապատկենք: Մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք, մենք մեր գնացածներին պետք է վերադարձնենք Հայաստան, որովհետև աշխարհում չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունն այն տեղն է, որտեղ մարդիկ ազատ են, հպարտ են, արժանապատիվ են ու երջանիկ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Խոսելով կառավարության 100-օրյա գործունեության մասին՝ վարչապետը նշել է, որ այդ ընթացքում անմնացորդ պայքար է մղվել կոռուպցիայի դեմ, որը շարունակվելու է նույն կերպ: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ անցած կարճ ժամանակահատվածում անապահով ընտանիքների համար նվազել են էլեկտրաէներգիայի և գազի սակագները, մենաշնորհների դեմ պայքարի արդյունքում նվազել են մի շարք ապրանքների գները: Կուտակային կենսաթոշակային համակարգում կատարված փոփոխությունների արդյունքում բարձրացել է 207 հազար քաղաքացու աշխատավարձը, գյուղացիների վարկերի բոլոր տույժ-տուգանքները ներվել են, հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները նվազել են և այլն: «Հունիսին արձանագրվել է 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, որի ազդեցությունը մարդիկ դեռևս չեն զգում: Մեր խնդիրն այդ աճի մոդելն այնպես փոխելն է, որ դրա արդյունքները զգան նաև ՀՀ քաղաքացիները»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջանների համայնքների ղեկավարներին: Դիմելով նրանց՝ վարչապետը նշել է, որ օգնության տրամաբանությունը պետք է փոխարինել համատեղ աշխատանքի տրամաբանությամբ: «Հիմա կառավարությունն անելու է ավելին, քան նախկինում: Կառավարությունն այսօր ունի 10-15 մլրդ դրամ, որը պատրաստ ենք սուբվենցիաների՝ համաֆինանսավորման ծրագրով հատկացնել համայնքներին, սակայն վերջիններս պատրաստ չեն ծախսել այդ միջոցները, քանի որ չունեն գումարներ կամ ծրագրեր: Պարզ է, որ համայնքների բյուջեները քիչ են, սակայն այստեղ ծագում է երկու հարց՝ արդյոք առկա գումարները ծախսվում են արդյունավետ և արդյոք բյուջեները ձևավորվում են օբյեկտիվ, արդար: Եթե ուզում ենք, որ բյուջեն մեծանա, պետք է արդար ծախսենք: Մենք չենք հանդուրժելու թալանը և բոլորիդ հրավիրում եմ կառուցողական աշխատանքի»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այն պահանջները, որոնք առաջադրում է ուրիշների նկատմամբ՝ առաջին հերթին առաջադրում է ինքն իր նկատմամբ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունում այժմ քննարկվում է վերը նշված միջոցներն առանց համայնքների ֆինանսական մասնակցության տարբեր ծրագրերում ներդնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով դրանց արդյունավետության մակարդակը: 

Համայնքների ղեկավարները ներկայացրել են ճանապարհաշինության, միջհամայնքային տրանսպորտի ապահովման, համայնքների խոշորացման, հրատապ խնդիրների լուծման հետ կապված տարբեր հարցեր: Քննարկվել են նաև կառավարության կադրային քաղաքականությանը, անվտանգ ճանապարհների ապահովմանը, գյուղատնտեսության սուբսիդավորմանը, մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը, պետական համակարգի օպտիմալացմանը, պետական եկամուտների ավելացմանը, նեդրումների ներգրավմանը վերաբերող թեմաներ: 
Կառավարության ղեկավարին Ոսկեպարում ներկայացվել է համայնքի գազիֆիկացման ծրագիրը, որն իրականցվել է ոսկեպարցի բարերարի հատկացրած միջոցների արդյունքում: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նրան կատարած աշխատանքի համար և հորդորել բարեգործության տրամաբանությունը փոխարինել աշխատանքի տրամաբանությամբ և դիտարկել համայնքում նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը: