կարևոր
2776 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-05 12:06
Քաղաքական

Փաշինյանը Արցախը տվեց հանուն թղթի, բայց Ալիևը դրանով չի բավարարվելու, դրա համար Գրանադա չգնաց

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ ադրբեջանական ագրեսիայի օրերին Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է  ինչ-որ թուղթ  ստորագրել։

«Դրան նախորդել էր ՀՀ իշխանությունների ինչ-որ ազդանշանը Ադրբեջանին, որ իրենք որևէ կերպ չեն միջամտելու ադրբեջանական ագրեսիայից հայ ժողովրդին օգնելու հարցում, այսինքն՝ արցախցիներին թողնելու են ադրբեջանցիների բզկտմանը։

Դա նշանակում է՝ Արցախը կտանք հանուն ինչ-որ թղթի։ Հավանաբար, հույս ունեին, որ Ադրբեջանը իր արյան  ծարավը կհագեցնի միայն Արցախով, բայց երեկվա Ալիևի դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու և լրացուցիչ պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին, ճիշտ այն, ինչի մասին մենք տարիներ ի վեր զգուշացնում ենք, որ միայն Արցախը խժռելով Ադրբեջանը չի բավարարվելու։ Ամենայն հավանականությամբ, առաջնային պահանջը եղել է, այսպես կոչված, անկլավները, որի «լեգիտիմությունը» Ադրբեջանին տվել է Փաշինյանը՝ ասելով, որ այդ անկլավները կան, փողոցներում հրապարակվեցին քարտեզները, նկարները», - ասաց պատգամավորը։

Նա ավելացրեց, որ նաև միջանցքի խնդիր է դրվել։