Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին և կոալիցոն կառավարության բոլոր անդամներին նախ շնորհակալություն հայտնեց 1,5 տարվա արդյունավետ աշխատանքի համար:
«Կարծում եմ` ձեր գործունեության առաջին արդյունքներն ակնհայտ ու հուսադրող են»,- ասաց նա, ապա հավելեց. «Նոր կառավարության կազմավորումից առաջ կուզեի ամփոփեիք` որոնք են այս կառավարության հիմնական հաջողությունները, ձեռք բերված տնտեսական ցուցանիշները, որ ուղղություններով անելիքներ շատ ունենք, որպեսզի սկսված վճռական բարեփոխումները դառնան որակական ու հասանելի Հայաստանի քաղաքացիների ավելի լայն հատվածի»:
Կարապետյանն ասաց, որ շնորհակալ է հարցի և գնահատականի համար: «Ցավոք, այն թվերը, որ ունենք, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի չի զգում, բայց կամայական տնտեսական համակարգի համար այդ թվերը բավականին հուսադրող են, և ինչ-որ առումով մենք չենք թաքցնում, որ մեր կոալիցիոն թիմը բավարարվելու իրավունք ունի: ՀՆԱ-ի 7,5 % աճ, արդյունաբերության 12,6% աճ, 25 % էքսպորտ, 29 % իմպորտ, 28% արտաքին առևտրաշրջանառություն և այլն»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ առաջին երեք ամիսը դեռ ամփոփված չեն, բայց երկու ամսվա տվյալներով` ունեն տնտեսական ակտիվության աճ` 8,6 %, որը ենթադրում է որ ՀՆԱ-ն դրան մոտ պիտի լինի:
«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նրան, որ մենք ունենք, որոշակի առումով, ֆորսմաժորային իրավիճակ, որ Թեղուտի մեր համապատասխան ձեռնարկությունը չի աշխատում, որը շատ մեծ կշիռ էր: Այս պարագայում էլ երկու ամսվա համար ունենք տնտեսության 8,6 % աճ, 43% էքսպորտի, 45% իմպորտի և արտաքին առևտրաշրջանառության աճ»,- հայտնեց նա:
Կարապետյանի խոսքով` յուրաքանչյուր գերատեսչություն և նախարարություն, մակրո առումով, ունի իր տեսլականը, թե ուր պետք է գնա:
«Մենք բավական երկար աշխատել ենք «20, 30» ծրագրի վրա, որը ներկայացրել ու զեկուցել ենք հանրապետության նախագահին և մոտ ժամանակներս կներկայացնենք հանրային քննարկումների: Կարծում եմ, որ մեր քաղաքացիները բավարարված կլինեն, որ տեսնեն` ինչ նշաձող ենք այնտեղ հայտարարում: Շատ ամբիցիոզ և բավականին քրտնաջան ու հետևողական աշխատանք պահանջող ծրագիր է: Այն ծանրաձող է, բայց` իրագործելի, մենք մեր մաքսիմալ ներուժը պետք է ներգրավենք: Ծրագրով սահմանված է` ինչպես ենք բիզնես պլանները փոխելու, ոնց ենք կառուցելու մեր վաղվա օրը` բոլոր ոլորտների հետ կապված: Եվ մենք համոզված ենք, որ մոտակա տարիներին ունենալու ենք տնտեսական աճ, որը չափազանց կարևոր է, և որի համար մենք երկար հորիզոնով, ֆունդամենտալ փոփոխություն պետք է անենք»,- ասաց վարչապետը:
Կարապետյանը նաև նշեց, որ ակնկալում են Սահմանադրության փոփոխությամբ և նոր կառավարման համակարգի անցմամբ ունենալ քաղաքական որոշակի երկկխոսություն, որը իրավունք կտա երկարատև բաներ անելու և պոպուլիզմին քիչ տեղ տալու: