Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գրքի շապիկի խորհրդանիշը ուշադրություն է գրավում, ինչպես նաև գիրքը, որը ամբողջական տեղեկատու աղբյուր է նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել համշեներեն (հայոց լեզվի Համշենի բարբառը-Ակունքի խմբագրություն)։ Գրքի շապիկը, որի վրա նկարիչ Մեջիթ Չելիքթաշի «Հյուր» կոչվող փայտե դռան փորագրությունից հատված է պատկերված, արդեն իսկ ընթերցողին հրավիրում է դեպի գիրքը։
Էվրիմ Քեփենեք
Համշեներենի ուսումնասիրող Մահիր Օզքանի կապը այդ լեզվի հետ սկիզբ է առել մանկությունից: Հեքիաթներն ու Համշենի օրորոցային երգերը, որոնք լսում էր մորից, ուղեկցել են նրան իր ողջ կյանքի ընթացքում։ Օզքանը, ով անհետացման եզրին գտնվող համշեներենով պատմություններ է գրում և թարգմանում, այսպես ասած, համշենյան մշակույթի իսկական մարտիկ է։
Օզքանը քերականական գիրքը պատրաստել է՝ ընդլայնելով համշեներենի դասընթացի շրջանակը, որը նա երկար տարիներ դասավանդել է Համշենի ՀԱՏԻԿ-ում։ Նա շեշտում է․ «Մենք պետք է մեծացնենք մեր երեխաներին երկլեզու և եռալեզու, այնքան լեզուներով, որքան նրանք կարող են սովորել: Առաջնահերթ՝ մայրենի լեզուն,- և հավելում,- Դա նույնպես իրավական երաշխիքով պետք է ապահովվի»։
Կպատմե՞ք գրքի շապիկի մասին։ Այն ի՞նչ նշանակություն ունի համշենցիների համար։
Այս խորհրդանիշը վերցված է մեր ընկերոջ՝ նկարիչ Մեջիթ Չելիքթաշի կողմից պատրաստված դռնից։ Այն օգտագործվում է տանը: Սա փայտե փորագրված դուռ է և դռան վրայի զարդն արևի խորհրդանիշն է՝ հավերժական արևի սիմվոլը։ Այս խորհրդանիշն օգտագործում են համշենցիները, հայերը, լազերը և վրացիները։
Այն այլ ժողովուրդների կողմից էլ է օգտագործվում: Շատ հին խորհրդանիշ է։ Անսահման արևային էներգիան է խորհրդանշում։ Ծաղկի այս խորհրդանիշը դեռևս օգտագործվում է Համշենի մզկիթներում, տներում և եկեղեցիներում:
Մեջիթը միացրեց այս երկուսը, այսինքն՝ ծաղիկը դրեց հավերժական արևի մեջ։ Ինձ շատ դուր եկավ: Ստացանք նրա թույլտվությունը և այն պատկերեցինք շապիկին:
Անդրադառնալով գրքին՝ այս աշխատությունը որքա՞ն ժամանակվա աշխատանքի արդյունք է։
Գիրքն սկսեց կազմավորվել 2014 թ․, երբ սկսեցի համշեներենի դասեր տալ ՀԱՏԻԿ-ում։ Կարող եմ ասել, որ այն գրքի վերածելու ուղղությամբ սկսել եմ աշխատել 2018 թվից։ ՀԱՏԻԿԻ-ում լեզվի դասավանդման գրառումները լրացված և վերածված են ուսումնական նյութի։
«Գիրքը փաստացի ներդրում է համշեներենի ուսումնասիրության մեջ»
Ինչպե՞ս առաջացավ գիրքը պատրաստելու անհրաժեշտությունը։
Ուսումնասիրությունը, որը բացահայտում է համշեներենի ամբողջ քերականական կառուցվածքը, այն համեմատում է թուրքերենի և հայերենի հետ։ Համշեներենի մասին քննարկումները փաստացիորեն գծագրելու անհրաժեշտությունը այս աշխատության առաջացման պատճառներից մեկն է։ Եվս մեկը, իհարկե, ռեսուրս ստեղծելն է նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել համշեներեն:
Գրքի գաղափարն իրականում առաջացել է նյութերի անհրաժեշտությունից, երբ ես սովորեցնում էի համշեներեն: Ամեն դասից առաջ պատրաստում էի տվյալ նյութը։ Ամեն դասից առաջ վերհանում էի այն թեման, որին պատրաստվում էինք անդրադառնալ այդ օրը, և պատրաստում էի գրառումները։
Որոշ ժամանակ անց այդ գրառումները սկսեցին չբավականացնել։ Մենք սկսեցինք հրապարակել գրառումները Համշենի պատմության, լեզվի, մշակույթի ամսագիր GOR-ում: Հետո, երբ այս գրառումները կուտակվեցին, ցանկացա դրանք գիրք դարձնել։
Առաջին նպատակս ինքնուսույց պատրաստելն էր։ Այն որպես դասագիրք էի դիտարկում: Հետո, իհարկե, մի քիչ ընդլայնվեց։
Հետագայում այն հրատարակվեց, որպեսզի համշենցիները տեղեկանան սեփական լեզվի արմատների մասին։
Կարծում եմ, որ այս գրքի երրորդ գործառույթը կլինի սա. այն կլինի տեղեկատու աղբյուր նրանց համար, ովքեր մտադիր են գիտական հետազոտություններ կատարել համշեներենի մասին։
Քանզի համշեներենի ամբողջ քերականական կառուցվածքը ներկայացված է՝ թե՛ թուրքերենի, թե՛ արևմտահայերենի համեմատությամբ։
Հետևաբար, կարծում եմ, որ դա լավ աղբյուր կլինի այն մարդկանց համար, ովքեր կուսումնասիրեն համշեներենը։ Կարծում եմ՝ գրքի տեքստային օրինակները նույնպես որպես աղբյուր կծառայեն գիտության համար։ Թեև գիտական շրջանակներում համշեներենի նկատմամբ հետաքրքրությունը բավարար չէ, սակայն այն կամաց-կամաց մեծանում է։ Հուսով եմ և ցանկանում եմ, որ իմ գիրքը օգնի այդ ուսումնասիրություններին:
Համշեներենի և հայերենի փոխառնչությունը
Հետաքրքիր է՝ ինչո՞ւ էիք ուզում դիտարկել թուրքերի և հայերի կապերը։
Համշեներենի մասին քննարկումներում մարդիկ հիմնականում դատողություններ են անում՝ ելնելով իրենց գաղափարական նախապաշարմունքներից։ Փաստերի վրա հիմնված ուսումնասիրություններ կատարող մարդկանց թիվը շատ փոքր է:
Ուստի, ես ուզում էի փաստացի ցույց տալ համշեներենի և հայերենի հարաբերությունների մակարդակը։
Այս գրքում հնարավոր եղավ նաև տեսնել բոլոր ժամանակաձևները, ինչպես նաև առօրյա կյանքում օգտագործվող բառերի, նախդիրները, ածականների, մակդիրների, հիմնական բառերի սպառման եղանակները, համեմատաբար հայերենի շուրջ չորս հարյուր հիմնական բայերի հետ, և քանի որ գրքի պատմողական լեզուն թուրքերենն է, կարելի է դա տեսնել նաև թուրքերենի համեմատությամբ։
Այդ դեպքում կարելի է ասել, որ սա ավելի փաստական ուսումնասիրություն է համշեներենի մասին…
Այո՛, իհարկե։ Մարդիկ, ովքեր կխոսեն համշեներենի մասին, հնարավորություն ունեն ըստ էության հիմնվել փաստերի վրա: Փաստերի վրա հիմնված բան է պետք ասել, սա այն հարցը չէ, որի մասին կարելի է խոսել նախապաշարմունքներով կամ կարծիքներով։
Ի՞նչ դիրքում է համշեներենը հայերենի հետ նմանության առումով։
Քանի որ համշենցիների մեծ մասն ապրում է առանց հայերի հետ շփվելու, և Թուրքիայում հայկական ինքնության վերաբերյալ նախապաշարմունքներ կան, այս հարցը նրանց միջև մշտական բանավեճի առարկա է:
Առանց հայերենի երբևէ առնչվելու կարո՞ղ եք ասել. «Ի՞նչ կապ ունի մեր լեզուն հայերենի հետ»: Ոչ, իհարկե։ Նրանք նման ռեֆլեքսներ են ցույց տալիս՝ կախված իրենց գաղափարական իրավիճակից։
Ոմանք ասում են «գուցե», բայց ոմանք, թերևս շատերը, ասում են՝ «ոչ», «ոչ մի կապ չկա»։ Բայց կրկնեմ՝ նրանք երբեք հայերենի հետ չեն առնչվել։
Շա՞տ են նմանություններն ու տարբերությունները հայերենի և համշեներենի միջև։
Հիմա այս գրքի միջոցով երևի համշենցի ընթերցողը կնկատի, թե իր ասած բառն ինչպես է ասվում հայերեն։ Տարբերություն կա նաև բանավոր լսելու և տեսնելու միջև: Քանի որ այս երկու արտաբերությունների միջև կան ձայնային տարբերություններ։
Համշեներենում տեղի են ունեցել որոշ ձայնային փոփոխություններ, որոնք մենք օգտագործում ենք Սևծովյան տարածաշրջանում՝ պայմանավորված սևծովյան լեզվական առանձնահատկություններով։ Քանի որ հայերենը հարյուրավոր տարիներ եղել է ստանդարտ, գրավոր լեզու, իհարկե, նրանք խոսում են գրավոր լեզվին ավելի մոտ:
Հետևաբար, խոսքի մեջ տարբերություններ կան՝ պայմանավորված այն տառերով, որոնք մենք կուլ ենք տալիս և փոխում: Ահա թե ինչու խոսելիս, չնայած նույն բառը լսում ես, այդ բառը քեզ կարող է հեռավոր թվալ։ Դուք կարող եք մտածել, թե լսել եք մեկ այլ բառ: Բայց երբ տեսնում ես այդ խոսքերը գրված, կարող ես ասել՝ «վայ, այս բառը փոխվել է, վայ, այս մեկն այսպիսին է»։
Դուք ավելի լավ եք հասկանում բառը, երբ այն գրված եք տեսնում: Ուստի, ինչպես գրված է այստեղ գրքում, ինձ համար հնարավոր էր նաև համեմատել հայերենի հետ։
Ի վերջո, համշեներենն ու հայերենը նույնը չեն։ Համշեներենն ամուր կապ ունի հայերենի հետ։ Համշեներենը հայերենի բարբառ է։ Գրքում տեղ գտած տվյալները հստակորեն բացահայտում են դա։
Բայց բնականաբար, որպես գրի չառնված բարբառ, այն ունի տարբերություններ ստանդարտ լեզվից, ուստի չենք կարող ասել, որ նրանք միանգամայն նույնն են։
Մի աղբյուր է ի հայտ եկել, որը բացահայտում է տարբերությունները, բայց նաև թույլ է տալիս մեզ տեսնել այդ տարբերությունների չափը, տեսնել, թե որքանով են նույնությունն ու նմանությունը, և որքանով է տարբերությունը:
Ինքներդ ինչ-որ բան գրե՞լ եք, թե՞ ուսումնասիրել եք:
Հիմա իմ մայրենի լեզուն համշեներենն է։ Իհարկե, գրքի գրեթե բոլոր համշեներեն բառերը գրել եմ Համշենում՝ իմ սեփական երգացանկից։ Սակայն, իհարկե, իմ հետազոտության ընթացքում հայտնվեցին խոսքեր, որոնք ես դեռ չգիտեի:
Օրինակ, կապույտ գույնը Համշենում շատ քիչ վայրերում կոչվում է «գաբուդ»: Դրա համար էլ գրեցի ե՛ւ կապույտ, ե՛ւ գաբուդ։ Ես դա գիտեմ որպես «կապույտ»: Ես, օրինակ, գաբուդ բառը չգիտեի։ Բայց մինչ ես ուսումնասիրում էի գույները, գրքի ուսումնասիրության ժամանակ իմ հարցազրույցների ժամանակ իմացա, որ կապույտը Ռիզեում կոչվում է գաբուդ: Այս բառը նշված է նաև Հասան Ուզուն Հասանօղլուի կողմից գրված «Թիթեռ» կոչվող բառարանում։
Շատ բաներ կային, որ ես սովորեցի գրքի պատրաստման ընթացքում:
Ինչ վերաբերում է հայերենին, իհարկե, գիրքը զարգացրել եմ հայերենի միջոցով։ Քանզի, ինչպես հայտնի է, ես պետք է դիտարկեի Համշենի ամեն երևույթի և առարկայի հայերեն տարբերակները։
Մեծ փորձ էր սովորել հայերեն բառերի և համշեներեն բառերի փոխհարաբերությունները: Երբեմն նույնիսկ կարող ես հասկանալ հայերեն բառը, որը չգիտես: Օրինակ հեռախոս։ Համշեներեն հեռու, և խոսուշ՝ խոսել։ Այսպիսով, դուք հասկանում եք, որ դա նշանակում է հեռախոս (հեռավոր խոսող), թեև դա բառ է, որը մենք ընդհանրապես չենք օգտագործում:
Իհարկե, հայերենի հատվածները ես չկարողացա պատրաստել, որովհետև մասնագիտական գիրքը պետք է մասնագետը հեղինակի։ Ուստի «Արաս» հրատարակչութան խմբագիրներից Սեւան Դեյիրմենջյանը պատրաստել է հայերեն հատվածները։ Գրքի խմբագիրն է Ռոբերտ Քոփթաշը։ Հիքմեթ Աքչիչեքը նույնպես ուղղումներ ու վերջնական ընթերցումներ է կատարել համշեներեն հատվածներում։ Ի դեպ, ես նրանց բոլորին երախտագիտության պարտք ունեմ։
Իհարկե, գրքում դեռ կարող են լինել բացթողումներ ու սխալներ։ Մենք շատ ուրախ կլինենք, եթե ինչ-որ մեկը մեզ ցույց տա ու ասի՝ «Նշում եք, թե այսպես է, բայց իրականում այսպես է»։
Ձեր կարծիքով՝ ո՞ր գլուխն է գրքի ամենակարևոր մասը:
Քերականական կառուցվածքների հետ կապված մասերն արդեն տալիս են ամբողջ քերականությունը։ Սա կարևոր է։ Այն տալիս է ամբողջ քերականական կառուցվածքը: Բացի դրանից, ինձ համար ամենակարևորը այն հատվածն է, որտեղ ներկայացված են հիմնական բայերը, ինչը նույնպես զարմացրեց ինձ։
Չորս բաժիններում ես քննեցի նաև հիմնական բայերը: Առաջինը համշեներենում և հայերենում տարածված բայերն են։ Երկրորդը հայերենն է, և բայերը տարբեր իմաստներով են օգտագործվում համշեներենում և հայերենում։ Երրորդ տեղում այն բայերն են, որոնք նույն ձևով մտել են համշեներեն և հայերեն, եկել են օտար լեզուներից, բայց գործածվում են նույն կերպ։ Չորրորդը այն բայերն են, որոնք օտար լեզուներից մուտք են գործել համշեներեն, բայց հայերենում չեն գործածվում։
Կնկատեք, որ այս չորս հարյուր և ավելի բայերի մեծ մասն օգտագործվում է այնպես, ինչպես հայերենում: Ամենակարևոր տարրերից մեկը, որը ցույց է տալիս լեզվի որակը, այդ լեզվում օգտագործվող հիմնական բայերի ծագումն է։ Ուստի սա մի հատված է, որը հստակ ցույց է տալիս, որ համշեներենը հայերենի բարբառ է։
Այն փաստը, որ հիմնական բայերի այս թիվը նույնն է երկու լեզուների միջև, այլ կերպ չի կարող բացատրվել:
Այսպիսով, ի՞նչ կասեն համշենցիներն այն մասին, որ իրենց լեզուն հայերենի բարբառ է։
Ժողովրդի վերաբերմունքը սեփական լեզվի և ինքնության նկատմամբ կորոշի, թե արդյոք այս լեզուն մի օր լինելու է կրթության և գրի լեզուն։
Ես համշեներենն անվանում եմ հայերենի բարբառ։ Ինչո՞ւ։ Քանի որ գիտականորեն ճիշտ է։ Դա են ցույց տալիս նաև մինչ այժմ կատարված գիտական ուսումնասիրությունները։
Իմ կատարած ուսումնասիրությունը նույնպես դա է մատնանշում: Ուստի, ես այն անվանում եմ հայերենի բարբառ։ Բայց մարդիկ, ի վերջո, ինչ-որ չափով գաղափարական էակներ են։ Արդյոք հանրությունը դա կընդունի՞։ Կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ ոչ, մենք այդպես չենք ընդունում։
Նույնիսկ կարող են լինել այնպիսիք, ովքեր ասում են, որ չեն ընդունում այս լեզուն, և կարող են լինել այնպիսիք, ովքեր կամովին նախընտրում են մոռանալ մայրենին:
Սա լեզու է, որը կապ չունի դրա հետ։ Ոմանք կարող են ասել՝ ինձ համար ի՞նչ կապ ունի, մեր լեզուն լրիվ ուրիշ է։ Տեքստը ներկայացրի լեզվի քննարկմանը։ Մարդիկ պետք է որոշեն, թե այս տեքստի հիման վրա ինչպես մեկնաբանեն այդ տեքստը:
Ինչպիսի՞ն է հետաքրքրությունը գրքի նկատմամբ:
Այն պահից, երբ ես հայտարարեցի, որ գիրքը կհրատարակվի, այն սկսեց առցանց պատվերներ ընդունել։ Այնուհետ կրկին բուռն հետաքրքրություն առաջացավ։ Մենք՝ համշենցիներս, փոքր համայնք ենք։ Իհարկե, մենք գիտենք, որ նման գիրքը հեշտությամբ չի սպառվի։ Բայց ժամանակի ընթացքում կարծում եմ, որ այն կգտնի իր արժանի տեղը: Կարծում եմ՝ գիրքը կհասնի մեր հասարակությանը։
Շատ համշենցիներ այսօր չեն խոսում այս լեզվով, իհարկե դրա համար շատ պատճառներ կան: Ի՞նչ եք մտածում այդ մասին։
Իհարկե, դրա համար շատ պատճառներ կան: Քաղաքական, պատմական, տնտեսական պատճառներ։ Սակայն ամենակարեւոր պատճառներից մեկը մեր երկրում հայկական ինքնության ընկալումն է։ Քանի որ համշեներենը կապվում է հայկական ինքնության հետ, որոշ մարդիկ հեռացել են այս լեզվից։ Հայտնի են Թուրքիայում հայկական ինքնությամբ ապրելու դժվարությունները։ Այս ինքնության հետ հարաբերությունների կորստի պատճառներից մեկն, իհարկե, այն է, որ համշենցիները մուսուլման են եղել ավելի քան 300 տարի:
Ուստի, կարծում եմ, այս իրավիճակին պետք է որոշակի ըմբռնումով մոտենալ։ Բայց մենք, ի վերջո, հիմա այլ դարաշրջանում ենք։ Ուրեմն, ժողովրդավարությունը ինչպե՞ս կարող է երկրում տարածվել՝ այս հարցերը փակի տակ պահելով։ Եթե ժողովրդավարությունը պետք է զարգանա այս երկրում, այն կգա մի իրավիճակում, երբ մարդիկ կարող են ազատորեն խոսել իրենց ինքնության և պատմության մասին:
Ուստի, կարծում եմ, որ սա ներդրում է այն հարցում, որ կարողանան խոսել այն թեմաներով, որոնց անդրադառնալ դժվարանում են։ Ի վերջո, համշեներենը այս հասարակության, թուրքական հասարակության մի մասն է։ Այս մասին համշենցի համայնքի ոչ մի հատվածում երկմտանք չկա:
Համշենցիները ցանկանում են այս երկրում ազատ ապրել իրենց ինքնությամբ։ Նրանք չեն ցանկանում խորշել սեփական լեզվից։ Մեր նպատակն է դա մատնանշել։
Մենք փորձում ենք ցույց տալ, որ դա կարելի է անել, սրա մասին կարելի է խոսել։ Միգուցե, երբ այդ մասին խոսվի, մարդիկ վստահ ասեն՝ «Այո՛, մենք ուզում ենք մեր լեզուն սովորել»։
Երկրում մարդու համար սարսափելի բան է խուսափել և վախենալ սեփական լեզվից ու ինքնությունից։ Ամոթ է այս երկրի ժողովրդավարությանը։ Եթե ուզում ենք, որ մեր երկրում ժողովրդավարությունը զարգանա, պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծենք, որտեղ ոչ ոք չի վախենա իր ինքնությունից։ Իհարկե, այսօր 1970-ականների, 1980-ականների, 1990-ականների նման մթնոլորտ չկա, բայց դեռ շատ քայլեր կան անելու։
Ի՞նչ եք կարծում, ընտրովի դասընթացներին այս լեզուների ավելացումը դեպի առաջ քա՞յլ է:
Ընտրովի դասընթացի քայլն, իհարկե, կարևոր է, բայց, ցավոք, այն համարժեքորեն չի արձագանքում այս լեզուների կրթական կարիքներին: Վարչական և տեխնիկական դժվարությունները խանգարում են, որ այն նախընտրելի լինի։
Ուսուցիչները քիչ են։ Այլ դասընթացները խրախուսվում են: Բացի այդ, աշակերտների պահանջարկը մնում է ցածր: Ծնողները տատանվում են՝ մտածելով, թե իրենց երեխային կձայնագրեն, երեխայի հետ ինչ-որ բան կպատահի, նրա համար ապագայում խնդիրներ կլինեն։
Դրա համար էլ նման մթնոլորտ չկա։ Հետեւաբար, դա այնքան էլ օգտակար չէ: Այս խնդիրը լուծելու է լեզվական իրավունքի օրինական երաշխիքը։
Թուրքիային անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ Իրավական երաշխիքներ տալով՝ Թուրքիան ընդունում է Թուրքիայում օգտագործվող լեզուները՝ որպես սեփական պատմության հարստություն։ Եվ աջակցում է այս լեզուների օգտագործմանը: Սա պետք է սահմանադրական հիմք գտնի։ Այն պետք է օգտագործվի որպես ծառայության և կրթության լեզու տեղական համայնքներում:
Աշխարհում այլևս չկան մեկ լեզվով խոսող երեխաներ: Մարդիկ բազմալեզու են մեծանում։ Ամենուր։ Ինքներդ մտածեք, օրինակ, բոլորս չե՞նք փորձում անմիջապես անգլերեն սովորեցնել մեր երեխաներին։
Չե՞նք ուզում, որ նա երկրորդ օտար լեզու սովորի։ Դե, հիմա մեր երեխաները պետք է իրենց մայրենի լեզուն սովորեն իրենց սեփական քաղաքներում, ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Հիմա ասում են՝ ո՞նց ենք միմյանց հասկանալու, եթե բոլորը ուրիշ լեզու սովորեն։ Ի՞նչն է ձեզ ստիպում մտածել, որ համշեներեն սովորող մարդը չի կարող թուրքերեն սովորել:
Երեխան կգնա դպրոց, կսովորի համշեներեն, հայերեն, քրդերեն և լազերեն։ Նա կսովորի՝ որն ուզենա։ Այսպիսով, նա կսովորի իր մայրենի լեզուն:
Բացի այդ, նրանք կսովորեն պետական լեզուն՝ թուրքերենը, մեկ այլ համընդհանուր լեզու, և մեր երեխաները դպրոցները կավարտեն առնվազն որպես 3 լեզվի տիրապետող։ Մենք պետք է կարողանանք դրան նայել այս տեսանկյունից: Այդ դեպքում մենք ստիպված չենք լինի վախենալ մեր լեզուներից։ Ի՞նչ կլինի, եթե հիսուն հազար, վաթսուն հազար համշենցիներ բոլորը համշեներեն խոսեն։ Այս մարդիկ կարո՞ղ են գոյատևել Թուրքիայում միայն համշեներեն խոսելով։ Դա հնարավո՞ր է։ Իհարկե ոչ․ թուրքերեն էլ կսովորեն։
Հետեւաբար, մենք չպետք է վախենանք սրանից։ Մենք պետք է մեր երեխաներին դաստիարակենք երկլեզու և եռալեզու, այնքան լեզուներով, որքան նրանք կարող են սովորել: Հատկապես մայրենի լեզուն։ Սա նույնպես պետք է ապահովվի օրինական երաշխիքով։
Ահա թե ինչու նման ուսումնասիրություններն անշուշտ արժեքավոր են, բայց լեզվի անհետացումը դրանցով կասեցնել հնարավոր չէ։ Լեզվի անհետացման կասեցումը իրականում վերաբերում է իրավական երաշխիքին, իրավական երաշխիքի տրամադրմանը և աջակցությանը: Խոսքը պետության ժողովրդավարական վերափոխման մասին է։
https://bianet.org/haber/mahir-ozkan-dan-hemsince-gramer-kitabi-283741
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net