կարևոր
6547 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-12 17:15
Տարածաշրջան

Թուրքիայի քանի՞ համշենահայ է պատգամավորության թեկնածու առաջադրել․ Մահիր Օզքանի անդրադարձը

Թուրքիայի քանի՞ համշենահայ է պատգամավորության թեկնածու առաջադրել․ Մահիր Օզքանի անդրադարձը

Այս կիրակի՝ մայիսի 14-ին, Թուրքիայում նախատեսվում են ընտրություններ, որոնց արդյունքները կարող են որոշիչ լինել ոչ միայն այդ երկրի ներքաղաքական, այլ նաև՝ արտաքին քաղաքականության ուղեգծի հարցում։ Դա է պատճառը, որ դրանք հետաքրքրում են նաև համայն հայությանը։ Ինչպես հայտնի է, այս անգամ Թուրքիայում պատգամավորության թեկնածու է առաջադրվել 3 քրիստոնյա հայ՝  Սևան Սըվաջըօղլուն, Մարգարիտ Դիքմեն և Մասիս Քյուրքչյուգիլը։ Իսկ արդյոք պատգամավորների թեկնածուների շարքում կա՞ն համշենահայեր։ Այդ հարցը հոդվածի միջոցով լուսաբանել է համշենահայ մտավորական Մահիր Օզքանը։

Akunq.net-ի փոխանցմամբ՝ «Համշենցի թեկնածուները և ժողովուրդների ներկայացվածությունը» վերնագրով հոդվածում Մահիր Օզքանը գրում է, որ նման թեկնածու է, օրինակ, Սերփիլ Թոփալը՝ Կանաչ ձախ կուսակցությունից։ Նա առաջադրվել է Թուրքիայի Քոջաելի նահանգից։ Աշխատել է կրթության ոլորտում։ Սերփիլ Թոփալը Մահիր Օզքանի հետ զրույցում շեշտել է, որ նախընտրել է այդ կուսակցությունը, քանի որ վերջինս մինչև վերջ բացել է իր դուռը ոչ թուրք ժողովուրդների առաջ։ Նա նշել է, որ Արդարություն և զարգացում կուսակցության վարած ասիմիլացիոն քաղաքականությունից տուժել է նաև համշենցի ժողովուրդը և հավելել, որ նախընտրական գործընթացի ժամանակ ինքը ամեն պատեհ առիթի արտահայտել է իր համշենական ինքնությունը և, իր կարծիքով, համշենցիները բավարար չափով ճանաչված չեն Թուրքիայում։ Նա նաև հայտնել է, որ թեև հասկանում է համշեներենը (հայոց լեզվի Համշենի բարբառը-Ակունքի խմբ․), սակայն դժվարանում է խոսել իր մայրենիով։ Այնուամենայնիվ, խոստացել է ընտրական աշխատանքների ժամանակ օգտագործել նաև համշեներենը։

Մեկ այլ թեկնածու է դարձյալ Կանաչ ձախ կուսակցությունից և Արդվին նահանգից առաջադրված Սաբրի Վայիչը։ Նա աշխատում է Խոփայի ավտոկայարանում և միևնույն ժամանակ զբաղվում է թեյի մշակման գործով։ Սաբրի Վայիչը Մահիր Օզքանի հետ զրույցում ընդգծել է, որ քիչ բնակչություն ունեցող ժողովուրդները ներկայացվածության առումով խնդիրների են բախվում և հավելել․ «Մեր լեզուն անհետանալու շեմին է։ Այդ խնդիրը շատ կարևոր է ինձ համար։ Մինչ օրս համշեներեն խոսող պատգամավորի երբեք չեմ հանդիպել։ Այս թեկնածությունս կարևորում եմ նաև մեր լեզվի, մեր մշակույթի ներկայացման տեսանկյունից»։

Մեկ ուրիշ համշենահայ թեկնածու է համայն հայությանը քաջածանոթ Ջեմիլ Աքսուն։ Նա նույնպես Կանաչ ձախ կուսակցությունից է և առաջադրվել է Ստամբուլից։ Ջեմիլ Աքսուն խոփացի է։ 2008 թ․ ի վեր ակտիվ գործունեություն է ծավալել էկոլոգիական խնդիրների մասին հանրությանը տեղեկացնելու առումով։ Նա նաև ուսումնասիրություններ ունի համշենցիների և Արդվինի հայերի պատմության թեմաներով։ Ջեմիլ Աքսուն ընդգրկված է համշենական «Գոր» ամսագրի խմբագիրների կազմում։ Աքսուն Մահիր Օզքանի հետ զրույցում նշել է, որ Թուրքիայում ժողովրդավարական ընտրական համակարգ գոյություն չունի, և որ հայերը, հրեաները, լազերը, վրացիները, չերքեզները, գնչուները և բազմաթիվ այլ ժողովուրդներ արհամարհվել են «Մեկ լեզու, մեկ մշակույթ» համակարգի կողմից, և որ այդ ժողովուրդները ներկայացվելու հարցում բազմաթիվ արգելքների են հանդիպում։ Ջեմիլ Աքսուն նաև հավելել է, որ ընտրվելու դեպքում մեծ կարևորություն է տալու նաև էկոլոգիական հարցերին և ափսոսանք հայտնել, որ իր կուսակցության մեջ քրիստոնյա հայեր չկան։

Հոդվածի վերջում հեղինակը չի բացառում, որ կարող են առաջադրված լինել նաև այլ համշենցիներ, որոնց մասին ինքը տեղեկացված չլինի։

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net