Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ ընթերցողներիս քաջածանոթ Մահիր Օզքանի 5-ամյա դուստրը՝ Լուսին Սուլթանը, Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ հարցազրույց է տվել թուրքական Bianet.org լրատվակայքին։ Ստորև Akunq.net-ը թուրքերենից թարգմանաբար ներկայացնում է ամբողջական հարցազրույցը․
Էվրիմ Քեփենեք
5-ամյա Լուսին Սուլթան Օզքանը համշեներեն լեզվի (հայոց լեզվի Համշենի բարբառի-Ակունքի խմբ․) ուսումնասիրող, գրքերի հեղինակ և ուսուցիչ հոր հետ համշեներեն է խոսում և իր իմացած համշեներեն բառերը սովորեցնում է մորը՝ Թուղչե Մերիչ Օզքանին։
Լուսին Սուլթանը բազմաթիվ բառեր կարողանում է 4 տարբեր լեզուներով արտահայտել։
UNESCO-ի՝ անհետացման վտանգի տակ գտնվող լեզուների ցանկում ընդգրկված համշեներենի պահպանման համար պայքարող Մահիր Օզքանը, Թուղչե Մերիչ Օզքանը և Լուսին Օզքանը ուղղակի ներշնչանքի աղբյուր կարող են լինել բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են իրենց մայրենի լեզվի պահպանման, տարածման և ընտանիքի ներսում կիրառման համար։
Համշեներենով պատմվածքների, բանաստեղծությունների և թարգմանությունների միջոցով Համշենի բնակչության համար արժեքավոր աշխատանքներ կատարած Մահիր Օզքանը և ուսուցչուհի Թուղչե Մերիչ Օզքանն այս անգամ էստաֆետը փոխանցում են իրենց դստերը՝ Լուսինին, ճիշտ այնպես, ինչպես որ փոխանցել են մայրենի լեզվով խոսելու հաճույքը․․․
Լսում ենք Լուսին Սուլթան Օզքանին․
Նախ կարո՞ղ ես ներկայանալ։
Անունս Լուսին Սուլթան է։ Ես սիրում եմ կատուներին ու շներին։ Ինձ դուր են գալիս կապույտ ու վարդագույն գույները, և ես 5 տարեկան եմ։ Ներկա պահին դպրոց չեմ գնում, որովհետև մի քիչ հիվանդ եմ։ Արդեն իսկ դասերը հետաձգվել են (կարանտինի պատճառով)։
Քո կարծիքով՝ ի՞նչ է նշանակում 2 լեզուներով մեծանալը։ Կարո՞ղ ես բացատրել։
Երբ ասում եմ՝ երկու լեզուներով մեծանալ, նախ ցանկանում եմ համշեներեն ու թուրքերեն առաջին բառերս մտաբերել։ Առաջին բառը, որ ասել եմ համշեներեն, «ջինջուղն» (ճնճղուկ) է եղել, իսկ թուրքերեն՝ «anne» (մայրիկ)։ Թուրքերենն ինձ համար ավելի հեշտ է, որովհետև համշեներենում դեռ շատ բառեր կան, որ չգիտեմ։ Թուրքերենում էլ կան բառեր, որոնք չգիտեմ։ Թեև ոչ՝ թուրքերենի չափ, այնուամենայնիվ դարձյալ հեշտ մի լեզու ևս գիտեմ՝ անգլերենը։
Երկու լեզվով մեծանալն ի՞նչ զգացումներ է արթնացնում։
Տարբեր, զարմանալի։ Շատ եմ սիրում համշեներենը ու թուրքերենը։ Ուզում էի անպայման ասել դրա մասին։
Ամենաշատը ու՞մ հետ ես համշեներեն խոսում։
Հայրիկիս ու հորաքրոջս։ Առայժմ դա բավարար է ինձ համար։ Մեկ ուրիշի կարիքը չկա, քանի որ հայրս արդեն իսկ ուսուցիչ է։ Սակայն նա դպրոցում ոչ թե համշեներեն է դասավանդում, այլ՝ փիլիսոփայություն։
Իսկ մայրիկդ գիտի՞ համշեներեն։
Շատ քիչ։ Գիտի, բայց ոչ՝ իմ ու հայրիկիս չափ։
Երբեմն համշեներեն խոսո՞ւմ ես մայրիկիդ հետ։
Քիչ, շատ քիչ։ Հազվադեպ, խիստ հազվադեպ։
Հայրիկիդ հետ որքա՞ն եք համշեներեն խոսում։
Շատ։ Շատ-շատ-շատ։
Իսկ պատահու՞մ է, որ թուրքերեն խոսեք հայրիկիդ հետ։
Երբեմն պատահում է։ Երբեմն մոռանում եմ համշեներեն բառերը և թուրքերեն եմ խոսում։ Բայց համշեներենն առանձնահատուկ լեզու է, գեղեցիկ լեզու է։ Ուզում եմ Ձեզ համար մի երգ երգել։
(Չորս լեզուներով երգելով՝ ավարտում է հարցազրույցը :))։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net