Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մահիր Օզքան
Համշեներենի մասին տեղեկությունների առաջին անգամ հանդիպում ենք տարածաշրջան այցելած ճանապարհորդների գրառումներում։ Բժշկյանն իր Պոնտոսի գրքում նշում է, որ իրենց Սյուրմենե գյուղում (պետք է որ Արաքլըի Քարադերեն լինի։ Ժամանակին այն կից էր Սյուրմենեին) համշենցիները խոսում են քաղաքաբնակներից տարբերվող հայերենով։ Այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Կարլ Կոխն և Մառը, իրենց գրքերում խոսում են այս լեզվի (համշեներենի կամ հայոց լեզվի Համշենի բարբառի՝ որպես առանձին լեզվի համարումը լեզվաբանության տեսանկյունից հակագիտական է․ սա ավելի շատ պայմանավորված է Թուրքիայում տիրող հակահայկական քաղաքականությամբ, ինչն էլ հարկադրում է մեր համշենցի ազգակիցներին նման եզրեր գործածել-Ակունքի խմբ․) մասին: Սակայն մեզ հայտնի ամենահին լեզվաբանական ուսումնասիրությունը Հրաչյա Աճառյանի աշխատությունն է։ Աճառյանը լեզվաբան է, ով դասակարգել է արևմտահայերենի և արևելահայերենի բոլոր բարբառները և ուսումնասիրություններ ունի այդ բարբառների վերաբերյալ։ Նա նաև ուսումնասիրություն ունի համշեներենի մասին։ Աճառյանն այս ուսումնասիրությունը կառուցել է Աբխազիայում ապրող քրիստոնյա համշենցիներից ստացած տվյալների հիման վրա։ Աբխազիայի համշենցիների գործածած համշեներենը մեծ չափով նույնն է մերինի հետ։ Հուսով եմ՝ առիթ կունենանք այն հնարավորինս շուտ թուրքերեն հրատարակելու։ Աճառյանից հետո համշեներենի վերաբերյալ հետազոտություն է հրապարակել հայտնի լեզվաբան Ժորժ Դումեզիլը։ Համշեներեն տեքստերի նմուշների վրա կատարված հայերենի հետ համեմատությունները, հնչյունաբանությունը, նախադասության կառուցվածքը և ծանոթագրությունները, հուսով եմ, շուտով հնարավոր կլինի հրատարակել թուրքերեն։ Ֆրանսերենից թարգմանությունը մեծ մասամբ ավարտված է։
Հեմշինջե, համշեցնակ, համշենահայերեն
Համշեներենի մասին իմ նոր հրատարակած գրքի շապիկին այս երեք անուններն են։ Շապիկին տեղ գտած այս երեք տարբեր անունների հանգամանքը պատկերացում է տալիս համշեներենի դիրքի մասին։ Համշեներենը մի լեզու է, որը դեռևս շարունակում է բանավեճի առարկա լինել: Այս քննարկումներում մարդիկ, առավելապես ըստ իրենց գաղափարական դիրքորոշման՝ տարբեր դիրքեր են բռնում։ Սա գրեթե անհնար է դարձնում օբյեկտիվ տվյալների վրա հիմնված գիտական քննարկումները: Երբ սրան գումարվում է ոլորտում ոչ բավարար ռեսուրսների խնդիրը՝ գործը մնում է նախապաշարմունքներին ու գաղափարական վերաբերմունքին։
Սոցցանցերում ու տարբեր ալիքներով համշեներենին ու հայերենին չտիրապետողները, համշեներեն իմացող, բայց հայերեն չիմացողները, երբեմն էլ հայերեն խոսող, սակայն համշեներենին չտիրապետողները չեն վարանում համշեներենի մասին կտրուկ դատողություններ անել։ Մի կողմ թողնելով նրանց, ովքեր անհեթեթաբար պնդում են, թե համշեներենը թուրքերեն է, հիմնական բանավեճը ծավալվում է համշեներենի և հայերենի հարաբերությունների մակարդակի և դրա հաստատման շուրջ։ Ոմանք փորձում են համշեներենի և հայերենի միջև հեռավորությունը ավելի շատ մեծացնել, քան իրականում կա, որպեսզի հերքեն համշեներենի՝ հայերենի բարբառ լինելը: Մյուսներն էլ փորձում են նույն հեռավորությունը ավելի շատ փոքր ցույց տալ, քան իրականում կա՝ ցույց տալու համար, թե համշեներենը հայերեն է: Իրականում, անշուշտ, երկու կողմերի թեզերն էլ հաստատող օրինակներ կարելի է գտնել։ Եթե լեզվից զուտ չվերցնեք այն տարրերը, որոնք կաջակցեն ձեր թեզին և տեսնեք այլ օրինակներ՝ դրանով հարցը կվերջանա։ Սակայն նման իրավիճակը, անշուշտ, անհնարին է դարձնում լեզվի իրական դիրքի համակողմանի որոշումը։
Ավելի վաղ հրատարակվել էր Հուրիյե Շահինի՝ համշեներենի քերականության մասին գիրքը։ Չնայած գրքի լեզուն համշեներենն էր՝ օգտագործված տերմինները ընթերցողին հայտնի չէին, դժվարացնում էին ընթերցումը։ Բացի այդ, հայերենի հետ համեմատելու հնարավորություն չկար։ Ուստի մինչ այժմ չկար որևէ աղբյուր, որ ցույց կտար քննարկումների հիմնական առանցքը հանդիսացող համշեներենի և հայերենի հարաբերությունները։ Այսպիսով այս գիրքը համշեներեն չիմացողներին համշեներեն սովորեցնելուց, համշեներեն իմացող, սակայն գրել-կարդալ չիմացողներին գրել-կարդալ սովորեցնելուց բացի՝ մեկ այլ գործառույթ էլ ունի։ Այս գրքում շատ տեղեկություններ կան դերանուններից մինչև ածականներ, հիմնական բայերից մինչև բայերի տարբեր խոնարհումներ, նոր բառեր կազմող ածանցներից մինչև բառերի տարբերություններ, համշեներեն, արևմտահայերեն և թուրքերեն լեզուների մասին։ Բացի համեմատական աղյուսակներից, գրքում կան բազմաթիվ տեքստային օրինակներ, որոնք ցույց են տալիս վերջին տարիներին համշեներենի զարգացումը և կարող են աղբյուր լինել հետազոտողների համար: Գրքի վերջում կան համշեներեն երկխոսություններ, պատմվածքներ, հեքիաթներ, օրորոցայիններ, մանիներ (խաղիկներ-Ակունքի խմբագրություն), պոեզիան։
Գիրքն ինչպե՞ս ստեղծվեց։
2014 թ․ ես ժամանակ առ ժամանակ համշեներենի դասեր էի տալիս ՀԱՏԻԿ միության շրջանակներում։ Այս դասերը պատրաստելիս ուղեցույցի կարիք զգացի: Մեթոդներն ու թեմաները դասակարգելու համար օգտագործել եմ Ռաշել Կոշկարյանի և Շյուքրյու Իլըջակի «Հայերենի ինքնուսույց» գիրքը։ Շաբաթական դասերիս ժամանակ այս աղբյուրն օգտագործելով՝ սկսեցի այնտեղի համշեներենի դասեր գրել։ Այս ընթացքում, իհարկե, սկսեցի շատ ավելի պարզ տեսնել համշեներենի և հայերենի կապերը։ Տեսա բառերի փոփոխությունը, փոփոխությունների չափանիշները, տառի սղումը, քերականական կառուցվածքների ընդհանրություններն ու տարբերությունները։ Դասախոսություններիս գրառումներով սկսեցի կիսվել 2014 թվականից ի վեր լույս տեսնող «Գոր» ամսագրի բոլոր համարների «Համշենցնագ սորվիկ գու» սյունակում։ Բացի համշեներեն դասերից, «Թաքնված բառեր» սյունակում սկսեցի գրել մեր քիչ գործածվող ու մոռացված բառերը, որոնք միայն մի տեղ՝ հայերենում են գործածվում։ Արդեն 2018-ին դասախոսական գրառումները, որոնք կուտակել էի՝ հասել էին գրքի չափի։ Այդ տարվանից սկսած մեր կատարած աշխատանքը հիմնականում եղել է գրքի ձեւաչափը որոշելը, բովանդակությունը հարստացնելը, արեւմտահայերեն մասերը գրելն ու խմբագրելը։ Այս երկար գործընթացում շատ մարդիկ են իրենց ներդրումն ունեցել։ Համշեներեն հատվածի խմբագրումը Հիքմեթ Աքչիչեքն է կատարել։ Ամենասկզբից նա միշտ ինձ հետ է եղել, և միասին շատ խնդիրների վրա ենք գլուխ կոտրել։ Արեւմտահայերեն մասի վրա Սեւան Դեյիրմենջյանի հետ ենք աշխատել։ Սեւանը Հրանտ Դինք հիմնադրամի հայերեն դասերի ուսուցիչներից է եւ արեւելահայերենի վարպետ է։ Սա մեզ համար մեծ առավելություն էր։ Երկուսի աշխատանքն էլ ահռելի է։ Այստեղ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում նրանց։
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net