Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս POLITICO Europe պարբերականին տված հարազրույցում Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին զինտեխնիկայի կուտակումների մասին, նշել էր, որ Ադրբեջանն իր կենտրոնական զորքերը դուրս է բերել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահման, և նման իրավիճակում հնարավոր չէ բացառել էսկալացիան, և, որ դրա տարբերակը դուրս բերված զորքը մշտական տեղակայման վայր տանելն է։ Փաշինյանը նաև հավելել էր՝ Հայաստանը պատրաստ է նման քայլի։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանի և Արցախի սահմանների ադրբեջանական կողմից կուտակումների և դրանց վերաբերյալ Հայաստանի ղեկավարի դիրքորոշումների մասին, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց.
«Այն դեպքում, երբ, օրինակ, պլանավորված են թուրք-ադրբեջանական զորավարժություններ՝ Թուրքիայի տարածքում, երբ սպառազինության ներկրումներ են տեղի ունենում Ադրբեջանում, իսկ այս ամենը խոսում է այն մասին, որ Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ զբաղեցրած բնագծերում: Նման պայմաններում Հայաստանի ղեկավարի այն հայտարարությունը, թե պատրաստ են զորքը ետ քաշել մշտական տեղակայման վայր, գտնում եմ ոչ համահունչ»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Նրա մեկնաբանությամբ՝ այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը բացահայտ պատրաստվում է ռազմական գործողությունների, Փաշինյանը խաղաղության մասին է խոսում` բայց ոչ թե պայքարով այդ խաղաղությանը հասնելու, այլ ամեն ինչ տալու և հանձնվելու համատեքստում։
«Մինչդեռ, չեն տալիս հողը, որ կենդանի մնան, ընդհակառակը, գնում, պայքարում և զոհվում են՝ այդ հողը պաշտպանելու նպատակով»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ շեշտելով՝ հասարակության դիմադրողականությունը և պայքարի ոգին բարձրացնելու փոխարեն՝ Փաշինյանը վարում է հանձնվելուն միտված քաղաքականություն և Հայաստանի ներսում, և Հայաստանից դուրս՝ արտաքին ճակատում։
«Մինչդեռ, ոչ մի բան Ադրբեջանին չի կանգնեցնելու հարձակողական գործողություններ կազմակերպելուց առաջ և նման զարգացումների պարագայում, Հայաստանի իշխանության կողմից ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ զորավարժություններից հրաժարումը ոչ թե անփորձություն է, այլ՝ միտումնավորություն։ Հայաստանում կա հայ-ռուսական միացյալ զորախումբ, և այդ զորախմբին չպատրաստել հայրենիքը պաշտպանելուն՝ զուգահեռաբար խոսելով պատերազմի մասին, անընդունելի է։ Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան զորավարժությանը, ապա մի կողմից՝ դա նորություն չէ, մյուս կողմից՝ մենք խաղաղության պայմաններում չենք գտնվում, որ խաղաղապահ առաքելությամբ զորավարժություն են անցկացնում»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ սխալ համարելով հայ-ռուսական հարաբերությունների առկա լարված փուլում հայ-ամերիկյան խաղաղապահ առաքելությամբ զորավարժությունների անցկացումը։
«Հենց հիմա անգամ մենք կարող ենք և պատրաստ ենք պատերազմին դիմագրավել, եթե, իհարկե, իշխանության կողմից խելացի քայլեր արվեն այդ ուղղությամբ։ Այսօր գետնի վրա ռուսական ուժերն են՝ Արցախում և Հայաստանում, ունենք ռուսական ռազմական ներկայություն, և որպեսզի կանխարգելվի սպասվող պատերազմը, Հայաստանի առաջին կապը Ռուսաստանի և Իրանի հետ պետք է լինի»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ շեշտելով՝ պատերազմի ժամանակ գետնի վրա առաջինը մեզ պաշտպանողը հայ զինվորն է, ապա՝ Ռուսաստանն ու Իրանը, իսկ Արևմուտքն ընդամենը Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղելու համար է խոսում մեզ օգնելու մասին։
«Փաշինյանը Հայաստանը դարձնում է ռազմադաշտ. խնդիր ունի Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, ինչն անընդունելի է, որովհետև Արևմուտքի համար այս տարածաշրջանում նախընտրելի պետությունը լինելու է Թուրքիան, ինչից հետո Հայաստանը դառնալու է Թուրքիայի կցորդը… Փաշինյանն ու իր թիմը չեն տիրապետում Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղության խաբկանքին։ Պատերազմի ընթացքում պարտված իշխանությունները գտնվում են ճնշման ներքո, և Արդբեջանն ու Թուրքիան ճնշումներ են գործադրում, ավելին, Ադրբեջանը, որն արցախյան առաջին պատերազմի ժամանակ եղել է ագրեսորը, հիմա փորձում է ագրեսորի պիտակը կպցնել Հայաստանի վրա, իսկ ագրեսոր պետության համար սահմանված են պատժամիջոցներ՝ էթնիկ զտումների, տնտեսական ճնշումների, ռեպարացիաների տեսքով։ Հիմա թուրք-ադրբեջանական տանդեմի համար խնդիր է ոչ թե Արցախը, այլ Հայաստանը»,- ասաց ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։