կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-27 17:53
Առանց Կատեգորիա

Ո՞վ է հրահրում ռուս-հայկական պրովոկացիան

Ո՞վ է հրահրում ռուս-հայկական պրովոկացիան

«Ժառանգություն» կուսակցության և ռուս սահմանապահների միջև սեպտեմբերի 25-ին տեղի ուենցած սկանդալային միջադեպը նոր թափ է ստանում: Հիշեցնենք, որ այդ օրը երեկոյան Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանում ռուս սահմանապահները Երևան-Մեղրի ավտոճանապարհին կանգնեցրել են 38-րդ ընտրատարածքում սեփական պատգամավորության թեկնածուի նախընտրական քարոզչությանը մասնակցող «Ժառանգություն» կուսակցության անդամների և թեկնածուի ավտոշարասյունը, ստուգել ներսում գտնվողների փաստաթղթերը: Ըստ «Ժառանգության» ներկայացուցիչների պնդումների` սահմանապահները ոչ միայն բացատրություններ են պահանջել նրանց ուղևորության նպատակների վերաբերյալ, արգելել միջադեպի ժամանակ տեսանկարահանումները, վնասել տեսախցիկը, այլև նույն մեքենան կանգնեցրել և նույն գործողությունները կատարել են նաև իրենց վերադարձի ժամանակ: Այդպիսով, ըստ «Ժառանգության», ռուս սահմանապահները հանիրավի խոչընդոտել են երկրի տարածքում իրենց ազատ տեղաշարժի և քարոզարշավ իրականացնելու իրավունքի իրացմանը:

 

Այսօր դեպքի կապակցությամբ պարզաբանումներով է հանդես եկել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության` ՀՀ-ում սահմանապահ վարչությունը: Չհերքելով տեղի ունեցածը` ռուսական կողմը, այնուամենայնիվ, «Ժառանգության» ներկայացուցիչների պահվածքը որակել է սադրիչ` պատճառաբանելով, թե այդ ժամանակ սահմանապահները Հայաստանի իրավապահ մարմինների հետ միասին իրականացնելիս են եղել հատուկ օպերատիվ-որոնողական աշխատանքներ` գտնելու համար քրեական հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող մի քանի անձանց: ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մեկնաբանությամբ` հենց «Ժառանգության» ներկայացուցիչները և կոնկրետ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն են իրենց ագրեսիվ պահվածքով խանգարել հայկական կողմի հետ համատեղ իրականացվող այդ գործողությանը:

 

Իսկ ահա «Ռեգնում» ռուսական լրատվական գործակալությունը, որը հրապարակել է Սահմանապահ վարչության պաշտոնական պարզաբանումը, հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Ժառանգություն» կուսակցությունն առանձնանում է իր պրոարևմտյան կամ նույնն է, թե հակառուսական կողմնորոշմամբ:

 

Դրանից անմիջապես հետո հայտարարությամբ է հանդես եկել նաև «Ժառանգությունը»` Սահմանապահ վարչության պարզաբանումն ամբողջությամբ որակելով «զրպարտություն, վիրավորանք և կանխամտածված սուտ»: Նրանք հատուկ ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ դեպքը տեղի է ուենցել ոչ թե Հայաստան-Իրան սահմանին, որը, ըստ Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված միջպետական համաձայնագրի, տրված է ռուս սահմանապահների պահպանությանը, այլ սահմանից դեպի երկրի տարածքը 30 կմ հեռավորության վրա` նրանց իրավասությունների շրջանակից դուրս:

 

Պարզ է, որ այս իրավիճակում կողմերից յուրաքանչյուրը փորձում է կատարվածի պատասխանատվությունը գցել դիմացինի վրա: Սակայն տվյալ դեպքում խնդիրը շատ ավելի խոր ու մտահոգիչ է, քան կարելի է պատկերացնել այս երկկողմ հրապարակային «փոխհրաձգությունից»: Նախ` ինքնին անհասկանալի է տվյալ պահին Երևան-Մեղրի ավտոճանապարհին հենց ռուս սահմանապահների կողմից հսկողություն կատարելու և, առհասարակ, երկրի տարածքում հանցագործների որոնողական աշխատանքներում նրանց` ներգրավված լինելու իրողությունը: Նման մանդատ ռուս սահմանապահներն ունենալ չէին կարող այն պարզ պատճառով, որ դա նրանց խնդիրը չէ: Եվ հարց է առաջանում` որքանո՞վ են նրանց գործողությունները եղել իրավաչափ և, որ էլ ավելի կարևոր է, համաձայնեցված Հայաստանի իրավասու պետական մարմինների հետ: Եթե դրանք համաձայնեցված չեն եղել, նշանակում է սահմանապահ վարչությունը գործել է ինքնագլուխ և ապօրինի` իսկապես կոպտագույն ձևով միջամտելով Հայաստանի ներքին գործերին և խնդիրներ հարուցելով Հայաստանի քաղաքացիների համար: Եթե ամեն դեպքում գործել է իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, ինչն ավելի իրատեսական է թվում, որովհետև հակառակն ուղղակի խայտառակություն է, ապա պաշտոնական Երևանը առնվազն պարտավոր է բացատրել, թե ինչու և ինչ հիմքով էր առաջացել ռուս սահմանապահներին երկրի ներսում ձեռնարկված ինչ-որ գործողություններում ներգրավելու անհրաժեշտությունը, այն դեպքում, երբ թե' ներքին զորքերի և թե', առավել ևս, բանակի հնարավորությունները բավարար չափով ներում էին սեփական ռեսուրսներով լուծելու այդ հարցը:

 

Թեեւ երրորդ օրն է արդեն, ինչ այս միջադեպի շուրջ կրքերը շարունակում են ծավալվել, պաշտոնական Երևանը որևէ մակարդակով ոչ մի մեկնաբանություն, ոչ մի բացատրություն համառորեն չի տալիս: Անհասկանալի է մնում` դա ոստիկանությա՞ն, թե՞ ազգային անվտանգության ծառայության օպերացիան է եղել, եթե օպերացիա եղել է ընդհանրապես: Այս լռությունը ոչ միայն որևէ բացատրություն ունենալ չի կարող, այլև խիստ անտրամաբանական է ու վտանգավոր: Անկախ նրանից` ռուս սահմանապահներն են ճիշտ, թե` «Ժառանգությունը», փաստը մնում է փաստ, որ տեղի է ունենում ակնհայտ պրովոկացիա, որն ուղղված է հայ-ռուսական` առանց այն էլ լարված հարաբերությունների վատթարացմանը:

 

«Ռեգնում» գործակալության հղումը, թե «Ժառանգությունը» արևմտամետ ուժ է, որը, ի դեպ, ներկայումս բացահայտ անհամաձայնություն է հայտնում Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշմանը, շատ նուրբ ակնարկ է, որ նման սադրիչ գործողություններով փորձ է արվում հակառուսական տրամադրություններ հրահրել Հայաստանում և հանրային կարծիքը տրամադրել նաև երկրի արևմտյան ու հարավային ահմանները պահող ռուս սահմանապահ ուժերի, իսկ մեծ հաշվով` նաև Հայաստանում ռուսական ռազմական կոնտինգենտի դեմ: Մյուս կողմից, սակայն, չի բացառվում, որ սա սադրանք է հենց Ռուսաստանի կողմից, որն ուղղված է Հայաստանի իշխանություններին` զսպելու հակառուսական ուժերի գործողությունները և կանխելու նման տրամադրությունների հասունացումը հասարակության ներսում: Հատկապես այս ֆոնին է չափազանց կասկածելի թվում պետական կառույցների լռությունը, որով փաստացի ջուր է լցվում հենց ռուսական կողմի ջրաղացին: Որովհետև այդ լռությունը նշանակում է կա'մ վավերացնել ռուսական կողմի նման գործելաոճը և ներքին գործերին նրանց կոպտորեն միջամտելու իրողությունը, կա'մ խրախուսել հակառուսական տրամադրությունների ծայրահեղացման միտումները, որոնք իրենց մեջ ոչ պակաս լուրջ վտանգ են պարունակում:

 

Ի վերջո, պետական մարմինների պարզաբանումն այս կապակցությամբ անհրաժեշտ է նաև Հայաստանի սովորական քաղաքացիներին` հասկանալու, թե հետայսու հանցագործությունների բացահայտման պահանջը կամ ակնկալիքը ումի՞ց պետք է ունենալ` Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունի՞ց, թե՞ սեփական իրավապահ մարմիններից: Կամ` պե՞տք է, արդյոք, Սյունիք, Արարատ, Արագածոտն կամ Շիրակ այցելելիս այսուհետ նախ ռուս սահմանապահներից թույլտվություն ստանալ:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ