կարևոր
3226 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-04 22:19
Հասարակություն

Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով Սիրանուշ Սահակյանը դիմում կուղարկի ՄԻԵԴ․ News.am

Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով Սիրանուշ Սահակյանը դիմում կուղարկի ՄԻԵԴ․ News.am

Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարի հետեւանքով  զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը դիմել է Եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սահակյանը:

Սահակյանը նշեց, որ Հելենի աճյունը Արցախ տեղափոխելու համար Ադրբեջանը առաջ է քաշում քաղաքական պայմաններ.

«Ոչ օրինական պահանջ է ներկայացվում, որ տրամադրվող փաստաթղթերում տեղանունները մատնանշված լինեն ադրբեջանական անվանումներով: Կամ որպես տեղափոխման վերջնակետ մատնանշված լինի ոչ թե Արցախի Հանրապետությունը այլ Ադրբեջանի Հանրապետությունը: Ընտանիքը առնչվում է պետություններին եւ այդ հարցերն էլ իրենց բնույթով միջպետական ու քաղաքական են, որոնք չեն կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանվածության վրա, ուստի մեր նպատակն է՝ դատարանի ներգրավվածությամբ պահանջ ներկայացվի Ադրբեջանին՝ առանց քաղաքական եւ այլ բնույթի պահանջների՝ ապահովել դիի տեղափոխումն ու հանձնումն ընտանիքին՝ հուղարկավորելու նպատակով»:

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ վաղը արդեն դիմումը կուղարկեն դատարան, եւ ըստ պրակտիկայի, մինչեւ 1 շաբաթը ակնկալվում է, որ դատարանը կպատասխանի դիմումին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 12 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։

Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։

Աղբյուրը՝ News.am