Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Ստամբուլի Գում Գափու պատրիարքական մայր եկեղեցում վերջին հրաժեշտի արարողությունից հետո կատարվել է պոլսահայ հայտնի արձակագիր Մկրտիչ Մարկոսյանի թաղման արարողությունը։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է «Ակօս» շաբաթաթերթը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ապրիլի 2-ին, 83 տարեկան հասակում վախճանված Մկրտիչ Մարկոսյանի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցել է հոծ թվով բազմություն։ Մարկոսյանի ընկերներից բացի, այնտեղ են գտնվել նաև գրականության և մամուլի ոլորտից հայտնի դեմքեր։ Մեծ թիվ են կազմել նաև Դիարբեքիրի հայ համայնքի ներկայացուցիչները։
Մարկոսյանի հոգու համար աղոթքի արարողությունը կատարել է Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, ով նաև ելույթ է ունեցել և դրվատանքի խոսք ասել Մարկոսյանի կյանքի և ստեղծագործական գործունեության վերաբերյալ։
Մեծ գրողի պատվին ծաղկեպսակներ է ուղարկել Ժողովրդահանրապետական (CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, իսկ արարողությանը հայտնի դեմքերից մասնակցել են Իշխանաց կղզիների քաղաքապետ Էրդեմ Գյուլը, Ստամբուլի Քադըքյոյ (Քաղկեդոն) շրջանի կառավարիչ Շերդիլ Դարա Օդաբաշըն, Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորներ Սեզգին Թանրըքուլուն ու Թուրան Այդողանը, Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության պատգամավորներ Կարո Փայլանը և Զյուլեյհա Գյուլյումը։
Դիարբեքիրի հայ համայնքի ղեկավարներից արարողության մասնակիցների թվում են գտնվել Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավարներ Էրգուն Այըքը և Գաֆուր Թյուրքայը (Օհաննես Օհանյան)։
Մկրտիչ Մարկոսյանի աճյունն ամփոփվել է Շիշլիի հայկական գերեզմանատանը։
Լուսանկարի և թուրքերեն հրապարակման հեղինակ՝ Իշխան Էրդինչ
https://www.agos.com.tr/tr/yazi/26939/migirdic-margosyan-i-ugurladik
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net