կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-09 21:23
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 140 հայ գերիների առնչվող գործեր ունենք ՄԻԵԴ-ում՝ բացառապես 2020 թ-ի պատերազմից․ Սիրանուշ Սահակյան

ՄԻԵԴ-ում բոլոր գործերը, որոնք առնչվում են հայ գերիներին և ներկայացված են ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանի և նրա գործընկեր Արտակ Զեյնալյանի կողմից մոտ 140-նն են։

Բոլորը բացառապես 2020 թ-ի 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո գերեվարված ռազմագերիներ և քաղաքացիական անձինք են՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Սիրանուշ Սահակյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օրերս մերժեց ՀՀ կառավարության ներկայացուցչի միջնորդությունը՝ պարտադրել Ադրբեջանին կասեցնել գերիների դեմ դատական գործընթացները և ՀՀ կառավարությանը ներկայացնել քրեական գործի նյութերը:

Սիրանուշ Սահակյանի համար գործի այս ելքը սպասելի էր․ պարզաբանեց՝ Եվրոպական դատարանն ունի հատուկ առաքելություն, և այս պարագայում նման միջնորդության բավարարման հասնելը բավականին բարդ էր, որովհետև Եվրոպական դատարանը չունի պրակտիկա՝ միջամտելու ընթացող ներպետական դատավարություններին, այլ այդ դատավարությանը կարող է արձագանքել վերանայման շրջանակում՝ եվրոպական վերահսկողություն իրականացնելիս և կարող է զրոյացնել այդ դատավարության արդյունքները, օրինակ, արձանագրելով, որ արդար դատաքննության առանցքային երաշխիքները չեն ապահովվել։

«Սակայն անհապաղ միջոց կիրառելու տեսանկյունից Եվրոպական դատարանը շատ սահմանափակ և ավանդապաշտ մոտեցումներով է առաջնորդվում, հիմնականում դրանք կիրառում է կյանքի իրավունքի պաշտպանության՝ խոշտանգումների արգելքի տեսանկյունից»,-ասաց նա։

Սիրանուշ Սահակյանն ընդգծեց, որ խոշտանգումների և կյանքի իրավունքի առնչությամբ ՄԻԵԴ-ը արդեն իսկ դատավարության շրջանակում մեղադրվող տղաների մասին կիրառել է անհապաղ միջոց և պահանջել է Ադրբեջանից, որպեսզի երաշխավորեն Կոնվենցիայով նախատեսված իրավունքների բավարարումը։

Հայ գերիները Ադրբեջանում խումբ-խումբ դատվում են․ արդեն դատարանի որոշումներ կան՝ 2 հոգու 4 տարվա ազատազրկում, 12-ին՝ 6 ամսվա։ Ո՞րը պետք է լինի մեր կառավարության մոտեցումը՝ պահանջել, որ պատիժը Հայաստանո՞ւմ կրեն, թե՞ պնդել, որ ռազմագերին հանացագործ չէ, հետևաբար, չպետք է դատել։

«Ի սկզբանե մոտեցումը պետք է լինի այն, որ այդ դատավարությունները շինծու, բեմականացված դատավարություններ են, որոնց նպատակը ապօրինի մեղադրանքներ ներկայացնելն  է հայ  ռազմագերիներին, և միջազգային հանրության մոտ հայերի հանդեպ հանցանք գործողի պատրանք ձևավորելն է։ Ակնհայտ է, որ տղաները ընդամենը դիրքային ծառայություն են իրականացվել, որևէ մարտական գործողության մեջ չեն էլ ներգրավվել, որ գոնե փորձեինք հանցագործություններ վերագրել։ Հայաստանը պետք է հասնի նրան, որ Եվրոպական դատարանը այս պատիժների կրումը ապօրինի ճանաչի»,-ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ բոլոր այն 12 տղաները, ում Ադրբեջանում 6-ամսյա ազատազրկման են դատապարտել, արդեն իսկ վերադարձվել են Հայաստան։ Նրանց սովորական փոխանակման գործընթացով որպես ռազմագերի են վերադարձրել, թեև նրանց առնչությամբ կա Ադրբեջանի դատարանի դատավճիռը։ Սիրանուշ Սահակյանը փաստեց, որ այս դատավճիռները խոչընդոտ չեն հայրենադարձմանը, բայց նշեց, որ մեր տղաների անունը մաքրելու համար պահանջում են, որ ՄԻԵԴ-ը արձանագրի այդ դատավարությունների շինծու լինելը, որ նաև միջազգային ասպարեզում դա ակնհայտ լինի։ Որոշ տղաներ էլ վերադարձվել են առանց դատավճռի։

«Այս ամենը ապացուցում է, որ գործերը կամայական են և գործ ունենք քաղաքական պատվերի հետ»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։

Նա պնդեց, որ հայ ռազմագերիները ենթակա են անհապաղ հայրենադարձման, եթե Ադրբեջանը փորձի, ասենք, 4 տարի պահել՝ նոր հայրենադարձնել, դա հանգեցնելու է այս ժամանակահատվածում նրանց անձնական ազատության իրավունքի խախտման, որովհետև նրանք ապօրինի են անազատության մեջ պահվել։ Սիրանուշ Սահակյանը, սակայն, կարծում է՝  ՄԻԵԴ-ը նրանց առնչությամբ ավելի շուտ կհասցնի վճիռ կայացնել, քան սահմանված 4 տարիները, որովհետև այս գործերին տրված է առաջնահերթություն։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․