|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ, տեղեկացնում է «Իրավական ուղի» ՀԿ-ն։
Միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Ա.Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ 2022թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ դատավոր Ա.Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել էին՝ գերբեռնվածության պայմաններում աշխատելիս չորս գործով վճիռները տևական ժամանակով ուշացնելու համար։
Հիշեցնենք նաև, որ Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը 2021 թվականին Բարձրագույն դատական խորհրդի առջև ներկայացրել էին դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերը Արդարադատության նախարարության միջնորդությամբ երեք կարգապահական վարույթներով։ Միջնորդություններից երկուսը մերժվել էին, իսկ մեկը՝ բավարարվել, և դատավորին հայտարարվել էր խիստ նկատողություն։