կարևոր
9634 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-02 22:03
Արցախ Քաղաքական

Պետք է լինի ազգային ժողովրդական շարժում, համախմբվենք` իշխանությանը փոխելու․Վազգեն Մանուկյան

Այստեղ առաջին անգամ հավաքվեցինք 30 տարի առաջ  և ասացինք՝ պաշտպանելու ենք Արցախի անկախությունը։ Այս մասին Ազատության հրապարակում, ի պաշտպանություն Արցախի կազմակերպված հանրահավաքի ընթացքում հայտարարեց Ղարաբաղ կոմիտեի ղեկավար Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ ով ապրել է խորհրդային միությունում գիտի՝ ինչքան ֆանտաստիկ բան էր հանրահավաք անել ու պահանջել Ղարաբաղի միավորումը Հայաստանի հետ։ Այդ ֆանտաստիկ ծրագիրն իրականացավ ու Արցախը ազատվեց ու թելադրեց պատերազմ։

«Անելանելի էր թվում իրավիճակը, պատերազմում պարտվում էինք, մի քանի անգամ մեզանից ուժեղ էին, բայց պարտվեցին՝ մենք հաղթեցինք։ Այժմ նորից այս խնդրի առաջ ենք»,-ասաց Վազգեն Մանուկյանը շեշտելով՝ խնդիրը բարդ է, բայց լուծում ունի։

Այս ամենը համաշխարհային պատմության ոսկե էջերում է գրվելու, որովհետև քիչ է պատահում, որ 120 հազար հոգի մնան մեկ տեղում պաշարված և չցանկանան հանձնվել՝ իրենց հայրենիքը պահելու համար, ասաց նա,  հավելելով, որ մենք բոլորս ականատես ենք այս ոսկետաեռ պատմությանը։

«Մեր ազգի շահերը և նպատակները որոշվելու են ոչ թե Մոսկվայում, Բրուսելում, Վաշինգտոնում, Անակարայում այլ Երևանում»,- ասաց նա, հիշեցնելով, որ այդ հարցերը մեկ անգամ արդեն որոշել է հայ ազգը։

Եթե մենք Արցախի նման պնդությամբ համախմբվենք մեր սկզբունքների շուրջ, աշխարհը մեզ հետ հաշվի կնստի, ասաց Վազգեն Մանուկյանը, շեշտելով, որ պետք է ձևակերպենք մեր խնդիրները հետո նոր դաշնակից փնտրենք, այլ ոչ թե դաշնակից գտնենք և իր ուզած խնդիրն այստեղ լուծենք։