Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վիճակագրական կոմիտեն օգոստոսի 7-ին հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2023 թ. հունվար-հունիսին (1-ին կիսամյակում) բնութագրող վիճակագրությունը, որի համաձայն նշված ամիսներին գրանցվել են 16939 ծնունդներ (2022 թ․ համեմատ՝ +2.6%, 2021 թ․ -1.8%, 2020 թ. +7.2%) և 12472 մահեր (2022 թ. համեմատ -15%, 2021 թ. -24%, իսկ 2020 թ․ հունվար-հունիսի (համավարակի առաջին զոհը պաշտոնապես գրանցվել է 2020 թ. մարտի 26-ին և մարտի 26-31-ը կազմել ընդհանուր 1 մահ, ապրիլին 24 դեպք, մայիսին 93, հունիսին 365) համեմատ -14%)։ Ծնելիության գործակիցը 2023 թ․ հունվար-հունիսին կազմել է 11.5, իսկ մահացությանը 8.4։
Մահացության կտրուկ նվազումը շարունակում է պայմանավորված մնալ առաջին հերթին կորոնավիրուսային համավարակի նահանջով (այս տարվա հունվար-հունիսին պաշտոնապես գրանցվել է 35 դեպք, այսինքն ընդհանուր մահացության 0.3%-ը, նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ -94.9%)։ Փաստորեն, մարտին նկատվել է հիվանդացության կտրուկ աճ 23 դեպք նախորդ երկու ամիսների հանրագումարային 9-ի փոխարեն, ապրիլին և մայիսին ընդամենը 2 և 1 դեպք համապատասխանաբար, իսկ հունիսին ոչ մի դեպք։
Հիվանդությունից մահացությունը 2022 և 2021 թթ. հունվար-հունիսին կազմել է համապատասխանաբար 687 և 2185 մարդ (ընդհանուր մահացության համապատասխանաբար 4.7 և 13.3 %-ը)։
Ժողովրդագրական ցուցանիշները, փաստորեն, վերադարձել են մինչպատերազմական և մինչհամավարակային ցուցանիշներին (օրինակ՝ 2019 թ․ հունվար-հունիսին՝ 16021 ծնունդ և 13724 մահ), նույնիսկ նկատվում է ծնելիության մի փոքր աճ և մահացության փոքր-ինչ նվազում։ Վերջինս պայմանավորված է համավարակի երկրորդային ազդեցությամբ, որովհետև համավարակների ժամանակ խրոնիկ հիվանդություններ ունեցող կենսաթոշակային տարիքի մարդկանց մահացության մեծ ցուցանիշները նվազեցնում են համավարակից հետո մահացության դինամիկան։ Ինչպես քանիցս նշել ենք, այդպես է եղել միշտ համաշխարհային պատմության մեջ գրեթե բոլոր գրիպային համավարակներից, այդ թվում իսպանկայից և չինական (հոնքոնգյան) գրիպից հետո։ Վերջին 6 ամիսներին մահացությունը զիջել է նախորդ 2 տարիների ցուցանիշներին, իսկ ծնելիությունն առաջին 4 ամիսներին մի փոքր ավելին է եղել, քան անցած տարի, սակայն զիջել է 2021 թ. ցուցանիշներին (բացի հունվար ամսից), մայիս-հունիսին նույնիսկ զիջել է նախորդ տարվա ցուցանիշներին։ Առավելագույն ծնունդներ գրանցվել են հունվարին (3229) և մարտին (2888), իսկ մահեր նույնպես հունվարին (2487) և մարտին (2220)։ Թեպետ նկատվում է մոր երրորդ և չորրորդ երեխաների ծնունդների աճ, սակայն 7-րդ տարին անընդմեջ նվազում են երկրորդ երեխաների ծնունդները։
Ընդհանուր առմամբ՝ ՀՀ բնակչության բնական հավելաճը 2023 թ․ հունվար-հունիսին կազմել է +4467 մարդ, մինչդեռ 2022 թ. ցուցանիշը +1832 էր, 2021 թ. +846, իսկ 2020 թ․ +1293։ Զրոյականին մոտ է բնական աճը Տավուշում (+19 կամ 0.04%) և Լոռիում (+94 կամ 0.09%)։
2023 թ․ հունվար-հունիսին 10.2%-ով աճել են էնդոկրին համակարգի և 12.8%-ով էլ տարբեր հիվանդություններից մահացության դեպքերը։
2022 թ. հունվար-հունիսի նկատմամբ 6.8%-ով նվազել է մեռելածինների թիվը, իսկ 2021 թ. համեմատ 14.2%-ով։ Սակայն նկատվում է 0-1 և 1-4 տարեկան երեխաների մահացության աճ 2022 թ. համեմատ 4.1 և 46.7%, իսկ 2021 թ. համեմատ 12.5 և 10%։
2022 թ. հունվար-հունիսի համեմատ 1.5%-ով նվազել են ամուսնությունները, և 1.6%-ով էլ ամուսնալուծությունների դեպքերը։ 2021 թ. համեմատ 4%-ով նվազել են ամուսնությունները, և հակառակը 8.5%-ով էլ աճել են ամուսնալուծությունները։ 3.6 ամուսնության հաշվով գրանցվել է 1 ամուսնալուծության դեպք։ Ամենից շատ ամուսնություններ գրանցվել են մարտին (1411), իսկ ամուսնալուծություններ նույնպես մարտին (407)։ 1-ին կիսամյակի բոլոր ամիսներին, բացի հունվարից, ամուսնությունների դեպքերն ավելի քիչ են եղել, քան նախորդ երկու տարիների նույն ամիսներին։ Ամուսնալուծությունները հակառակը հատկապես մարտ, մայիս և հունիս ամիսներին գերազանցել են նախորդ երկու տարիների ցուցանիշները։