կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-21 16:16
Տնտեսական

2018-ին բնական գազի կորուստների նվազումը գազաբաշխման համակարգում կազմել է 4,0 մլն խմ կամ 10,1 %. «Գազպրոմ Արմենիա»-ի պարզաբանումը

2018-ին բնական գազի կորուստների նվազումը գազաբաշխման համակարգում կազմել է 4,0 մլն խմ կամ 10,1 %. «Գազպրոմ Արմենիա»-ի պարզաբանումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մի շարք հարցադրումներ է ստացել իր հիմնադրի, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսում բնական գազի կորուստների վերաբերյալ հնչեցված թվային ցուցանիշների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով:

«Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանումներ է ներկայացրել, որը ներկայացնում ենք ստորև.

«Տեղեկացնում ենք, որ գազի կորուստները բաղկացած են երկու բաղադրիչից՝ գազի կորուստներ փոխադրման համակարգում և գազի կորուստներ բաշխման համակարգում: Գազի կորուստները փոխադրման համակարգում իրենց հերթին բաղկացած են երկու ենթացուցանիշներից՝

1.տեխնոլոգիական անխուսափելի կորուստներ գազատարներում,

2.վթարային կորուստներ:

Եթե խոսքը վերաբերում է միայն գազափոխադրման համակարգում տեխնոլոգիական անխուսափելի կորուստներին, ապա դրանք գազատարներում 2017թ. կազմել են 107.8 մլն խ.մ, իսկ 2018թ՝ 96.1 մլն խ.մ, որը ներառում է նաև Երևանի ՋԷԿ և «Տրանսգազ» ՍՊԸ միջև կնքված իրանական գազի փոխադրում իրականացնելու մասին գործող պայմանագրով ձևավորված կորուստները՝ կապված մի շարք գործոններից:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մասով 2017 թվականի ընթացքում բնական գազի կորուստները գազափոխադրման համակարգում կազմել են 91,8 մլն խմ, իսկ 2018 թվականին՝ 91,3 մլն խմ, կամ կորուստները փաստացի նվազել են 0,5 մլն խմ կամ 0,54 %:

Գազաբաշխման համակարգում 2017 թվականին բնական գազի կորուստները կազմել են 39,5 մլն խմ, իսկ 2018 թվականին՝ 27,5 մլն խմ: Փաստացի կորուստը նվազել է 12 մլն խմ, որից 8 մլն խմ  բացառապես պայմանավորված է 2017 թվականի հունվար-փետրվար-մարտ ամիսների  ցուրտ եղանակային պայմաններով (տվյալները պաշտոնապես արձանագրված են  հիդրոմետ ծառայության կողմից), քանի որ  բնակիչ-բաժանորդների մոտ հաշվառման սարքերի  կողմից կատարվել է թերգրանցում:  Հարկ է նշել, որ գազաբաշխման համակարգում կորուստների ցուցանիշը տարբեր տարիների կարող է տատանվել եղանակային պայմաններից ելնելով՝ ինչպես աճել, այնպես էլ նվազել:

2018 թվականին բնական գազի կորուստների նվազումը գազաբաշխման համակարգում կազմել է 4,0 մլն խմ կամ 10,1 %:

Ինչ վերաբերում է ԱԳԼՃԿ-երի կողմից սպառման ծավալների 15 % աճին՝ հաշվի առնելով 2017 թվականի 477,6 մլն խմ և 2018 թվականին 552,6 մլն խմ ծավալները, ապա այս մասով առկա է շուրջ 75 մլն խմ սպառման աճ, ինչը զգալիորեն ավելի մեծ է, քան բաշխման համակարգի կորուստներն են:

«Գազպրոմ Արմենիա»  ընկերությունը իր սուղ ֆինանսական միջոցների պայմաններում չէր կարող կորուստների նվազեցմանն ուղղված խոշորածավալ միջոցառումներ իրականացնել: Ներկայումս «Գազպրոմ» ՀԲԸ, «Գազպրոմ Արմենիա»  ՓԲԸ, ՀՀ կառավարության և ՀԾԿՀ հետ համատեղ քննարկվում է ՀՀ գազմատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեման, որի համաձայնեցման դեպքում համալիր միջոցառումների իրականացման արդյունքում՝ կապված ներդրումների չափից, համակարգում տարեցտարի կարող են ապահովվել կորուստների զգալի նվազում:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը իր տարակուսանքն է հայտնում անհայտ սպառող կամ «լևի գազ» սպառող հասկացության հետ կապված: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2017թ համեմատ 2018 թվականին բաժանորդների թիվը աճել է շուրջ 12 484 բաժանորդով: Քանի որ գազ սպառողների կառուցվածքում չկա «լևի գազ» սպառող հասկացություն, Ընկերությունը պատրաստ է պատկան մարմիններին ներկայացնել գազասպառման կառուցվածքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն՝ ուսումնասիրության նպատակով։

Հետագայում հնարավոր որոշակի տարընթերցումներից ու զանազան մեկնաբանություններից խուսափելու համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստակամություն է հայտնում շահագրգիռ կողմերին մասնագիտական պարզաբանումներ տալ խնդրո առարկա հանդիսացող հարցերի շուրջ»: