կարևոր
3976 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-08 17:00
Քաղաքական

Ովքե՞ր են 2022 թ. $ 105.000 նվիրել Սուրեն Պապիկյանին

Ովքե՞ր են 2022 թ. $ 105.000 նվիրել Սուրեն Պապիկյանին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում պաշտոնատար անձի` 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եվ շահերի հայտարարագրում իբրև հաշվետու տարվա եկամուտ նշել է նաև նվիրատվության կամ օգնության կարգով ստացված դրամական միջոցներ, այն է՝
13,400 եվրո, 22,000 ԱՄՆ դոլար և 19,750,000 դրամ: Դոլարով արտահայտված ամբողջը կազմում է մոտ 105,000 ԱՄՆ դոլար:

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հարցում ենք ուղարկել՝ արդյո՞ք պետք չէ նշել նաև նվիրատվությունը կատարողի անունը (լինի ֆիզիկական կամ իրավաբանական անձ), որը, սակայն, Սուրեն Պապիկյանի հայտարարագրում չկա նշված (համապատասխան վանդակը դատարկ է, դրված է գծիկ)։ Ասում են, որ այդ գումարները նախարարը ստացել է իր հարսանիքի առիթով։ Բայց այստեղ մի բայց կա։

Արդյո՞ք կարգը չի պահանջում նշել նվիրատուի անունը և չափը: Հակառակ դեպքում ստացվում է, որ ինքը ցույց է տվել կանխիկ ստացված եկամուտ, որի աղբյուրը չի նշվել: Իսկ դա ինքնաբերաբար կհամարվի ապօրինի եկամուտ:

Նույն հանձնաժողովին նաև հարց ենք ուղղել՝ ինչու՞ է նախարար Պապիկյանն այդքան անանուն կանխիկ գումար ստացել և, ենթադրաբար, փաստացի ունեցել ապօրինի եկամուտ:

Եթե Պապիկյանի պարագան օրինաչափ կհամարվի, ապա կստացվի, որ ուզածդ պաշտոնյա կարող է նույնը ասել, այն է՝ 1 միլիոն դոլար եկամուտ ստացել եմ տղայիս հարսանիքի նվիրատվություններից, 1,5 միլիոն՝ իմ ծնունդին են նվիրաբերել, $ 2 մլն՝ աղջկաս կնունքին, և այդպես շարունակ:

Այդ դեպքում խորհուրդ կտանք Հովիկ Արգամիչին՝ հայտարարել, որ Ազգային ժողովի շենքի մակետով կառուցված հոյակերտ տաճարի փողը հավաքվել է, օրինակ, իր 55 ամյակի առիթով  ծրարով տրված կանխիկ նվիրատվություններից: