կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-19 17:46
Քաղաքական

Պարո՜ն ԿԳՄՍ նախարար, չմոռանաս Սուրեն Պապիկյանին խնդրել՝ պատմի, թե ինչու՞ չպետք է արհամարհել «դաշնակ» Նիկոլին. կարծիք

Պարո՜ն ԿԳՄՍ նախարար, չմոռանաս Սուրեն Պապիկյանին խնդրել՝ պատմի, թե ինչու՞ չպետք է արհամարհել «դաշնակ» Նիկոլին. կարծիք

Աշխատանքայի իրավունքների պաշտպանության գրասենյակի իրավաբան Անի Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր՝ ԿԳՄՍ Նախարարության ակցիայի վերջում անակնկալին, երբ ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները, որոնք ամիսներ շարունակ նախարարի հրաժարականն էին պահանջում, նրան երկու գիրք նվիրեցին. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես նշել է. 

«Հա, Նիկոլ Աղբալյանը «դաշնակ» է, Թումանյանը «դաշնակ» է, Իսահակյանը «դաշնակ» է , Զոհրապը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, Արշակ Չոպանյանը, Վահան Խորենին, Վահան Նավասարդյանը, Ավետիս Ահարոնյանը, Լևոն Շանթը, Մուշեղ Իշխանը, Բարունակ Կապուտիկյանը, Հայկ Ասատրյանը, Միքայել Վարանդյանը, Հրաչ Տասնապետյանը, Երվանդ Փամբուկյանը և շատ ու շատ այլ երախտավորներ նույնպես «դաշնակ» են ու նրանք այս ԱԶԳԻ ԴԵՄՔՆ են, իսկ դու՞։

«Դաշնակ» Թումանյանին ժողովուրդը «ամենայն հայոց բանաստեղծ» է անվանել, իսկ դու չորս տող առանց թղթի չկարողացար արտասանել` նույն այդ Թումանյանի քառյակներից։
 
Իսահակյանի ստեղծագործություններն իրենից շուտ էին հասնում Հայաստան, և երբ նա իր տողերով գրված երգը երգող գյուղացուն հարցնում է թե ի՞նչ երգ է երգում, վերջինս պատասխանում է, որ դա ժողովրդական երգ է և եվրոպացի պարոնը չի հասկանա, սա էլ «դաշնակ» Իսահակյանը, էլ չեմ խոսում Հակոբ Օշականի, Անդրանիկ Ծառուկյանի, Սոս Սարգսյանի (այն Սոս Սարգսյանի, որին քո թիմակիցներից շատերը` 2008֊ին ամենակեղտոտ բառերով հայհոյում էին` ամբոխին չմիանալու և Երևանը ավերակների չվերածելու համար) և բազմաթիվ այլ «դաշնակ» ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մասին, դու ասա իմանանք ի՞նչ ես արել դու, որ քեզ իրավունք ես վերապահում հեգնել աղբալյաններին ու թումանյաններին։
 
Ի դեպ, հանրային կրթության և արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանը ՀՀ մամուլի էջերը լայնորեն բացեց իր կուսակցության հակառակորդ Չարենցի և իր մաս կազմած կառավարության մասին երգիծանք գրող Լեռ Կամսարի առջև, մինչ դեռ դու՛ վիրավորեցիր երկրիդ մտավորականներին` միայն կարծիքդ չկիսելու համար, քեզ գիրք նվիրող ուսանողներին հեգնեցիր` նրանց քաղաքական հայացքների պատճառով, իսկ հարգված գիտնական Արարատ Հակոբյանին վիրավորեցիր` քանզի ասածիցդ դուրս է գալիս, որ նրա գիրքը կարելի է կարդալ զուտ նրա համար, որ նա «դաշնակ» չէ...
 
Հ.Գ. Խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ Արարատ Հակոբյանի գիրքը և... պարոն ԿԳՄՍ նախարար չմոռանաս գործընկերոջդ` պատմաբան Սուրեն Պապիկյանին խնդրել, որ պատմի Նիկոլ Աղբալյանի մասին և ասի թե ինչու՞ չպետք է արհամարհել «դաշնակ» Նիկոլին...»:
 
Հիշեցնենք՝ այսօր՝ գիրք նվիրելու տոնին ընդառաջ ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստները ԿԳՄՍ նախարարին 2 գիրք էին նվիրել՝ մեկը Նիկոլ Աղբալյանի «Մտածումներ Դաշնակցության մասին» գիրքն էր, մյուսը` ժամանակակից սոցիոլոգ Կարինե Հակոբյանի «Ազգային պետությունը»։

Նախարարը գրքերը շփոթված ընդունելիս ասել էր, որ երիտասարդական միության անդամները դաստիարակության ու էթիկայի պակաս ունեն։ 
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ-ում փետրվարի 19-ին նշվում է «ամենայն հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրը: