Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրել է Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 4-ի նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ելույթը և ՀՀ ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն որպես օպերատիվ լուծում պահանջող հարցը անմիջապես կապ է հաստատվել «Այո» քարոզչության կողմի ներկայացուցչի և նախարար Սուրեն Պապիկյանի հետ և ուշադրություն հրավիրելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի պահանջներին, տեղեկացրել հանրաքվեի քարոզչության ընթացքում դրանք խստորեն պահպանելու մասին: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է elections.am-ից։
«Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում անդրադարձել էր տեղեկություններին, թե մարզպետները հրավիրում են համայնքների ղեկավարներին և հրահանգում նրանց աշխատել «Այո»-ի շտաբի օգտին՝ հանրապետությունում Սահմանադրության հոդվածի փոփոխության առաջիկա հանրաքվեի շրջանակում։ Պապիկյանն ընդգծել էր, նման բան տեղի չի ունենում։ «Սակայն եթե կան փաստեր, խնդրում եմ ներկայացնել, բարձրաձայնել, անուններով նշել նրանց, ովքեր նման քայլեր են ձեռնարկել։ Ես բացառում եմ, որ «Այո»-ի շտաբի կողմից, առավել ևս՝ տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներից մեկին կարող է նման հրահանգ տրվել։ Ես նաև հայտարարել եմ՝ թող համայնքի ոչ մի ներկայացուցիչ արջի ծառայություն չմատուցի իշխանություններին»,- ասել էր Սուրեն Պապիկյանը եւ ավելացրել, որ Հայաստանի քաղաքացուն տրվել է ապրիլի 5-ին ըստ խղճի քվեարկելու հնարավորություն, և որ Հայաստանի բոլոր քաղաքացիները ՍԴ փոփոխությունների շահառուներ են։
ՏԿԵ նախարարի հայտարարությանը «Ոչ»-ի ճամբարից արձագանքել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը. «ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը։ Նա հանդես գալով ի պաշտոնե՝ որպես ՀՀ կառավարության անդամ, ու այդ կարգավիճակով Ազգային ժողովում մասնակցելով ՀՀ Սահմանադրության 112-րդ հոդվածով սահմանված ընթացակարգին (կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխան), ԱԺ ամբիոնից իրականացրել է «այո»-ի ուղիղ քարոզչություն։ Այն հնարավոր «բացատրությունը», որ փաստը տեղի է ունեցել ժամը 18:00-ից հետո, հետևաբար՝ քարոզչությունը թույլատրելի էր, ամբողջովին հիմնազուրկ է, քանի որ եթե անձը հանդես է գալիս ի պաշտոնե (որպես պաշտոնատար անձ)՝ ինչպես տվյալ դեպքում էր, որևէ նշանակություն չունի օրը կամ ժամը։ Արձանագրում ենք, որ փաստը «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Մելիքյանը։
«Ոչ»-ի ճամբարից Արսեն Բաբայանը Ֆեյսբուքում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ վերջին օրերին իր արձանագրած քարոզչության խախտումների մասին։
«Մասնավորապես քննարկել ենք ընտրակաշառքներ բաժանելու հրապարակային հայտարարությունները եւ այսօր ԱԺ-ում Սուրեն Պապիկյանի թույլ տված քարոզչության օրենսդրական կանոնների խախտման դեպքը։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն հետեւում է առերեւույթ խախտումների վերաբերյալ արձանագրումներին եւ արդեն ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ», գրել է իրավապաշտպանը։