Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, պատճենը` Անդրեա Վիկտորինին եւ մի շարք լրատվամիջոցների վերջերս անանուն նամակ է ուղարկվել։ «Հարգարժա՛ն պարոն նախարար, պահանջում ենք՝ կա՛մ անմիջապես լուծարել ՀՀ ԶՈՒ հոգեւոր սպասավորության «գրասենյակը» ՀՀ ՊՆ-ից, քանի որ այն հակասում է իրավական պետության, իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության սկզբունքներին, կա՛մ վերակազմակերպել այդ «գրասենյակի» գործունեությունը՝ ժողովրդավարության սկզբունքների համաձայն, եւ կա՛մ էլ հայտարարել, որ ՀՀ-ն կրոնապետություն է»։ Նամակում հեղինակը մասնավորապես նշում է, որ բանակում ծառայող հոգեւորականները՝ գնդերեցները, «ծառայում են զինվորների հետ միասին, նրանց հետ սահման բարձրանում, մասնակցում ռազմական արշավներին, ուսումնամարզական հավաքներին, զինվորների հետ, յուրաքանչյուր մարտական հերթափոխից առաջ դիրքապահ զինվորներին խրախուսում իրենց խոսքով եւ աղոթքով ճանապարհում, կազմակերպում ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ, ուխտագնացություններ՝ հակառակ զինվորի, սպայի ու առհասարակ զինվորականի կրոնական դիրքորոշումից։ Զինվորը պարտադրված է կատարել ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդի կամ սպասավորի հանձնարարականները»։ Երկարաշունչ նամակում դժգոհություններ էլ են հայտնում, օրինակ, որ ոչ բոլոր զինծառայողներն են Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, եւ չի կարելի միայն այդ եկեղեցու ներկայացուցիչներին թույլ տալ բանակում ծառայություն իրականացնել:
Մեզ հետ զրույցում ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանն ասաց, որ ծանոթ է այդ նամակի բովանդակությանը։ «Դա ուղղակի մի անհատի՝ հավանաբար որեւէ աղանդի հարողի կողմից գրված նամակ է, եւ քանի որ պաշտպանության նախարարին է նամակը հասցեագրվել, ուրեմն պատասխան գրություն կպատրաստվի, եւ ես կպահանջեմ, որ պատասխան գրությունն ուղարկվի նաեւ այն բոլոր անձանց, այն բոլոր հասցեներին, ովքեր ստացել են այդ նամակը»,- պատասխանեց Հայր Մովսեսը։
Իսկ եղե՞լ են դեպքեր, որ հոգեւորականները զինվորներին որեւէ բան ստիպեն։ Մովսես վարդապետն ասաց․ «Նման բան, իհարկե, չկա, դա ինչ-որ մեկն է, ով, հավանաբար, նեղացած է ինչ-որ հարցից եւ այդպիսի նամակ է գրել։ Ընդհակառակը՝ զինված ուժերում բոլորն էլ գիտեն, որ այլ կրոնի, այլ ուղղությունների կամ քայքայիչ կրոնական կազմակերպությունների հարող անձինք գտնվում են բանակում ծառայող հոգեւորականների պաշտպանության եւ մշտական խնամքի ու հոգածության ներքո, որպեսզի այլ զինծառայողները նրանց չնեղացնեն։ Իսկ ինչ վերաբերում է պարտադրելուն, ապա զորամասերում ծառայող հոգեւորականները, ոչ էլ զինված ուժերում հոգեւոր առաջնորդությունը իրավունք չունեն բանակում հանձնարարություններ տալ կամ պարտադրել։ Հանձնարարությունները, հրամաները կամ պարտադրելը տրվում են զորամասի, ստորաբաժանումների հրամանատարների կողմից։ Գնդերեցները զորամասերում ծառայում են պաշտպանության նախարարության կողմից հաստատված տարեկան պլանի եւ զորամասերի հրամանատարների կողմից հաստատված պլանների համաձայն։ Այսինքն՝ այն, ինչ այդ նամակում գրված է, ամենացածր մակարդակի բամբասանք է՝ անհիմն ու անլուրջ»։
Մովսես վարդապետին հարցրինք նաեւ, թե ինչու է նամակի հեղինակն իր հասցեին օգտագործում «անհայտ ծագում ունեցող, տարատեսակ սկանդալներում ներգրավված» արտահայտությունը։ «Ես չգիտեմ, թե այդ մարդն ով է, ինչպիսի երազներ է տեսել, ինչ առաքելություն կամ ինչ հանձնարարություն ունի կատարելու»:
Զրուցեցինք նաեւ Զինված ուժերի նախկին հոգեւոր առաջնորդ, ներկայում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանի հետ։ Նա ասաց, որ նման նամակներ նախկինում էլ էին ստանում, երբ ինքն էր ԶՈՒ հոգեւոր առաջնորդը։ «Ճիշտն ասած՝ ես նման գրության նախկինում էլ եմ հանդիպել, դեռ իմ՝ առաջնորդ լինելու ժամանակ, եւ պաշտպանության նախարարությունը համապատասխան արձագանքը տվել է՝ անշուշտ, մեզ հետ համագործակցաբար։ Ինչքան ես հիշում եմ՝ ե՛ւ իրավական, ե՛ւ կանոնական, ե՛ւ մեր եկեղեցու՝ մեր ժողովրդի կյանքում ունեցած հեղինակավոր դիրքի եւ Սահմանադրությամբ ամրագրված լինելու․․․, այս ամբողջ կետերը շոշափելով՝ լիարժեք պատասխան են տվել այդ մարդկանց։ Այն ժամանակ նամակն անանուն չէր, հիմա չեմ կարող ասել, թե ովքեր էին գրել, բայց եթե հիմա անանուն են գրում․․․, կարծում եմ՝ դա նույն մարդը պիտի լինի, կամ նույն խումբը պիտի լինի, որ ուզում են այդ գեղեցիկ, կարեւոր կառույցի վրա էլ, ինչպես մեր բոլոր կառույցների դեպքում, սեւ ամպեր կուտակել։ Այդ կառույցը կայացած, լիարժեք եւ շատ լավ կառույց է, եւ, կարծեմ, 2016-17 թվականներին, երբ նախարարը Վիգեն Սարգսյանն էր, դիմել էին բանակից չեզոք, մի առանձին կառույցի, որը 50 հարցից բաղկացած հարցախույզ էր իրականացրել զորացրված զինվորներին, որոնք տարբեր զորամասերից էին զորացրվել՝ սահմանապահ, ուսումնական, թիկունքային եւ այլ զորամասերից։ Այդ 50 հարցերի մեջ կար նաեւ հարց՝ գնդերեցի ծառայությանը վերաբերող։ Ես չեմ գովաբանում, ավելորդ խոսքեր չեմ հնչեցնում, բայց երբ ՊՆ-ում եղավ կոլեգիայի նիստ, եւ այդ կազմակերպությունը հանդես եկավ զեկույցով եւ ցույց տվեց, թե ինչ տոկոս է կազմում հարգանքը, վստահությունը դեպի գնդերեցը։ Մենք 2-րդ տեղում էինք, առաջին տեղում զորամասի հրամանատարն էր։ Դա շատ կարեւոր հարց է, թե զինվորն ում է վստահում»,- պատասխանեց Վրթանես սրբազանը։
Սրբազանին հարցրինք՝ գուցե հիմա էլ են այդ հարցը բարձրացնում, քանի որ այս իշխանության եւ եկեղեցու հարաբերությունները հաշտ չեն, գուցե մտածում են, որ իշխանությունը հիմա իրե՞նց կողմից է։ «Ինչքան ես տեղյակ եմ մեր կառույցից, կարծում եմ՝ շատ ներդաշնակ ծառայություն են մատուցում, ե՛ւ ՊՆ-ն, ե՛ւ անձնակազմը գոհ են կատարված աշխատանքից։ Ասեմ, որ ամբողջ աշխարհում տարածված երեւույթ է՝ բանակում նման կառույց ունենալը, այսինքն՝ սա միայն Հայաստանին կամ մի քանի երկրների վերաբերող հարց չէ, որ ուզենանք հանել կամ չհանել, ամբողջ Եվրոպայում ու Ասիայում, անգամ մահմեդական երկրներում կա այդ կառույցը, եւ դիտարկել, որ կառույցն ավելորդ է, ուրիշ կրոնական հայացքներ ունեցող մարդիկ կան եւ այլն․․․, ասեմ, որ երբ մենք զինվորներին զորակոչում ենք բանակ, հավաքակայանում քահանան հարցախույզ է անում, թե որ կրոնին է զինվորը դավանում, աթեի՞ստ է, թե՞ հավատացյալ։ Եթե կան այլ կրոնի հետեւորդներ, մենք նրանց նկատմամբ շատ նորմալ ու շատ հոգատար ենք վերաբերվում, երբեւիցե գնդերեցների կողմից ստիպողաբար ինչ-որ բան չի եղել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում