Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայացնում ենք երեկ՝ հուլիսի 27-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում Լիզբոնի գործողության նահատակների 40-ամյակի հիշատակին նվիրված միջոցառմանը ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանի ելուլթն ամբողջությամբ.
«Պատմության ընթացքում լինում են իրադարձություններ, որոնք խոր ազդեցություն են թողնում ժամանակաշրջանի վրա՝ ոչ միայն ուղենշելով գալիք դեպքերի ընթացքը, այլև յուրովի իմաստավորելով սերունդների հետագա պայքարը։ Անշուշտ նման իրադարձությունների ազդեցության ծավալի բնորշումն ու գնահատականը հարաբերական կարող է լինել։
Մեր նորագույն պատմությունը հագեցված է նմանատիպ իրադարձություններով, որոնք ընդհուպ պայմանավորել են հայ ժողովրդի լինելիությունը, ժամանակակից ազգերի ու պետությունների շարքին իր տեղն ունենալու իրավունքը։ Այդպիսի իրադարձությունները իմաստավորել են հայ մարդու կյանքը, նրան մղել ստեղծագործ աշխատանքի ու նոր հաղթանակների, հասցրել հանուն ազատ և արդար Հայաստանի պայքարի նոր հանգրվանի։ Անշուշտ, այսօր չենք խոսելու Սարդարապատից ու մայիսյան մյուս հերոսամարտերից, առաջին հանրապետության հռչակումից ու նրա հրաշակերտումից, Շուշիի փառահեղ ազատագրումից, որ մի օր նորից է լինելու։
Այսօրվա առիթը մի փոքր այլ է։ Բայց իրադարձությունը, գործողությունը, որի 40-ամյակն ենք նշում այսօր, թեև ազդեցության ծավալով միգուցե համեմատելու չէ Սարդարապատի և Շուշիի հետ, բայց մեր հավաքական պայքարն իմաստավորելու առումով յուրահատուկ օրինակ է հանդիսացել 40 տարի շարունակ։
Հայոց Մեծ եղեռնից մազապուրծ ընտանիքներում Լիբանանում ծնված հինգ հայ երիտասարդներ՝ Վաչէն, Արան, Սեդրակը, Սիմոնը, Սարգիսը, որոնք երբեք չէին տեսել հայրենի հողը, բայց իրենց կյանքը արդեն իմաստավորել էին Հայրենիքով, սեփական անձը զոհելու գնով ոչ միայն փորձ արեցին աշխարհի անտարբեր հայացքը գամել մեր դատի վրա, այլև ճամփա ցույց տվեցին հետագա պայքարի, սերունդների կոչեցին նոր մարտնչումի։ Իրենց իմաստավորված կյանքով իմաստավորեցին շատերի կյանքը։
Հեղափոխականին բնորոշ խիզախումով Լիզբոնի տղաները իրենց մահով ոչ միայն իմաստավորեցին իրենց ապրած կյանքը, այլև ցույց տվեցին թե ինչպես պետք է մահը կապել կյանքի հետ։
Այս, միգուցե քնարական, նախաբանից հետո փորձենք մի քանի կետերով մատնանշել այն խորհուրդը՝ որ 40 տարի անց Լիզբոնի սխրանքը փոխանցում է մեզ։
Առաջինն անշուշտ բարոյական-դաստիարակչականն է։ 40 տարի շարունակ քանի՜-քանի՜ սերունդներ են դաստիարակվել Լիզբոնի սխրանքով․ առաքինի, նվիրական, պատրաստ անձնազոհության՝ հանուն հայրենիքի, սեփական ժողովրդի։ Դա մենք տեսել ենք թե սփյուռքում՝ Հայ դատը հետապնդելիս, համայնքի անվտանգությունը, հայեցիությունը պաշտպանելիս, թե հայրենիքում՝ պետական անկախություն կերտելիս, Արցախն ազատագրելիս։ Պետք է պատրաստ լինել զոհողությունների։
Լիզբոնի փոռթկումը փշրում է կեղծ իրապաշտական սոփեստության առասպելը, թե մենք թույլ ենք, փոքր ածու և այլևս չենք կարող հիշատակության արժանի գործեր թողնել։ Լիզբոնի փոռթկումը մեզ հուշում է, որ ցանկացած իրապաշտություն իր մեջ սխրագործություն է պարունակում։ Իրապաշտը նաև համարձակն է, չվախեցողը, աննկուն պայքարողը։ Ահա սա է Լիզբոնի սխրանքի մյուս խորհուրդը։
Պետք է աշխարհին լսելի դարձնել մեր ցավը։ Կոտրել մեքենայությունների թափը։ Անականկալ փաստի առաջ կանգնեցնել բոլորին։ Ըմբոստանալ, երբ ոտնահարում են մեր իրավունքները, երբ ոտնահարվում է արդարությունը, միջազգային իրավունքը։ Լուռ ակնդետ չլինել աշխարհի մեծերի անտարբերությանը։ Չհամակերպվել մեզ պարտադրված ճակատագրին։ Սա Լիզբոնի տղաների հաջորդ խորհուրդն է։
Լիզբոնի հանդգնությունը լկտի թշնամուն, դավադիր ոսոխին վախի մեջ պահելու գործողություն էր։ Երբեք հանգիստ չթողնել թշնամուն։ Այս խորհուրդը ևս Լիզբոնից է գալիս։
Այսօր փոխված իրավիճակի առաջ ենք կանգնած․ պետության խոցելի անվտանգություն, մեծ մասով բռնագրավված և շրջափակված Արցախ, հասարակական համընդհանուր բարոյալքում և անտարբերություն։ Ազգային-ազատագրական պայքարն անխուսափելի է, թերևս պետք է փոխել կամ սրբագրել մեթոդները, բայց պայքարի գաղափարական իմաստավորումն ու հաղթանակի ռազմավարության իրագործումն անկարելի է առանց այս խորհուրդների։
Արդարության և ազատության զոհասեղանին իրենց կյանքը մատուցած տղաների հերոսական արարքը մեզ ստիպում է հավատալ գալիք հաղթանակներին, գնալ դեպի այդ հաղթանակները։
Կեցցե՜ հայ ժողովուրդը։
Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը։
Կեցցե՜ Արցախի Հանրապետությունը։
Կեցցե՜ Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանը»։