կարևոր
2305 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-27 11:54
Արցախ

Հղի կանայք չեն կարող հասնել Ստեփանակերտ, երեխաների համար ևս հնարավոր չէ պատշաճ բուժզննում իրականացնել. Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար

Հղի կանայք չեն կարող հասնել Ստեփանակերտ, երեխաների համար ևս հնարավոր չէ պատշաճ բուժզննում իրականացնել. Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար

Ասկերանի շրջանում շրջափակման պահից առայսօր դիմակայում ենք, և պարտավոր ենք դիմակայել, բայց ունենք բավականին մեծ խնդիրներ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:

«Հատկապես վառելիքի սղության պատճառով տարբեր ոլորտներում առաջացել են մի շարք խնդիրներ։ Միջհամայնքային և մայրաքաղաքի հետ կապող բոլոր երթուղիների դադարեցման հետևանքով առողջապահության ոլորտում ունենք ճգնաժամային իրավիճակ։ Կառանձնացնեի ծանր վիճակում գտնվող հիվանդների այցը բուժհաստատություններ։ Հղի կանայք ծանրաբեռնված տրանսպորտով մի կերպ հասնում էին մայրաքաղաք, այժմ երթուղու չգործելու պատճառով դա ևս անհնար է դարձել, երեխաների համար ևս հնարավոր չէ պատշաճ բուժզննում իրականացնել: Եղած դեղորայքի պաշարը քիչ է, ունենք նաև մանկական կերի պակաս»,-ներկայացրել է Հ.Ապրեսյանը:

Շրջվարչակազմի ղեկավարի խոսքով, տրանսպորտը տնտեսության երակն է, որն այսօր շրջափակման պատճառով չի գործում:

«Մեծ խնդիրներ ունենք նաև գյուղատնտեսության ոլորտում, հատկապես՝ բերքը շուկա հասցնելու և իրացնելու համար, ինչպես նաև հողատարածքները մշակելու, բանվորների տեղափոխության հետ կապված: Բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի արտադրությամբ զբաղվող հողօգտագործողների բերքը, հնարավորության սահմաններում, իրացվում է տեղում` տվյալ տարածքի բնակչության շրջանում, բայց, հաշվի առնելով, որ տվյալ տարածքներում ևս գյուղաբնակներ են և մշակվող սեփական հողատարածքներ ունեն, այդքան էլ պահանջված չէ»,-նշել է նա: