Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քանի րոպե առաջ եմ եկել Խրամորթից, իրավիճակն այս պահին հանգիստ է․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:
«Երեկվանից ծանր տեխնիկա են կուտակել եւ հետ չեն գնացել: Մայրերն իրենց մանկահասակ երեխաների հետ, սեփական նախաձեռնությամբ, գյուղից տեղափոխվել են այլ բնակավայրեր: Խրամորթի բնակիչների մյուս մասը գյուղում է: Վարչական շրջանը պաշտոնապես չի կազմակերպել եւ չի հայտարարել տեղահանման մասին, ուղղակի մարդիկ, անվտանգությունից ելնելով, տեղափոխվել են այլ բնակավայրեր: Խուճապ չկա, բնակիչները զբաղված են իրենց առօրյայով»,-նշեց նա։
Ապրեսյանի խոսքով՝ ադրբեջանական զինված ուժերը կրակահերթեր են իրականացրել հիմնականում ականանետով, որոշ վայրերում անկանոն կրակոցներ են արձակել:
Խաղաղություն եւ հարաբերական կայունություն հաստատելու համար ի՞նչ են բանակցում թշնամու հետ ռուս խաղաղապահները, ասում է՝ տեղյակ չէ, չի տիրապետում բանակցությունների ընթացքին։
«Չեմ կարող այդ հարցերին պատասխանել, ես էլ չգիտեմ, թե նրանք ինչ են բանակցում։ Մեր անվտանգության մարմիններն են զբաղվում նման հարցերով, ես չեմ տիրապետում բանակցություններին եւ ընթացքին»,- նշեց Ապրեսյանը:
Խրամորթի՝ արցախա-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակը նա պայմանավորում է թշնամու՝ լայնամասշտաբ պատերազմ հրահրելու ձգտումներով։
«Հակառակորդը սադրանքի համար հիմքեր է ստեղծում, որպեսզի մեր կողմը պատասխանի եւ լայնամասշտաբ գործողություններ լինեն»,- ասաց Ապրեսյանը:
Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խուսափեց գնահատականներ տալ Արցախում թշնամու գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին, ասաց՝ Արցախում իրադրության որոշակի լարում ունենք։ Ապրեսյանից հետաքրքրվեցինք՝ եթե որոշեն պատասխանել թշնամու գործողություններին, հետեւելու են Հայաստանի իշխանությունների հրահանգների՞ն, թե՞ Արցախի։ «Կոնկրետ այս պարագայում վարչակազմը չի զբաղվում նման հարցերով, այս պահի մեր խնդիրն է բնակչության պաշտպանությունը, անվտանգ տարհանումն ու ապահովումը»,- ասաց նա:
Ռուս խաղաղապահների աշխատանքը Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը «լավ» է գնահատում, ասում է՝ ահազանգերին շատ արագ արձագանքում են: Խաղաղապահներն այս պահին տեղակայված են Խրամորթ գյուղի ամբողջ տարածքով եւ կատարում են իրենց ծառայությունը:
Հետաքրքրվեցինք՝ որպես վարչական շրջանի ղեկավար, հարկ համարո՞ւմ է բնակչությանը զենքով զինել՝ ինքնապաշտպանվելու համար:
«Նման հարցերը չէի ուզենա մեկնաբանել լրատվական միջոցներով, բայց միջոցառումներ իրականացնում ենք եւ ապահովում ենք բնակչության անվտանգությունը»,- ասաց նա:
Գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք գտնվում են սահմանային հատվածում, չեն մշակվում: Գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնում են միայն տնամերձ հատվածներում: «Բնակավայրերից դուրս գտնվող տարածքներում հիմա աշխատանքներ չեն իրականացվում՝ ելնելով անվտանգությունից»,- հավելեց Ապրեսյանը:
Ըստ Արցախի ՊՆ մամուլի ծառայության՝ մարտի 9֊ին՝ օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշերը Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել են հրադադարը։
«Մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14։00-14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50-ից մինչև մարտի 10-ի ժամը 05։40-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական»,- ասվում է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ։
Լիանա Սարգսյան