կարևոր
3589 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-14 15:54
Քաղաքական

Մեզ ուզում են վերացնել որպես տեսակ. ուրիշ Արցախ այլևս չենք կարող ունենալ. հանրհավաք Ստեփանակերտում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական հանրահավաքը մեկնարկեց Տեր Ներսես քահանա Ասրյանի աղոթքով։  Նա նշեց, որ  ժամանակ առ ժամանակ մեր հսկայական հայրենքից մենք պարբերաբար հատվածներ ենք կորցնում, մեզ համար նվիրական հայրենիքի մասեր ենք կորցնում։

«Որոշ մասը կորցրել ենք  ծանր պայքարի մեջ, երբեմն այն զիջել ենք ինչ - որ առումով հուսալով, որ մեզ հանգիստ կթողնեն, վերջապես խաղաղություն կլինի։

 

Այսօր կանգնած ենք ճակատագրական մի պահի, բայց մենք պետք է գիտակցենք, որ ուրիշ Արցախ այլևս չենք կարող ունենալ, ոչ մի բան չի կարող փոխարինել մեր հայրենիքին, ինչպես որ վաղը ոչ մի բան չի կարող փոխարինել Սյունիքին, Տավուշին, Գեղարքունիքին, Հայաստանին։

Մենք վերջապես պետք է հասկանանք, որ  մեր թշնամու համար բացարձակապես նշանակություն չունի մեր քաղաքական նախասիրությունները, կուսակակցական  պատկանելիությունը, կրոնական դավանական հայացքները, ընդհանրապես ոչ մի բան նշանակություն չունի, մեզ  ցանկանում են վերացնել որպես տեսակ և բռնազավթել մեր հայրենիքը, իսկ մեր մնացորդը լավագույն դեպքում պետք է վերածվի աշխարհով մեկ սփռված նորօրյա գնչուների՝ զուրկ արմատներից, հայրենիքից ու ազգային արժանապատվությունից»,- ասաց Տեր Ներսես քահանա Ասրյանը։

Նա նշեց, որ այսօր ժամանակն է վերջապես բոլորը հասկանան այս իրողությունը, ու այս իրողության շուրջ կարողանան  համախմբվել։

«Այո, ծանր է մեր վիճակը, բայց անհույս վիճակներ երբեք չկան, երբ որ ազգը համախմված է՝ հույսը դնելով բացառապես իր և Աստծո վրա»,- ասաց Տեր Ներսես քահանա Ասրյանը։

Նշենք, որ Արցախում այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման մեկնարկի մասին նախօրեին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Հանրահավաքին մասնակցում է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ավելի ուշ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել տեսաուղերձով եւ հայտարարել, որ միանում է շարժմանը:

Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը: