Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
168.am-ի բացառիկ հարցազրույցը ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանի հետ:
Նա գեներալ-մայորի կոչում ստացել է 2018-ի հունվարին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։ Իսկ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից գեներալ Քոչարյանն ազատվել է 2021-ի օգոստոսի 2-ին՝ Արմեն Սարգսյանի հրամանագրով: Նա այն գեներալներից է, որը ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԳՇ հայտարարության տակ:
– Գեներալ, ղեկավարել եք ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունը, որը պատասխանատու է մարտական խնդիրների կատարման հարցում ստորաբաժանումների, զորամասերի և զորամիավորումների մշտական մարտական պատրաստվածության պահպանման, ինչպես նաև դրանց ղեկավարման հմտությունների զարգացման և կատարելագործման համար և այլն: 44-օրյա պատերազմում զորքի մարտական պատրաստությունը բավարա՞ր մակարդակի է եղել, մենք նման պատերազմի պատրաստ եղե՞լ ենք այս առումով:
– Զինված ուժերի զորամասերը հիմնականում պատրաստ էին ռազմական գործողությունների ժամանակ կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները, քանի որ պլանային մարտական պատրաստություն եղել է, համապատասխան բոլոր առարկաներն ուսումնասիրվել են, այնուհետ այդ գիտելիքները կիրառման մեջ են դրվել համապատասխան մարտավարական զորավարժություններին՝ կամ մարտական հրաձգությամբ, կամ առանց դրա: Այսինքն, մարտի բոլոր ձևերով մեր զորքերը պատրաստվել են: Եվ պատերազմական գործողությունների ժամանակ, կրկնում եմ, ԶՈՒ հիմնական կազմը՝ ստորաբաժանումներ, զորամասեր, կատարել են իրենց առջև դրված խնդիրները: Բազմաթիվ փաստաթղթերից, նաև՝ պատերազմի ժամանակ մեր ձեռքն ընկած հակառակորդի մարտական փաստաթղթերից երևում է, որ Ադրբեջանն իր առջև խնդիր էր դրել դուրս գալ նախկին Խորհրդային Միության սահմաններին՝ 7-10 օրվա կտրվածքով:
Բայց պատերազմը տևեց 44 օր, և փաստորեն 7 օրվա փոխարեն՝ մեր զինված ուժերը ռազմական գործողությունների մասնակցեցին և վարեցին 44 օր՝ մարտնչելով, հակահարվածներ հասցնելով հակառակորդին: Դա խոսում է զինված ուժերի պատրաստության մասին: Իհարկե, ասել, որ թերություններ չեն եղել, ճիշտ չի լինի, բոլոր տեղերում էլ թերություններ լինում են: Բնականաբար, խնդիրներ, դեռ չլուծված հարցեր կային: Օրինակ, բանակը համալրվում է 4 զորակոչով, եթե կային 1.5 տարվա զինծառայողներ, ապա նրանց շարքում կային նաև 1 տարվա և նոր զորակոչված զինծառայողներ, որոնք իրենց պատրաստվածության, փորձառության մակարդակով, բնականաբար, զիջում էին առավել երկար ժամկետով զինծառայության մեջ եղածներին:
Եվ այս ամեն ինչը մարտական խնդիրները կատարելու հնարավորությունների և պոտենցիալի վրա ազդեցություն ունեցել է: Բայց զինված ուժերը, զինծառայողները, հատկապես՝ ժամկետայինները, հիմնականում իրենց առջև դրված խնդիրները կատարել են: Շատ անգամ հարց է ծագում՝ այս պատերազմը մենք կարո՞ղ էինք հաղթել, սա ուժերի անհավասար պայքար էր, պատերազմ մի քանի պետության դեմ, և բնական է, որ հայկական զինված ուժերի և մեր դեմ կռվող համախումբ զորքերի հնարավորությունները տարբեր էին: Բայց փաստ է՝ այս պատերազմը կարող էր այլ ելք ունենալ, թերևս, մենք կկարողանայինք հակառակորդին ավելի ուրիշ բնագծերում կանգնեցնել, ոչ թե մեր սահմանների մոտ: Եվ այս պատերազմում մենք կարող էինք հակառակորդին ավելի շատ կորուստներ պատճառել, ավելի շատ ջարդել, շարքից հանել նրա և՛ մարդկային, և՛ տեխնիկական ռեսուրսները:
– Ինչո՞ւ չկարողացանք: Շատ է խոսվում, որ կառավարման լրջագույն խնդիրներ են եղել, պատերազմի հետ կապված տարբեր հարցերի համատեքստում նաև կազմակերպչական, և այս ամենը խուճապային և քաոսային իրավիճակի է հանգեցրել: Ունեցել ենք նաև կապի հետ կապված խնդիրներ:
– Այդ բոլոր հարցերը, իհարկե, եղել են, բայց չէի ասի՝ համատարած: Եվ որտեղ հրամանատարները փորձառու են եղել, կառավարում եղել է, խնդիրը կատարվել է: Բայց անակնկալի երևույթներ կային: Մասնավորապես, հակառակորդն ազդում էր մեր կառավարման միջոցների վրա, փոխում մարտի ձևերը, խուճապային հարցեր կային: Օրինակ, կառավարման վրա շատ էր ազդում ինտերնետային կապը: Հակառակորդը փակել է այդ հնարավորությունները: Երկրորդ՝ մեր զինծառայողները, հատկապես պահեստազորայինները համատարած օգտագործել են բջջային հեռախոսներ, ինչը հակառակորդին հնարավորություն էր տալիս արագ հայտնաբերել, խլացնել, կամ մեր ապագա գործողությունները կռահել: Մեր մեծ թշնամին ինտերնետային կապն էր, որը համապատասխան մարմինները պիտի փակեին:
Զինվորները, պահեստազորայինները շատ հանգիստ օգտագործում էին իրենց հեռախոսները, որովհետև այդ առումով կարգապահություն չկար: Եվ հակառակորդը լսելով, հավաքագրելով այդ ինֆորմացիան, համապատասխան եզրակացություն է, չէ՞, արել, համապատասխան որոշումներ կայացրել: Մենք օրինակներ գիտենք, երբ զինծառայողի կանգնած վայրի ուղղությամբ հակառակորդը հարված է հասցրել, և մենք անգամ լուրջ տեխնիկա ենք կորցրել:
Բայց ես ուզում եմ անդրադառնալ մեկ այլ կարևոր հանգամանքի. պատերազմի ժամանակ լինում են կորուստներ՝ մարդկային, տեխնիկական, և այդ կորուստները լրացնելու խնդիր է առաջանում: Կարծում եմ, որ մեր գլխավոր խնդիրներից մեկն այն էր, որ մենք չկարողացանք ժամանակին, ճիշտ և կազմակերպված լրահամալրում կատարել զինված ուժերի շարքում՝ ինչպես մարդկային ռեսուրսների, այնպես էլ՝ սպառազինության, ռազմական տեխնիկայի: Եթե հրանոթները շարքից դուրս են գալիս, դրանք պիտի համալրվեն, երբ կռվող զինվորների շարքերը նոսրանում են, ապա դրանք թիկունքից եկող նոր զինվորներով, պահեստազորայիններով, զորահամալրված անձնակազմով պիտի լրացվեն, ինչը չէր արվում կամ արվում էր շատ վատ: Եվ հաճախ մարտի դաշտ ուղարկված պահեստազորայինները դեռ մարտի մեջ չմտած՝ նահանջում էին, լքում մարտի դաշտը:
– Բաց աղբյուրների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կարևոր ուղղություններում պատրաստ չեն եղել պատերազմն ընդունելուն, զինվորներն առաջին հարվածի ժամանակ զորամասերում են եղել, սրանից հետո նոր միայն տագնապ հայտարարվել: Մինչդեռ առնվազն 2 օր առաջ իշխանություններն իմացել են պատերազմի սկսման մասին, բայց համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվել, իսկ 2 օրը բավարար էր, օրինակ, պաշտպանության անցնելու համար, բացազատման: Ինչո՞ւ դա չի արվել, ինչպես հարկն է:
– Ես չգիտեմ, որովհետև այդ ժամանակ գտնվել եմ ՌԴ-ում՝ մեր ստորաբաժանումները մասնակցում էին «Կովկաս 2020» զորավարժություններին: Մենք Հայաստան ենք վերադարձել սեպտեմբերի 30-ին, երբ արդեն ռազմական գործողությունները սկսված էին, գտնվում էին ակտիվ փուլում: Իհարկե, ես՝ որպես զինվորական, համապատասխան կրթություն ստացած, և ունենալով վերլուծելու որոշակի հնարավորություն, կարող եմ այդ հարցի հետ կապված ունենալ իմ կարծիքը, բայց այդ հարցին թող պատասխանեն համապատասխան ղեկավարները, որոնք դրա համար պատասխանատվություն են կրում: Վերջիվերջո, յուրաքանչյուրն իր արածի համար պատասխան պիտի՞ տա, վաղ թե ուշ համապատասխան պաշտոններ զբաղեցրած անձինք պիտի՞ պատասխան տան՝ ինչի կիսատ արեցին, մինչև վերջ չարեցին, ինչը կամ ով խանգարեց:
– Իշխանությունները հիմնական սլաքն ուղղում են դեպի բանակը, զինվորականությունը: Իհարկե, ռազմական ղեկավարությունն ունի այս կամ այն հարցում մեղավորության իր չափաբաժինը, բայց խնդիրն այն է, որ փորձ է արվում պատերազմի պարտության ամբողջ բեռը բարդել բանակի վրա: Միաժամանակ, քրեական գործեր են հարուցվում հրամանատարների նկատմամբ՝ մոռանալով պատերազմից առաջ իրենց իսկ կադրային սխալ նշանակումները: Կան առանցքային հարցեր, որոնք, հարց է՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը կանդրադառնա՞, թե՞ ոչ:
– Նախ՝ ես չգիտեմ՝ այդ հանձնաժողովի անդամները որքանով են կոմպետենտ, որ կարողանան ուսումնասիրել, գնահատական տալ, բացահայտել դրականն ու բացասականը, և լուրջ վերլուծություն անել: Իսկ այն, որ լուրջ վերլուծություն պիտի արվի այս պատերազմի, դրա ելքի, կորուստների վերաբերյալ, դա հաստատ: Եվ զինված ուժերը, և համապատասխան պետական մարմինները պիտի լուրջ վերլուծություն անեն, օբյեկտիվ վերլուծություն, ոչ թե մեկին կամ մյուսին բռնելու համար, եթե մենք ուզում ենք ունենալ մարտունակ և երկրի անվտանգությունն ապահովող զինված ուժեր, եթե մենք տրամադրված ենք դրան: Եթե տրամադրված չենք, իհարկե, մարդկանց կբռնենք, կփակենք ինչ-որ նպատակների, ինչ-որ բան շահելու համար: Եթե ուզում ենք ունենալ զինված ուժեր, կրկնում եմ, պետք է օբյեկտիվ վերլուծություն արվի՝ չխնայելով ոչ մեկին, ճիշտը պարզաբանելով, բոլոր թերությունները բացահայտելով:
– Գեներալներ կան, որոնք անցնում են քրեական գործով, Դուք որևէ գործով անցե՞լ եք:
– Վկայի կարգավիճակով էի անցնում:
– Ի՞նչ գործով էիք վկա, ո՞ր ուղղության հետ կապված, եթե գաղտնիք չէ:
– Դա գործ էլ չեմ կարող համարել: Խուճապի մեջ հայտնված պահեստազորայինները՝ մարտի դաշտից թռած, փախած, փորձել էին իրենց մեղքը բարդել գեներալ Քոչարյանի վրա, բնականաբար, դա չհաջողվեց, որովհետև ես չեմ փախչել: Խոսքը Հարավային ուղղության մասին է: Ես գտնվում էի Հարավային ուղղության շտաբում այդ ժամանակ, և ես բացատրեցի քննիչին և այդ մարդկանց, որ գեներալ Քոչարյանն այն տեսակը չէ, որ մարտի դաշտից փախչի, երբ 17 տարեկանից զինվորական է, անցել է հրամանատարական գրեթե բոլոր պաշտոններով, և գիտի ինչ ասել է՝ սպայի, գեներալի պատիվ: Բացի դրանից, ես չէի կարող փախչել, երբ Ջրականում կռվում էր մինուճար որդիս՝ ժամկետային, պատերազմում կռվում էր նաև եղբորս որդին, և վերջապես գեներալ Քոչարյանը սյունեցի է, և չէր կարող փախչել մարտի դաշտից:
– Ասում են՝ Հարավային ուղղությամբ են եղել լրջագույն և որոշիչ թերություններ:
– Ասում են՝ Հարավային ուղղություն, Հարավային ուղղություն, բայց չէ՞ որ հակառակորդն իր ամբողջ հնարավորությունները կենտրոնացրեց Հարավային ուղղությամբ:
– Դա մեզ համար անակնկա՞լ էր, թե՞ սպասելի:
– Երբ հրամանատարները վերևից ներքև շտաբներում պլանավորում են մարտը, կայացնում որոշումներ, բոլորն էլ գիտակցում են, որ ռազմական գործողությունները սկսվելուց հետո գործնականում այդ որոշումների կատարման ժամանակ կարող են շեղումներ լինել: Դա թելադրում է մարտական գործողությունների բնույթը և ընթացքը: Նույնն էլ այս պատերազմի ժամանակ. հակառակորդը հաջողություն ունենալու հնարավորություն է տեսել, և իր ամբողջ ուժերը կենտրոնացրել է այս ուղղղությամբ և կարողացել առաջխաղացում զարգացնել:
– Ալիևը հայտարարել էր, որ եթե իրենց չհաջողվեր առաջին օրը ճեղքել մեր պաշտպանական գիծը, հետագայում իրենց համար շատ դժվար էր լինելու: Ռազմական ոլորտի մասնագետները, 44-օրյա պատերազմի մասնակիցները պատերազմի որոշիչ օրերը հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 6-ն են համարում:
– Հոկտեմբերի 4-ից հետո նրանք դեռ լավ ջարդ են կերել, և Ջրականի թիկունքում գտնվող գիծը բավականին երկար պահել ենք՝ մոտ 8 օր: Պարզապես հակառակորդին հաջողվեց մխրճվել մեր պաշտպանությունը: Ես քիչ առաջ նշեցի, որ երբ կռվող զինծառայողների շարքերը նոսրանում են, դրանք պետք է խտացնել, լրացնել:
– ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը վերջերս ասաց, որ իշխանություններն ուժ չեն կուտակել Հարավային հատվածում հակառակորդի մխրճումը, ճեղքվածքը փակելու համար:
– Այո: Ւսկ տարածքային առումով, նկատի ունեմ ճակատի լայնությունը, հակառակորդը որքան առաջ էր գալիս, և որքան մենք հետ էինք գնում, այնքան ճակատն ավելի էր լայնանում՝ ելնելով տեղանքի բնութագրից: Իսկ խտության և խորքային առումով մինչև Սյունիքի՝ Մեղրիի սահման, գրեթե մենք ուժեր չունեինք: Բայց ես մի բան էլ ասեմ՝ ռազմական գործողությունների ընթացքում շատ հազվագյուտ է լինում, որ զորքերը հետ են քաշվում և հաջող բնագիծը զբաղեցնում կազմակերպված: Սովորաբար նահանջ հրամանից հաջորդ բնագծի զբաղեցման «ճանապարհին» լինում է խուճապային վիճակ, որից հակառակորդն օգտվում է, արագացնում հարձակման իր տեմպերը: Մեր Հարավային ուղղությունում մենք իրականացրել ենք նահանջի մի քանի գործողություն, և գրեթե բոլոր տեղերում կարողանում էինք 1-2 օր դիմագրավել թշնամուն և հարվածներ հասցնել, մաշել նրան: Այսինքն, այս դեպքում կառավարում կար, բայց կատարողների կարգապահությունն էր թույլ՝ պահեստազորից եկածների հիմնականում: Այսինքն, որոշումների ճշգրիտ կատարման հետ կապված խնդիր ենք ունեցել: Դրա համար ստիպված էինք նահանջել, զբաղեցնել հաջորդ բնագիծը, որպեսզի հնարավորություն չտանք հակառակորդին թևանցումներով, շրջանցումներով շրջափակել զորքին և ոչնչացնել:
– Նախկինների ժամանակ, ապրիլյան պատերազմում իրենց լավ դրսևորած հրամանատարները 44-օրյա պատերազմում թերացումներ են թույլ տվել, անցնում են քրեական գործերով: Ինչո՞ւ, ի՞նչն է խանգարել նրանց:
– Ապրիլյան գործողությունների ժամանակ մեզ հաջողվեց հակառակորդին թելադրել մեր կամքը, և այս դեպքում հեշտ է կառավարել սեփական զորքին: Այս ռազմական գործողությունների ժամանակ որոշ հատվածներում արդեն դժվար էր կամք թելադրել հակառակորդին: Եթե հակառակորդին մեր կամքը թելադրեինք, այս պատերազմը այլ ավարտ կունենար, բայց չստացվեց մեր կամքը թելադրել: Ես արդեն ասացի՝ ինչու՝ ուժերի և միջոցների անհավասարություն, պատերազմում նոր տեխնոկոգիաների կիրառում, որին մեր հրամանատարական կազմը և զինծառայողները սովոր չէին, պատրաստ չէին: Բացի այս, փոխվել են հրամանատարներ, և որակական ու փորձառության առումով սխալ նշանակումներ են արվել, իսկ սա թույլ չի տվել արագ որոշումներ կայացնել, կազմակերպվել, անձնակազմը համախմբել և այլն:
– Սա նախևառաջ նշանակողի մեղավորությունն է, որովհետև չի բացառվում, որ մի տեղում իրեն լավ չդրսևորած հրամանատարը մեկ այլ տեղում այլ արդյունք ցույց տար, որտեղ տեղանքին գոնե լավ ծանոթ կլիներ:
– Համաձայն եմ:
– Վերադառնալով Սյունիքին, նրա ճակատագիրն այսօր վտանգված է, որպես փորձառու զինվորական և սյունեցի՝ ի՞նչ ապագա եք տեսնում:
– Չեմ կարծում, որ Սյունիքն այդքան հեշտ կկորցնենք:
– Ռազմավարական նշանակության ճանապարհներ կորցրել ենք, չէ՞:
– Ինչի՞ ենք կորցրել՝ պատմությունն իր գնահատականը կտա: Բայց ինձ թվում է, որ ժողովուրդն այլևս հայրենիք կորցնել չի ուզում՝ հաշվի առնելով այս օրերի զարգացումները: Չի ուզում թուրքի հետ բարեկամություն անել, կամ որ այդ ճանապարհներն անցնեն՝ թուրքին հարկ վճարելով:
– Իրենք արդյո՞ք մեծամասնություն են:
– Թմբիր կա մի քիչ մեր ժողովրդի մեջ, բայց կզարթնեն: Միշտ էլ հառնել ենք մոխրից, համախմբվել: Մի՞թե Սարդարապատում այդպես չի եղել, ցեղասպանությունից մազապուրծ եղած ժողովուրդը կարողացավ համախմբվել:
– Իշխանություններն ասում են, որ ժողովուրդն իրենց ուրիշ մանդատ է տվել՝ թուրքերի հետ բարեկամության, հաշտության:
– Ամեն դեպքում, հայի գենը կա: Կամաց-կամաց ժողովուրդը զարթնում է: Չեմ կարծում, որ մենք երբևիցե կհամակերպվենք նրա հետ, որ Սյունիքում իշխեն թուրքերը, և Սյունիքն անցնի Ադրբեջանի տիրապետությանը:
– Ադրբեջանը նորից ակտիվացրել է խոսակցությունները Տավուշի գյուղերի հետ կապված:
– Փորձում են մեր ժողովրդի տրամադրությունները ստուգել, և այս արթնացումը, որ կա, նրանք լավ գիտակցում են… Մյուս կողմից, ինչի՞ են նրանք շտապում, որովհետև մտածում են՝ քանի պատերազմից հետո վախը մնացել է, քանի վախները բռնել ենք, եկեք մեր բոլոր հարցերը վերջնական լուծենք: Բայց հայի գենը զարթնել է: Հիմա անդրադառնամ Սյունիքին, Դավիթ Բեկից մինչև Մեղրիի սահմանագիծ ընդամենը մի տեղ էր հակառակորդը սահմանից առաջ: Խոսքը պատերազմից առաջ եղած փաստի մասին է՝ հոկտեմբերի 24-25-ի ժամանակահատվածում, ես հոկտեմբերի վերջին նշանակվել էի «Կապան» խմբավորման ղեկավար: Եվ երբ ես ստանձնել եմ հրամանատարությունը, թուրքերն արդեն գրավել էին այդ մի հատվածը, մնացած հատվածներում՝ Կապանի մասում, թուրքը սահմանի վրա կանգնած չի եղել: Այսօր ասում են՝ Հանդում առաջ են եկել, Փայլասարը թուրքերին են տվել, ձախում էլի ինչ-որ սահմանահատված կա, որ մերոնք հետ են քաշվել, դա եղել է ինձնից հետո: Ո՞վ է տվել, ո՞վ է հրաման տվել մեր զորքերը հանելու…
– Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Վաղարշակ Հարությունյանին անձամբ ինքն է Սյունիքից զորքերի հետքաշման հրաման տվել:
– Դա եղել է 2020-ի դեկտեմբերի 17-ին և 18-ին: Մինչ այդ հետքաշումը թուրքերը մեր սահմանին նստած չեն եղել: Բայց հետքաշումից հետո, ամեն դեպքում, հարմար բնագծի վրա էինք նստել, նպաստավոր, գերիշխող բնագծերի վրա, և թուրքը բոլոր տեղերում գտնվում էր մեզնից ցածր դիրքերում: Իսկ Հանդի, Փայլասարի հետ կապված դեպքերը եղել են 2021-ի մարտի 15-ից հետո, երբ որպես զորահրամանատար՝ իմ լիազորությունները դադարեցվեցին: Փայլասարը ռազմավարական լուրջ նշանակություն ուներ, որն այսօր մեր ձեռքում չի: Ով հրաման է տվել այնտեղից սահմանապահներին հետ քաշվել, և համաձայնել է, որ ռուս խաղաղապահներն էլ իջնեն այդտեղից, թող նրանք էլ պատասխան տան: Այստեղ հայելային հետքաշում չի եղել, մերոնք են իջել, թուրքն էլ նստել է Փայլասարի վրա:
– Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել հայելային հետքաշման մասին, հիմա էլ Երասխի հատվածում:
– Ի՞նչ է դա տալու մեզ, մենք այդքան տարածքներ ունե՞նք: Դա ձեռք է տալիս այն պետություններին, որոնք ունեն մեծ տարածություններ, հողատարածքներ, արոտավայրեր, և կարող են զորքը հետ քաշել, որովհետև 1-2 կմ հետքաշումն իրենց չի վնասի: Մեզ ի՞նչ է դա տալու: Մենք չե՞նք հոգնել թուրքին հավատալուց: Քանի՞ ցեղասպանություն է պետք այս ազգի գլխին, որ մենք հասկանանք՝ թուրքին վստահել չի կարելի: Խաղաղություն պետք է պարտադրել, իսկ դրա համար ուժեղ բանակ է պետք, լավ տրամադրված ժողովուրդ, որ իրենից շատ հայրենիքը սիրի:
– Դուք ստորագրել էիք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԳՇ հայտարարության տակ: Հասարակությունը ձեզնից կտրուկ քայլեր էր սպասում, բայց սահմանափակվեցիք միայն հայտարարությամբ: Գուցե ի սկզբանե դա էր նախատեսված, այդ դեպքում կարծում էիք, որ դրանից ազդված այս իշխանությունները պիտի հեռանայի՞ն:
– Եթե զինված ուժերը գործողություն անեին, ի՞նչ եք կարծում՝ այս պետությունը կընդունվե՞ր մնացած պետությունների կողմից:
– Հիմա ընդունվո՞ւմ է:
– Չգիտեմ: Իհարկե, որևէ տեղ թույլին չեն ընդունում, անգամ՝ փողոցում, բակում, դպրոցում:
– ԳՇ պետ ինչո՞ւ չունենք:
– Երևի կադրեր չկան, կամ չեն ուզում: Միգուցե պետք չի, որ լինի: Նայած՝ ում ոնց է ձեռք տալիս: Իսկ թուրքին ի՞նչ է ձեռք տալիս՝ մենք ունենա՞նք ԳՇ պետ, թե՞ չունենանք, կամ զինված ուժերում ունենա՞նք փորձառու գեներալներ, սպաներ, գնդապետներ, թե՞ ոչ: Կարծում եմ՝ թուրքին, Ալիևին դա ձեռք չի տալիս: Խոսքս փորձառու, սովորած, բարեխիղճ զինվորականների մասին է, դրանք բավականին շատ են:
Աղբյուրը՝ 168.am