Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Նիկոլ Փաշինյանի վարած խաղաղամուրական քաղաքականությունը հանգեցրել է նաև նրան, որ, ի լրումն ամենի, Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչներն արդեն առանց չնչին չափով իսկ նեղվելու, իրենց պարտք են համարում ուղիղ կերպով վիրավորել ու նվաստացնել հայերին, Հայաստանը, Արցախի հայությանը: Խնդրեմ, հիացեք. Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը նշել է որպես «Խանքենդի»: Քաղաքականության մեջ ու առհասարակ կյանքում պատահական բաներ չեն լինում:
Հենց այնպես չեն վերցնում ու Ստեփանակերտի փոխարեն կամ Ստեփանակերտին զուգահեռ գրում՝ «Խանքենդի»: Սա՝ իր հերթին: Հիշատակյալ Տոյվո Կլաարն իր թվիթերյան միկրոբլոգում մասնավորապես նշել է. «Բաքու-Ստեփանակերտ/Խանքենդի իրական երկխոսությունը պետք է սկսվի բռնությանը այլընտրանք ներկայացնելու, անհրաժեշտ վստահությունը ամրապնդելու և արժանապատվությունն ապահովելու նպատակով»: Այնպիսի տպավորություն է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին խոսողները, առաջին հերթին՝ Արևմուտքի ներկայացուցիչները ոչ մի անգամ ոչինչ չեն լսել Բաքվի հնչեցրած ուղիղ սպառնալիքների, Արցախի էթնիկ զտմանն ուղղված իրականացվող քայլերի, Բաքվի հրահանգներով իրականացվող կոնկրետ սպանությունների մասին:
Առհասարակ, բոլորը, ովքեր Արցախին մղում են Բաքվի գիրկը, այսպես ասած՝ «ուղիղ երկխոսության», պետք է առնվազն նշեն, թե ի՞նչ միջազգային երաշխիքներ կարող են ապահովել, ի՞նչ ձևաչափ է դա ունենալու, կողմերը որպես ո՞վ են բանակցելու, ո՞ր տերություններն են այդ բանակցություններին ու դրանցով գրանցվելիք պարտավորություն-պայմանավորվածություններին տեր լինում: Հարթակ կա՞: Օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի տարբերակով թեկուզ: Կարծես՝ չկա: Այսինքն, հարթակ չկա, երաշխիքներ չկան: Իսկ նման դեպքում՝ «ուղիղ երկխոսության մասին» հայտարարությունները, հորդորները, գրառումները դատարկախոսություն են և առանց այն էլ դժվարին ու անմարդկային վիճակում դրված Արցախի հայերին արնախում ու հակամարդ թշնամու երախը նետելու ստոր նպատակ հետապնդող մտադրություններ: Քաղաքակրթական ոչ պակաս արյունոտ շղարշով վատ քողարկված մտադրություններ, ի դեպ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում