Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում, անդրադառնալով Արցախի հիմնահարցին, նշեց. «Ինչպե՞ս կարող է Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորվել առանց Լեռնային Ղարաբաղի: Շատ հաճախ օգտագործվում է «օկուպացիա» բառը, բայց այն մարդիկ, որոնք ապրում են Ղարաբաղում, ծնվել են Ղարաբաղում, ապրել են Ղարաբաղում, նրանց պապերն են ապրել Ղարաբաղում, նրանց պապերի պապերն են ապրել Ղարաբաղում և դեռ կարող են շատ շարունակել: Ինչպե՞ս կարող է մարդն օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է, որտեղ իր երեխան է ծնվել և որտեղ ծնվել, ապրել ու հուղարկավորվել են իր նախնիները: Հետևաբար` ամեն կոնֆլիկտ ու իրավիճակ պետք է դիտարկել իր էության մեջ: Հասկանալի է, որ այստեղ կան բազմաթիվ նրբություններ: Մեր առաջարկն է` նստել սեղանի շուրջը, նստել` կոնֆլիկտի բոլոր կողմերով, քննարկել բոլոր նրբությունները և համաձայնել, որ մենք խոսում ենք ոչ թե հարցի չկարգավորման, այլ կարգավորման մասին, համաձայնել, որ մեր օրակարգը ոչ թե իրար ոչնչացնելու օրակարգ է, այլ հարցերը կարգավորելու օրակարգ է, այնպես, ինչպես հարիր է 21-րդ դարի մարդկանց ու ԵԽ անդամ երկու երկրների, պետոությունների և ժողովուրդների: Մենք հենց այս տրամաբանությամբ ենք առաջնորդվում: Ես վերջերս նույնիսկ հանդես եմ եկել գուցե շատ տարօրինակ թվացող նախաձեռնություններով: Ասուլիսի ընթացքում հռետորական հարց տվեցի, թե արդյո՞ք, օրինակ, Ադրբեջանի նախագահը կամ ղեկավարությունը ոչինչ չունի ասելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովուրդներին: Ես, օրինակ, կուզենայի ունենալ հնարավորություն դիմելու Ադրբեջանի ժողովրդին և խոսելու նրանց հետ: Իհարկե, հիմա էլ կարող եմ, բայց ես չեմ ուզում, որ դա լինի, այսպես ասած, միակողմանի և հանկարծ որևէ կերպ չընկալվի որպես սադրիչ քայլ: Ես ուզում եմ, որ կառավարությունների և ժողովուրդների միջև այս խոսակցությունը սկսվի և տեղի ունենա, որովհետև մեր օրակարգը խաղաղության օրակարգ է, և մենք ֆորմատի փոփոխության հարց չենք դնում»,- ընդգծեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է ԵԽԽՎ լիագումար նիստին և հանդես է եկել ելույթով` այնուհետև պատասխանելով իրեն ուղղված հարցերին: