Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախը ներգրավելու` Հայաստանի առաջ քաշած օրակարգը նորություն չէ ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ո՛չ էլ Ադրբեջանի համար: Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որքա՞ն է պատրաստ սպասել Հայաստանը, եթե Ադրբեջանը չհամաձայնի Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու` հայկական կողմի դիրքորոշման հետ:
«Սպասելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա: Դիվանագիտական գործընթացում պետք է պարզապես հետևողականորեն աշխատել, որովհետև ես անկեղծ ասեմ՝ այն, ինչ հրապարակային ասվում է, նորություն չէ ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ո՛չ էլ մեր ադրբեջանցի գործընկերների համար: Այն, ինչ ասել ենք այս ընթացքում, այդ օրակարգը ես որոշ շփումների ընթացքում առաջադրել եմ. դա նույն օրակարգն է, որը ձևավորվել է 2018 թվականի մայիսին, այդ օրակարգի սպասարկումը մենք շարունակում ենք, և ուզում եմ արձանագրել մի կարևոր նրբություն` ինչպես արդեն Ստեփանակերտում հայտարարել եմ, սա մեր կողմից ո՛չ քմահաճույք է, ո՛չ նախապայման: Սա ձևաչափի փոփոխության առաջարկ չէ, բանակցային ձևաչափի վերականգնման առաջարկ է: Մենք այս թեմայով քննարկումը շարունակելու ենք մեր գործընկերների հետ և փորձելու ենք այդ քննարկումը շարունակել փաստարկների դաշտում, որովհետև բանակցությունը բանակցություն է նրանով, որ մենք իրար լսում ենք: Հայաստանը ցուցաբերել է այդ ընդունակությունը՝ լսել դիմացինին, փորձել հասկանալ դիմացինին, և մենք նույնն ակնկալում ենք նաև նրանցից: Այնտեղ, որտեղ մեր գործընկերները համարում են, որ մեր դիրքորոշումը կարող է գնահատվել չափից դուրս կարծր, մենք կարող ենք այդ դիրքորոշումը մեղմացնել, բայց մենք նույն ակնկալիքը պետք է ունենանք նաև մեր գործընկերներից, որովհետև, հակառակ դեպքում, խոսակցություն տեղի չի ունենա»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտության մասին առաջին հայտարարությունն արել է Ազգային ժողովում՝ որպես վարչապետի թեկնածու, իսկ վարչապետ ընտրվելու հաջորդ օրը նույն հայտարարությունը կրկնել է Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Այս հայտարարությունների շարքը մարտահրավեր չէ, սա երկխոսության հրավեր է, երկխոսության գործընթաց: Այդ երկխոսությունը նոր չի սկսվել, սկսվել է Դուշանբեում, շարունակվել Սանկտ Պետերբուրգում, Դավոսում: Հաջորդ երկխոսությունը չգիտեմ, թե որտեղ տեղի կունենա, և մենք չենք պատկերացնում մի ռեժիմ, որ կողմերից որևէ մեկն ասի՝ ես երկխոսությունից հրաժարվում եմ: Դա տրամաբանական մոտեցում չի լինի: Մմենք էլ չենք հրաժարվի երկխոսությունից, իսկ այդ երկխոսության ընթացքում սեղանին կդնենք մեր փաստարկները և ուշադիր կլսենք մեր գործընկերների հակափաստարկները: Կարծում եմ, որ կառուցողական և արդյունավետ լուծումը կամ շարունակությունը հենց այս տրամաբանության շրջանակում պետք է լինի»,- եզրափակեց Փաշինյանը: