Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 1,5 միլիարդ դոլարի չափով վարկի հատկացմանը՝ վերականգնողական գործունեության համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
Ըստ բանկի մամուլի տեղեկագրի՝ ֆինանսավորումը կօգնի բավարարել «նոր չունևոր և տեղահանված անձանց» տնային տնտեսությունների կարիքները, կաջակցի բարեփոխումների իրականացմանը՝ ուղղված պետական ռեսուրսների ծախսերի թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը, ինչպես նաև կնպաստի շուկայական գործունեությանը:
Որպես երաշխավոր հանդես է եկել Ճապոնիայի կառավարությունը։
«Վարկն Ուկրաինայի միջազգային աջակցության փաթեթի անբաժանելի մասն է՝ 2023 թ.-ի նրա ֆինանսավորման կարիքները բավարարելու համար», - նշել է բանկը:
Իր հերթին, Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հաղորդել է, որ հունիսի 29-ին երկրի պետական բյուջեն ստացել է 1,215 միլիարդ դոլարի չափով դրամաշնորհային ֆինանսավորում` Համաշխարհային բանկի բազմաթիվ դոնորների Նպատակային հիմնադրամի միջոցով, այդ թվում՝ 1,2 միլիարդ դոլար՝ ԱՄՆ-ից և 15 միլիոն դոլար՝ Ֆինլանդիայից:
Ստացված միջոցներն ուղղվելու են պետական մարմինների աշխատողների և մանկավարժների աշխատավարձերի վճարմանը, կենսաթոշակային վճարումներին, ինչպես նաև պետական սոցիալական օգնության որոշակի ծրագրերի վճարումներին։