Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Սիրիլ Մյուլերին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հարավկովկասյան տարածաշրջանի նորանշանակ տնօրեն Մերսի Տեմբոնը: Նախագահը շնորհավորել է նրանց՝ այդ պատասխանատու պաշտոնները ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքում։
Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ Հայաստանի երկար տարիների համագործակցությունը և կարևորել բանկի դերը մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ընդգծելով, որ Համաշխարհային բանկը Հայաստանում ի սկզբանե դիտարկվել է ոչ միայն ներդրումային ծրագրեր ֆինանսավորող, այլ նաև տնտեսական բարեփոխումների և մարդկային կարողությունների զարգացմանն աջակցող գործընկեր:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ գործընկերությունը կպահպանվի և կամրապնդվի, փոխգործակցությունն ավելի կակտիվանա, իսկ ծրագրային ուղղությունները նոր որակ կստանան` լավագույնս արտահայտելով գլոբալ տնտեսական մարտահրավերները, տարածաշրջանային զարգացումներն ու առանձին երկրներին հատուկ միտումները և քաղաքականության առաջնահերթությունները:
Նախագահը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների իրականացումը Հայաստանում:
ՀԲ փոխնախագահ Սիրիլ Մյուլերը նշել է, որ իր և տարածաշրջանային տնօրենի նշանակման հետ միասին աշխատանքի բարձր նշաձող է սահմանվել, և այդ հավակնություններն իրականացնելու գործում իրենց կողմից արվելու է ամեն հնարավորը: Ըստ նրա, անցած տարիների ընթացքում Համաշխարհային բանկն արդեն նախատեսել է մի շարք ծրագրեր, որոնց իրականացումը Հայաստանում մոտ 700 մլն ԱՄՆ դոլար կարժենա: Հայաստանի զարգացման համար այդ ծրագրերի իրականացումը, Սիրիլ Մյուլերի համոզմամբ, կարևոր նշանակություն կունենա:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի հետ ՀԲ-ի գործընկերության ռազմավարության ներկայիս ծրագրի իրականացման ընթացքը, անդրադարձել նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթ ուղղություններին, միջնաժամկետ կայուն տնտեսական աճի համար անհարժեշտ հիմքերի ապահովման խնդիրներին՝ այդ տեսանկյունից կարևորելով ՀԲ-ի դերակատարումը՝ պետություն-մասնավոր հատված մոդելի ներքո մասնավոր ներդրումների խթանմանն աջակցելու գործում: