Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետրի մեջ Արցախն ու «անկլավները» ներառելու տրամաբանությամբ առաջնորդվող իշխանությունը շատ հստակ ձևակերպված նպատակ ունի։ Դեռ 2018-ի ապրիլից այդ իշխանությունը երկու խնդիր ունի՝ օր առաջ Արցախի Հանրապետությանն ամբողջովին բռնակցել Ադրբեջանին, իսկ ՀՀ-ն Թուրքիայի ու Ադրբեջանի կցորդը դարձնել։ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի դիտարկումն է, որի համոզմամբ, նման քաղաքականությամբ առաջնորդվող իշխանությունների գործողությունները ծանր հանցագործությունների հատկանիշներ են պարունակում։
«Այս իշխանության՝ նշված երկու նպատակները հաշվի առնելով՝ աշխարհաքաղաքական պղտոր կենտրոնները ծափահարում են Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ ամբողջովին իմաստազուրկ, իրավազուրկ հայտարարություններին, ողջունում ցանկացած ստորագրություն։ Աշխարհաքաղաքական խնդիրն էլ է պարզ, այն է՝ օր առաջ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից, և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային այստեղ հեգեմոն դարձնել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ալավերդյանը։
Նրա խոսքով, կան բազմաթիվ իրավական, նաև պատմական հիմքեր, համաձայն որոնց, իշխանությունները չեն կարող վերոնշյալ տրամաբանությամբ որևէ փաստաթուղթ ստորագրել։ «Իրեն պետության հետ նույնականացնող անձն իրավունք ունի խոսել միայն իր անունից։ Իր ստորագրությունը՝ լինի 2020-ի նոյեմբերի 9-ին, թե դրանից հետո, իրավական առումով առոչինչ է։ Այդ ստորագրությունն օգտագործվում ու կիրառվում է միայն քաղաքական պղտոր նպատակադրումներով՝ կարճաժամկետ արդյունքների հասնելու համար։ Այդ անձի ստորագրած որևէ փաստաթուղթ իրավական հետևանք չի կարող ծնել՝ հաշվի առնելով նախ այն փաստը, որ իր հնչեցրած թեզերն այնքան հեռու են ճշմարիտ լինելուց։
Այդ անձն անտեղյակ է թե՛ պատմական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական հիմքերից, համաձայն որոնց, ԼՂ ժողովուրդը հայ ժողովրդի անքակտելի մասն է։ Նա աղավաղում ու խեղաթյուրում է իրավական հիմքերը, որոնք անթերի են։ Խեղաթյուրված հիմքերը որպես պատմական կամ իրավական հիմք ներկայացնելով՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը բավականին ծանր հանցագործություն է գործում, բացի այդ, նա մոլորության մեջ է գցում Հայաստանի այն բնակիչներին, որոնք անտեղյակ են։ Օրվա իշխանությունները կորցրել են իրենց լեգիտիմությունը, և այս տեսանկյունից նրանց հայտարարություններն առոչինչ են։ Հասարակության ավելի լայն շերտերը պետք է լավ գիտակցեն, որ այս անձը թուրք-ադրբեջանական ցեղասպան գաղափարախոսության կրողն է, ինքը հայատյաց է, իսկ առավել շատ ատում է հայրենիքն ազատագրողներին, հերոսների ծնողներին»,-ընդգծեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով պատմական, իրավական հիմքերին, նաև մի շարք պնդումների՝ Լարիսա Ալավերդյանը մի քանի օրինակ բերեց։ «Քանի որ ժամանակակից Ադրբեջանն իրեն հայտարարել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, պնդում կա, թե «այդ ժամանակ Արցախը հենց Ադրբեջանին էր պատկանում»։ Սուտ է, այս պնդմամբ ևս խեղաթյուրվում, այլասերվում է պատմությունը։ Հստակեցնենք՝ Արցախը երբևէ 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության մաս չի կազմել։ Ավելին, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը պայմանագրային հարաբերությունների մեջ է մտել Արցախի Ազգային խորհրդի և նրա կառավարության հետ։
Նույն Ազգային խորհրդի ու այդ մարմնի կողմից կազմավորված կառավարության հետ պայմանագրային և համաձայնագրային հարաբերություններով հստակեցվել են, որ տարածաշրջանային հարաբերություններում այդ ժամանակվա՝ ԼՂԻՄ-ից 4 անգամ ավելի մեծ տարածքով Լեռնային Ղարաբաղն առանձին և ինքնուրույն սուբյեկտ է։ԼՂ նշված երկու մարմինների հետ պայմանագրային ու համաձայնագրային հարաբերությունների մեջ է մտել նաև անգլիական ռազմական առաքելության ղեկավար գեներալ Թոմսոնը։Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այսօր աշխարհին փորձում է ցույց տալ, թե իբր գյուտեր է անում, մինչդեռ իր ու իր խմբի գաղափարախոսությունն ամբողջովին հիմնվում է թուրք-ադրբեջանական կեղծ պատմական ու այլ հիմքերի վրա»,-հավելեց Ալավերդյանը։
Ես մեկ փաստ բերելով՝ նա հավելեց. «Եթե անգամ ներկայիս Ադրբեջանն իրեն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ է համարում, այդուհանդերձ, նույն Ազգերի լիգան չի ճանաչել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Սա նշանակում է, որ չի ճանաչել նաև Ադրբեջանի տարածքային նկրտումներով «բացատրվող» սահմանները։ Եթե անգամ ներկայիս Ադրբեջանն իրեն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ է հայտարարել, չի կարող պնդել, որ ուզում է վերականգնել Խորհրդային Ադրբեջանի սահմանները։ Ադրբեջանի Հանրապետությունը, մեծ հաշվով, հակաիրավական կերպով է ճանաչվել եվրոպական և այլ պետությունների կողմից ու հետագայում ընդունվել ՄԱԿ։ Այս տեսանկյունից խնդիրներն այնքան շատ են, որ երբևիցե որևէ մարմին չի ցանկացել Արցախի շուրջ կոնֆլիկտը վերանայել, դիտարկել կամ քննարկել իրավական դաշտում։ Անընդմեջ միայն ու միայն քաղաքական, այսպես կոչված, նպատակադրման կամ նպատակահարմարության հարթության մեջ էին դիտարկում։ Իրականում մենք ունենք բազմաթիվ հաղթաթղթեր, որոնցով ամբողջովին հնարավոր է ապացուցել Ադրբեջանի անօրինականությունը»։
Նա նշեց, որ խոսքը բաց տվյալների մասին է, որոնք շարադրված են գիտնականների, Ազգերի լիգայի և շատ այլ լուրջ միջազգային թե՛ հասարակական, թե՛ պետական միավորների փաստաթղթերում ու ակտիվներում։ «Այսօր ուզում են ապացուցել, որ խեղաթյուրված պնդումները կարող են հայ ժողովրդի անքակտելի մաս հանդիսացող Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի հանդեպ ոտնձգություններ անելու հիմք հանդիսանալ։ Սա միայն անգրագիտություն չէ, սա իր մեջ ՀՀ Սահմանադրության, անվտանգության դեմ ծանրագույն հանցագործությունների հատկանիշներ է պարունակում։ Գրաճանաչ մարդիկ պետք է չլսեն ու դիմադրեն թուրք-ադրբեջանական դասագրքերով «հիմնավորված» հայտարարություններին, պնդումներին, որոնք ժողովրդի գլխին կրկին մանիպուլ յատիվ ձևերով փորձում է կապել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը։ Այդ պնդումները չպետք է անցնեն, չեն անցնելու, որքան էլ մեծ ցանկություններ ունենա, օրինակ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, եվրոպացի որևէ չինովնիկ»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ Շառլ Միշելի հայտարարություններն ամբողջովին հակասում են Եվրախորհրդարանի՝ Արցախի հարցի վերաբերյալ տարիներ շարունակ ունեցած դիրքորոշմանը։
«2020-ից հետո մեզ հայտնի ու անհայտ հանդիպումները, ստորագրված ու ստորագրվելիք հնարավոր փաստաթղթերն իրենց մեջ ծանրագույն հանցագործություններ են պարունակում. խոսքը ՀՀ Քրեական օրենսգրքում շարադրված՝ սահմանադրական կարգի ու անվտանգության դեմ հանցագործությունների մասին է։ Նման գործողություններին որևէ արդարացում չկա։ Ծանրագույն հանցագործությունների հատկանիշներն ակնհայտ են, իսկ դատ մի օր անպայման լինելու է։ Հայաստանում յուրաքանչյուր անձ, որը շարունակում է լռել կամ պաշտպանել այս իշխանության քաղաքականությունը, ամբողջովին մասնակից է թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության իրականացմանը։ Թող որևէ մեկը չմտածի, որ այսօրվա իր լռությունն իրեն արդարացնելու է։ Լռությունը համաձայնության ամենապարզ նշանն է։ Ու թող ոչ ոք չմտածի, թե խնդիրը միայն արցախահայությունն է։ Եթե պատկերավոր ասեմ, ապա սա Դեր Զորի ճանապարհն է։ Թող ոչ ոք նաև չմտածի, թե Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուց հետո այստեղ արևմտյան բանակ կամ զորախմբեր են գալու»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է հստալ գիտակցել իրավիճակը։
«Ազգի մեջ կա կրիտիկական հատված, որի միասնական մոտեցումների ու համատեղ աշխատանքի կարիքը կա ոչ միայն երկրի ներսում՝ ժողովրդի հետ, այլևս դրսում՝ տարբեր պետությունների կառավարությունների հետ։ Այսօր Սփյուռքը ևս պետք է ակտիվ քննարկումներ ունենա տարբեր երկրների կառավարությունների հետ։ Պետք է կարողանանք ցույց տալ, որ այն, ինչ կատարվում է, ոչ միայն հանցագործություն է հայ ժողովրդի դեմ, այլ հանցագործություն է մարդկության դեմ։ Կարճ ժամանակահատվածից հետո այս ամենն ամենազարգացած երկրներին է սպառնալու»,-եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում