կարևոր
3640 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-24 20:00
Հասարակություն

Պատերազմը կանգնեցնելու մասին ասվել է սեպտեմբերի 30-ին էլ, հոկտեմբերի 7-ին էլ. hարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում Ալիևը համաձայնել էր զինադադարի. Տիրան Խաչատրյան. 168.am

Պատերազմը կանգնեցնելու մասին ասվել է սեպտեմբերի 30-ին էլ, հոկտեմբերի 7-ին էլ. hարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում Ալիևը համաձայնել էր զինադադարի. Տիրան Խաչատրյան. 168.am

Մայիսի 22-ին հրավիրված ասուլիսի ժամանակ «Հետքը» Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր՝ անկլավների և միջանցքի մասին կետերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հանելն իր միանձնյա որոշո՞ւմն է եղել, թե՞ քննարկումներ են տեղի ունեցել Պաշտպանության նախարարության, ԳՇ ներկայացուցիչների հետ, Փաշինյանն արձագանքել էր՝ նման քննարկումներ եղել են:

«Քննարկումներ են եղել ԳՇ ներկայացուցիչների հետ, ԳՇ-ն ասում էր՝ ոչինչ, անկլավներով ստորագրի: Ես ասել եմ՝ չեմ ստորագրի»,- ասուլիսում ընդգծված պատասխանել էր Փաշինյանը:

Ճշտող հարցին՝ ԳՇ ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք, ԳՇ պետի՞ն, նա՞ է ասել, Փաշինյանը հիշեցրել էր, որ այդ հարցին 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադարձել է:

«Աչաջուրում իմ ունեցած ելութը լսել եք, այնտեղ ես շատ մանրամասն դրա մասին խոսել եմ»,- եզրափակել էր Փաշինյանը:

Իսկ 2021 թվականի հունիսի 11-ին նախընտրական մի հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել, ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, ինչ ուզում է լինի՝ այդ թուղթը չեմ ստորագրի, միջոցներ ենք ձեռնարկել, այդ մասն էլ, ուրիշ մասերն էլ դուրս են եկել»:

Օնիկ Գասպարյանն էլ նույն ժամանակահատվածում, այսպես ասած, Ղազախի գյուղերի հետ կապված, թարմացրել էր Փաշինյանի հիշողությունը՝ նշելով.

«Քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի, և հավանական է՝ այն, որպես դիվանագիտական հնարք՝ միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում, հետագայում սակարկելու և մեզ «ընդառաջելով»՝ այն նախագծից հանելու համար։ Նաև նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ:

 – Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից Տավուշին վերաբերող կամ անկլավների մասին կետը հանելու շուրջ քննարկումներ են եղել ԳՇ ներկայացուցիչների հետ, ԳՇ-ն ասել է՝ ոչինչ, անկլավներով ստորագրի, ինչին, իբր, Փաշինյանը դեմ է եղել ու ասել է՝ չեմ ստորագրի: Քննարկումը տեղի է ունեցել Փաշինյանի աշխատասենյակում, և, ըստ նրա, զրույցը չի արձանագրվել կամ ձայնագրվել: Ովքե՞ր են եղել այդ ԳՇ ներկայացուցիչները, տեղյա՞կ եք:

– Ես չգիտեմ՝ ում հետ է քննարկել, ես այդտեղ չեմ եղել: Հաստատ չեմ եղել, իսկ թե ուրիշ ում հետ է քննարկել այդ անկլավների հետ կապված հարցը, չեմ կարող ասել: Բայց միանշանակ, ես տեսել եմ դա ԳՇ պետի մոտ, այդ ժամանակ դեռ քննարկած չեն եղել, որովհետև իմ հարցը ներկայացնելուց հետո, որ Պաշտպանության նախարարի հետ խոսել եմ, որքան գիտեմ, ԳՇ պետն էլ ԱԱԾ տնօրենի հետ է խոսել, որ նա էլ իր հերթին՝ միջնորդի, որպեսզի հանկարծ նման բան չլինի անկլավների պահով:

– Այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ ե՞րբ եք տեսել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ անկլավների հարցն է ներառված, նման դեպքերում ամսաթիվը, ժամը կարևոր են:

– Նախնական տարբերակն եմ տեսել, որը նույն ձևով նույնիսկ հրապարակված է եղել, բայց ես այդ հրապարակվածը չեմ տեսել, ծառայության վայրում եմ եղել, ես գրավոր տարբերակն եմ տեսել (մասնավորապես, Տավուշի վերաբերյալ կետով եռակողմ հայտարարության, այսպես ասած, նախնական տարբերակը ՌԲԿ-ն հրապարակել էր 2020 թվականին՝ մոսկովյան ժամանակով նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 01:26-ին, իսկ «Սպուտնիկ Արմենիան» այն հրապարակել էր մեր ժամանակով նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 02:21-ին: Նիկոլ Փաշինյանը ստորագրման փաստի մասին Ֆեյսբուքում գրառում էր կատարել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 01:48-ին՝ առանց հայտարարության տեքստը հրապարակելու, միայն նշելով, որ այն արդեն հրապարակվել է Մ.Պ. ):

– Հիմա ո՞ւմ դերակատարությունն է զգալի, որ անկլավների հետ կապված կետը հանվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից՝ Դավիթ Տոնոյանի՞, թե՞ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, ինչպես Օնիկ Գասպարյանն է նշում՝ «ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»:

– Ես խոսել եմ Դավիթ Տոնոյանի հետ, իմ իմանալուց հետո, որ նման բան կա: Նշել եմ՝ ինչ կապ ունեն այդ տարածքային պահանջները հրադադարի հետ, և ոչ միայն անկլավների, այլ ընդհանրապես, որ սա դառնում է լրիվ ուրիշ բան: Դավիթ Տոնոյանն ինձ ասեց՝ կապում մնա, ես հիմա միանգամից խոսեմ, գուցե ուրիշ բան էլ լինի: Լսափողը պահած ես լսել եմ՝ ինքը ոնց է խոսում Փաշինյան Նիկոլի հետ: Նա ներկայացրել է այդ ամեն ինչը՝ և՛ տարածքների, և՛ անկլավների հետ կապված, նաև՝ այն պահերի, որ, ասենք, Արցախի տարածքում, ըստ ԼՂԻՄ-ի քարտեզի, իրենք լեզվակներ ունեն մտած: Դրանց հետ կապված ես առաջարկել եմ, որ այն տարածքները, որտեղ գտնվում էր շփման գիծը, բայց նախկինում ԼՂԻՄ-ի տարածքից դուրս էր, դրանք փոխարինենք: Ասել եմ՝ այդ քայլին էլ գնացեք, միանգամից զիջողական կեցվածք մի ընդունեք: Այս մասին լրիվ ես լսել եմ, որ Տոնոյան Դավիթն առաջարկել է: Հիմա թե իմ ասելուց հետո նրա՞ առաջարկն է ազդել, թե՞ Աբազյանին Օնիկ Գասպարյանի ասելը, դե, Աբազյանն էլ երևի ներկայացրած կլինի, գուցե երկուսի ասածը համատեղ է ազդել: Ամեն դեպքում, այդ նախնական տարբերակից անկլավների մասը հանվել է:

– Թեկուզ եռակողմ հայտարարությունից բավականաչափ խոսեցինք, բայց, առհասարակ, պատերազմը նման հայտարարությամբ կանգնեցնելու հարց ԳՇ-ում քննարկվե՞լ է, դրա հնարավոր տեքստի, բովանդակության, քանի որ տարբեր տեղեկություններով՝ առնվազն նոյեմբերի 7-ից արդեն իսկ կողմերը սկսել են աշխատել տեքստի վրա:

– Ես նման բանից տեղյակ չեմ, այդպիսի քննարկման չեմ մասնակցել: Ավելին, նոյեմբերի 9-ի ուշ գիշերն եմ իմացել, որ նման բան կա, պետք է արագացված ձևով դրան ընթացք տալ:

– Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման որոշումը, կամ այդ պահին պատերազմը կանգնեցնելու որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Տեղյա՞կ եք՝ ովքեր են եղել այդ մասնագետները:

– Պատերազմը կանգնեցնելու համար 2020 թվականի հոկտեմբերի 7-ին էլ են ասել (Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույցներ էր ունեցել Ալիևի և Փաշինյանի հետ, իսկ «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում շԱլիևն ասել էր, որ քննարկել են՝ ինչպես և ինչ անել պատերազմը դադարեցնելու համար.- Մ.Պ.): Դրանից առաջ էլ պատերազմը կանգնեցնելու առաջարկ սեպտեմբերի 30-ին է արվել, կանգնեցրե՞լ են:

– Պարոն գեներալ, 44-օրյա պատերազմի ընթացքում հարավային ուղղությամբ Ձեր պատասխանատու լինելու, այդ ուղղությամբ նահանջների մասին հաճախ է հիշում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ Ձեր քննիչ հանձնաժողով չգնալու համատեքստում: Դուք վախենալու բան ունե՞ք:

– Ընդհանրապես… իսկ Անդրանիկ Քոչարյանը թող իր մասին անհանգստանա:

– Ես հիմա չեմ առաջարկում, որ Դուք իր ասածը մեկնաբանեք, առհասարակ, հանրության տարբեր շրջանակներում, մամուլում, սոցցանցերում խոսվում է հարավային ուղղությամբ նահանջների մասին: Այս առումով բացատրության անհրաժեշտություն չե՞ք գտնում Դուք:

– Իսկ որ հարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում Ալիևը համաձայնել էր զինադադարի, իսկ սրանք չկնքեցին, դրա մասին ինչի՞ չեն խոսում: Խոսքը հակառակորդին լուրջ վնասներ հասցնելու մասին է: Վերջին հաշվով, նաև այլ հարցեր կան, որ պիտի գնահատվեն: Բաներ կան, որ հիմա ես չեմ կարող ներկայացնել: Այդ ուղղությամբ տարբեր քննություններ են իրականացվում, չգիտեմ՝ այդ քննիչ հանձնաժողովը կա: Իսկ քանի որ այդ գործընթացները կան, մինչև դրանց ավարտը ես դրանք հանրայնացնելու իրավունքն էլ չունեմ, այլապես կդառնա գաղտնիք բացահայտել:

– Իսկ որևէ գործով Դուք հարցաքննվե՞լ եք վկայի կարգավիճակով:

– Այո, շատ գործերով:

– 44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատար եղած Սևակ Աբրահամյանի փաստաբանը լրատվամիջոցներին, նաև մեզ հետ զրույցում ասել էր, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը 2020-ի սեպտեմբերի 25-ին կարգադրություն է արձակել, որով ղեկավարման մարմինների համար սահմանվել է մարտական աշխատանքային ռեժիմ, եղել է նաև հակառակորդի սադրիչ գործողությունները դիմագրավելու և կանխելու կարգադրություն: Իսկ պաշտպանության անցնելու հրաման չի՞ եղել:

– Պաշտպանության անցնելու հրաման Զինված ուժերը զորամասերին չի տալիս, զորամիավորումներին է տալիս, իսկ զորամիավորումների ղեկավարները համապատասխանաբար իրենց ենթականերին պետք է տան:

– Թե ինչ է եղել, ըստ Սևակ Աբրահամյանի փաստաբանի, վերևում արդեն ասացի՝ ղեկավարման մարմինների համար մարտական աշխատանքային ռեժիմ սահմանելը և…

– Այն, ինչ-որ եղել է, շատ բաներ նշված է եղել, մնացածի հետ կապված էլ՝ այլ խնդիրները իրենց որոշմամբ պետք է իրականացվեին՝ ՊԲ հրամանատարի, իր իրավազորության տակ էին մտնում: Այսքանը:

Աղբյուրը՝  168.am