կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-24 16:41
Քաղաքական

Ալիևը գաղտնազերծել է հերթական պայմանավորվածությունը․ Խամոյանը՝ հոկտեմբերի 7-ին պատերազմը կանգնեցնելու հայտարարության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը  հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ին պատերազմը հնարավոր էր կանգնեցվել, եթե ընդունվեին իր ներկայացրած առաջարկները, որոնց, ըստ նրա, Ռուսաստանը աջակցել է, և Հայաստանի պարտությունն այդքան ստորացուցիչ չէր լինի։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ալիեւի այս հայտարարությանը, ասաց․ «Մենք ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի կիրթ ու կառուցողական ընկերը, շարունակում է բացահայտել կոնֆիդենցիալ գաղտնիքներ, եւ, դրան զուգահեռ, ունենք մեկ այլ իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը շարունակում լռել եւ չներկայացնել, թե ինչ հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որը եթեր պետք է հեռարձակվեր սեպտեմբերի 25-ին եւ այդպես չհեռարձակվեց։ Հիշեցնեմ հարցազրույցի բովանդակությունը, այն է՝ պայթեցնել իրավիճակը Ադրբեջանում։ Ալիևը գաղտնազերծել է հերթական պայմանավորվածությունը, որ եղել է երեք կողմերից երկուսի միջեւ»

Պատգամավորի խոսքով՝ հոկտեմբերի 7-ին համաձայնություն են ձեռք բերել ՌԴ նախագահի հետ կանգնեցնել պատերազմը, բայց  Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել։ Խամոյանը հիշեցրեց գլխավոր շտաբի պետի այն հայտարարությունը, որ պատերազմի 3-րդ օրն արվել էր։

«ԳՇ պետն ասել էր, որ պատերազմի ռեսուրսներ չունենք, դրանք սպառվելու են 2-3 օրից։ Այսինքն՝ հոկտեմբերի 7-ին արդեն իսկ մեր ռեսուրսները սպառված են եղել։ Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 7—ին մենք դեռեւս չէինք կորցրել Հադրութը, Շուշին, եւ ենթադրվում է, որ շատ ավելի բարենպաստ են եղել պայմանները պատերազմը կանգնեցնելու, քան այն, ինչ կար նոյեմբերի 9-ին, երբ ստորագրվեց կապիտուլյացիայի ակտը։ Փաշինյանը դեռեւս հոկտեմբերի 19-ին Պուտինի առաջարկությամբ պատերազմը կանգնեցնելու առաջարկը մերժել էր ընդամենը մեկ բանի համար, որ իրեն կասեն՝ դավաճան»,- նշեց Խամոյանը՝ հավելելով՝ Ադրբեջանի դրոշի օրը Նիկոլ Փաշինյանը Շուշին պետք է հանձներ Ադրբեջանին եւ նոր կանգնեցներ պատերազմը։

Խոսելով վիրավոր զինվորների՝ պետպատվերով բուժումը կասեցնելուն՝ պատգամավորը շեշտեց՝ շատ ցինիկ է հնչում, երբ պետպատվերը կասեցվում է, իսկ մյուս կողմից՝ ԱԺ նախագահի, վարչապետի ընտանիքի անդամների համար ընտանեկան բժիշկ ապահովելու նախագիծ է բերվում։ «Սա բարոյական տիրույթում չէ»,- ասաց նա։

Խամոյանն անդրադարձավ խորհրդարանում ընդդիմության գործունեությանը և նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մի օր պետք է հանի կոստյումը, որը կարված չէր իր համար։

«Մենք օգտվում եւ օգտվելու ենք բոլոր այն հնարավորություններից, որոնք ընձեռված են մեզ՝ որպես խորհդարանական ընդդիմություն, եւ շարունակելու ենք օգտվել, ու դա չի նշանակում, որ  մենք սահմանափակվելու ենք միայն խորհրդարանով։ Այս իշխանությանը հնարավոր չէ հեռացնել միայն խորհրդարանական պայքարով»,- նշեց Խամոյանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։