կարևոր
5566 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-19 17:30
Հասարակություն

Եզակի եւ խիստ արժեքավոր աշխատություն

Եզակի եւ խիստ արժեքավոր աշխատություն

«Լուսակն» հրատարակչությունը օրերս լույս է ընծայել վաստակաշատ պատմաբան Երվանդ Փամբուկյանի «Հ Յ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԾԱԾԿԱՆՈՒՆՆԵՐՈՒ ԲԱՌԱՐԱՆ. անձնանուններ, տեղանուններ, թուանշանային ծածկագրեր» ուշագրավ աշխատությունը, որը միաժամանակ «ՎԷՄ ՄԱՏԵՆԱՇԱՐԻ» հինգերորդ հատորն է։ Այն ներառում է ՀՅԴ հեղափոխական գործունեության առաջին քառասնամյակի ընթացքում ծածկագրված՝ անհատ գործիչների անձնանունների, նրանց գործունեության վայրերի՝ Հայաստանի ու հարակից երկրների տեղանունների, ինչպես նաեւ գաղտնի նամակագրության մեջ օգտագործվող թվանշանային ծածկագրերի աղյուսակները։ Սա մի եզակի աշխատություն է, որն իր արտաքուստ ոչ մեծ ծավալների մեջ իրականում հսկայական տեղեկատվություն է պարունակում 19–րդ դարի վերջերի ու 20–րդ դարի առաջին տասնամյակների հայ ազատամարտի ու Հայաստանի առաջին հանրապետության պատմության վերաբերյալ։ Նրա յուրաքանչյուր տողում առկա անհատ գործիչների կամ տեղանունների ծածկագրված անվանումները բացահայտելու եւ ընթերցողի դատին ներկայացվող աղյուսակները կազմելու համար հեղինակից հսկայական ջանքեր ու բազում տասնամյակներ են պահանջվել։ Հիմք ընդունելով ՀՅԴ Կենտրոնական արխիվում պահվող վավերագրերը, Երվանդ Փամբուկյանն անցել է այդ մեծ տառապանքի միջով եւ այսօր ընթերցողի սեղանին է դրել մի արժեքավոր աշխատություն, որն անկասկած ունենալու է բազում վերահրատարակություններ, որովհետեւ մեկ անհատի համար ուղղակի անհնար է ընթերցել ՀՅԴ պատմության բոլոր վավերագրերը ու բացահայտել նրանցում առկա բոլոր ծածկագրված անվանումները։

«Վէմ» համահայկական հանդեսի խմբագրակազմի եւ այս վաղուց սպասվող աշխատությունն իրենց հետագա գիտական պրպտումների համար անհրաժեշտ սեղանի գիրք համարող բոլոր պատմաբանների անունից ջերմորեն շնորհավորում ենք մեր ավագ գործընկերոջը եւ նրան ցանկանում առողջություն ու ստեղծագործական նոր նվաճումներ։ Երվանդ Փամբուկյանի այս եզակի եւ խիստ արժեքավոր գրքի մասին նախնական պատկերացում կազմելու համար ներկայացնում ենք «Մեր ծածկանունները» առաջաբանը եւ «Մեր ծածկանուններու կազմութեան մասին» ներածական խոսքը:

«Վէմ» հանդեսի խմբագրություն