կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-14 11:17
Հասարակություն

Կոթողային աշխատություն

Կոթողային աշխատություն

Լույս է տեսել Երվանդ Փամբուկյանի կազմած՝ «Ռոստոմի անտիպ նամակները» փաստաթղթերի ստվարածավալ ժողովածուն:

Ուրախությամբ ընթերցողի դատին ենք ներկայացնում վաստակաշատ պատմաբան, ՀՅ Դաշնակցության արխիվների անխոնջ հետազոտող Երվանդ Փամբուկյանի երկարամյա գիտական պրպտումների արդյունքը հանդիսացող «Ռոստոմի անտիպ նամակները» ստվարածավալ ժողովածուն։

Շքեղ տպագրությամբ օրերս լույս տեսած այս 732 էջանոց պատկառելի հատորը «Վէմ Մատենաշարի» 4-րդ հրատարակությունն է, որն իր ավարտին է հասցրել ՀՅԴ ականավոր գործիչ Ռոստոմի (Ստեփան Զորյան) անտիպ նամակների հրատարակությունը։

Երվանդ Փամբուկյանը, շարունակելով «Վէմ» հանդեսի հիմնադիր Սիմոն Վրացյանի կազմած ՀՅ Դաշնակցության «Դիվան»-ով սկսված, իսկ հետագայում Հրաչ Տասնապետյանի հատորներով շարունակված փաստաթղթերի տպագրությունը, բայց չկրկնելով դրանց բովանդակությունը, ստեղծել է մի կոթողային աշխատություն, որն անգնահատելի ծառայություն է մատուցելու մասնագետ պատմաբաններին ու ընթերցող լայն հասարակայնությանը։ Նրանում առկա վավերագրերը հիմք են դառնալու Հայոց պատմության նոր շրջանի բազմաթիվ հիմնահարցերի գիտական գնահատականները վերանայելու համար։

Համեմատաբար կարճ ժամանակամիջոցում կատարված այս ահռելի աղբյուրագիտական աշխատանքի խմբագրումն ու տպագրությունը առանց չափազանցության՝ իսկական հերոսություն է պատկառելի տարիք ունեցող գիտնականի կողմից։

Ուստի միանալով սկիզբ առնող շնորհավորանքներին՝ Ձեր հետ բեղմնավոր համագործակցության փորձ ունեցող «Վէմ» հանդեսի խմբագրակազմի եւ այս աշխատանքի որակյալ տպագրությունն իրականացրած «Լուսակն» հրատարակչության անունից միահամուռ կերպով ասում ենք՝ վարձքդ կատար, ընկեր Երվանդ։

«Վէմ» հանդեսի խմբագրություն