Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դամասկոսում բնակվող մեր հայրենակից, դոկտոր Նորա Արիսյանի «Տէր Զօր. Մարտիրոսաց քաղաք» աշխատությունը կարևոր տեղ է զբաղեցնելու Հայոց ցեղասպանությանը նվիրված մատենագրության մեջ:
Մեկ տասնյակ արաբերեն գրքերի և ուսումնասիրությունների հեղինակ, Դամասկոսի համալսարանի դասախոս և արաբ գրողների միության անդամ Արիսյանը թերթել է ժամանակի սիրիական մամուլը, պատմական գործերը, սիրիական պետական մի քանի արխիվների, ինչպես նաև՝ Բերիայի Հայոց թեմի Ազգային Առաջնորդարանի նյութերը:
Սիրիական մամուլը, հեղինակի խոսքերով, լուսաբանել է ոչ միայն տեղահանությունը, տարագրությունը, կոտորածները, այլև այդ հյուրընկել երկրում հայերի հաստատվելն ու հայ համայնքի ձևավորումը: «Մեր դիտարկումներով` սիրիական արաբական մամուլը միակ հավաստի սկզբնաղբյուրն է, որը խոսում է դեպի սիրիական անապատ քշված և հալածանքների ենթարկված հայերի տեղահանություններից, կոտորածներից ու գաղթից»,- գրում է Արիսյանը:
Հայոց ցեղասպանությանը մանրամասնորեն անդրադարձել են նաև սիրիական այն թերթերը, որոնք տպագրվել են երկրից դուրս: Այսպես` Փարիզում լույս տեսած «Ալ Մուսթաքպալ»-ը 1916-1919 թթ. Հայոց ցեղասպանության մասին հրապարակել է ավելի քան 70 հոդված: Դրանցից ամենաուշագրավը 1916 թ. մայիսի 20-ի համարում լույս տեսածն է, որում ասվում է. «Թալեաթը պաշտոնապես հայտարարել է, որ ինքը 800 հազար հայեր աքսորել է, որոնցից 300 հազարը սպանված են: Սակայն իրականում աքսորվածների թիվը հասնում է մեկ միլիոն երկու հարյուր հազարի, իսկ սպանվածների թիվը՝ 500 հազարի»:
Մի քանի տարի առաջ թուրք պատմաբան Մուրադ Բարդաքչըն հրապարակեց Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթ փաշայի ձեռագիր-արխիվը, այսպես կոչված` «Սև գիրքը»: Շատ պատմաբաններ ու ցեղասպանագետներ սա համարում են Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածների վերաբերյալ թուրքական ամենակարևոր փաստագրությունը: Պարզվում է, որ այդ մասին սիրիական մամուլը գրել է տակավին 1916-ին:
Հայոց ցեղասպանության հոմանիշ ու խորհրդանիշ համարվող Տեր Զոր քաղաքի և տեղի հայության մասին համահավաք կերպով քիչ բան է գրվել: Արիսյանի այս հատորը կարևորվում է նաև այդ բացը լրացնելու առումով: Նախքան 1915-ի մահվան երթերը Տեր Զորում բնակվել են մի քանի տասնյակ հայ ընտանիքներ՝ տիգրանակերտցի ու սղերդցի արհեստավորներ ու վաճառականներ: 1915-ի ամռանն արդեն Տեր Զոր հասան տանջված ու սովահար հարյուր հազարավոր հայերի քարավանները:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո (Հալեպի) թեմի առաջնորդ Շահան եպիսկոպոս Սարգսյանը այս հատորի մասին գրել է, որ պատմաբան Արիսյանի ուսումնասիրությունը «համահայկական ուխտատեղիի մասին արձանագրված պրպտող ու համադրող նոր խոսք է»:
Գրքի գիտական խմբագիրը հայտնի արաբագետ, Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանն է:
Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ