Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին:
Եվրոպական կառույցների հետ համագործակցությունը մեր երկրի համար չափազանց կարեւոր համարելով` հանրապետության ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության խորացման, օրենքի գերակայության ապահովման բնագավառում առանձնահատուկ դեր ունի:
«Մենք համարում ենք, որ անցած քսան տարիների ընթացքում մեր երկրում հսկայական աշխատանք է կատարվել: Միեւնույն ժամանակ, նաեւ գիտակցում ենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- ասել է Նախագահ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով պարոն Համմարբերգին` Հայաստանում իրականացվող բարեփոխումներին սատարելու համար:
Ի պատասխան Թոմաս Համմարբերգն ասել է, թե ոչ միայն Եվրոպայի խորհուրդն է Հայաստանին օգնում, այլ նաեւ Հայաստանն է մասնակցում եւ օժանդակում Եվրոպայի խորհրդի գործունեությանը:
«Եվրոպայի խորհուրդն արժեքավոր է նրանով, որ իրավահավասարության սկզբունքն է ընդունել որպես մոտեցում: Մենք միմյանցից ենք սովորում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության բնագավառներում: Ինչպես նախորդ այցիս պարագայում, այս անգամ էլ ցանկացա այցիս վերջում հանդիպել Ձեզ, որպեսզի մեր հանդիպումներից, զրույցներից ստացած տպավորությունները ներկայացնեմ, զեկուցեմ Ձեզ»,-նշել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում բարեփոխումները շարունակելու, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հետագա քայլերին վերաբերող հարցեր: