Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարին բացառություն չէ` մայրաքաղաք Երևանում տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում Երեխաների պաշտպանության օրվա առթիվ: Սոցիալական ցանցերը ողողված են ամենատարբեր պաշտոնյաների, հայտնի դեմքերի շնորհավորանքներով ու մանուկներին ուրախացնելու մասին պատմող լուսանկարներով: Մայրաքաղաքի մանուկները ուշադրության պակաս չունեն՝ նրանց համար նախագահը բուրգեր է պատրաստում, շոու բիզնեսի աստղերը երգում ու պարում են նրանց հետ, այս տարի էլ պատգամավորները հեքիաթ են պատմելու:
Երեխաներին, այո, միշտ պետք է ուշադրություն դարձնել, մտահոգվել նրանց դաստիարակությամբ, կրթությամբ ու ուրախ մանկության կազմակերպմամբ:
Երևանից մի քանի կիլոմետր այն կողմ բոլորովին այլ պատկեր է: Հատկապես Հայաստանի հեռավոր գյուղերում ապրող մանուկները գուցե չիմանան էլ, թե ինչ է բուրգերը, հեքիաթ պատմող նրանց համար դժվար գտնվի, իսկ շոու բիզնեսի աստղերին միայն հեռուստացույցով են լսել: Նրանց մանկությունն անցում է` հողերի հետ կռիվ տալով, ջուր կրելով, ծնողներին առօրյա աշխատանքներում օգնելով, ի՞նչ պաշտպանության օրվա մասին է խոսքը:
Այս մասին գրել ու գրելու եմ ամեն տարի, քանի դեռ կրակահերթերի տակ մեծացող մանուկներին պետական մակարդակով ուշադրություն չեն դարձրել, քանի դեռ պաշտոնյաները հակառակորդի նշանառության տակ հեքիաթ չեն պատմել ու բուրգեր պատրաստել: Փափուկ տեղերում բազմած` բարու ու չարի մասին դասեր տալն այնքան հեշտ է, բայց իսկական չարը տեսնում ու զգում են Ներքին Կարմիրաղբյուրի, Չինարիի, Բաղանիսի ու սահմանամերձ այլ համայնքների երեխաները:
Հ.Գ. Հստակեցրեք՝ ո՞ր «մանուկների տոնն է մեկը հունիսի»;
Վրույր Սևակ