Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաջողվել է ապականել եւ խեղել գրեթե բոլոր ոլորտները, ակնհայտ է. բազմիցս խոսվել է այս մասին: Թալանի վերադարձը թմբկահարելով՝ իշխանության եկածներին հաջողվել է խորը պառակտում մտցնել հանրության մեջ, բաժանել սեւերի ու սպիտակների, հատկապես հաջողվել է արցախցի-հայաստանցի բաժանարար ու կործանարար գծեր անել:
Փաշինյանի իշխանությունը չի խորշում առաջին օրից ձեռնոց նետել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն: Սրա մասին են վկայում իշխող ֆրակցիայի պատգամավորների եւ անձամբ Փաշինյանի կողմից խորհրդարանի ամբիոնից պարբերաբար հնչող հայտարարությունները եկեղեցու վերաբերյալ:
Ի դեպ, եկեղեցու դեմ արշավի առաջին ծիլերը երեւացել են հենց 2018թ-ին, երբ պարբերաբար Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով հրահանգավորված ակցիաներ էին իրականացվում Երեւանի փողոցներում։
Հիմա արդեն բանը հասել է այնտեղ, որ Փաշինյանն իրեն համեմատում է Աստծո հետ՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն դրանք լավ չեն Աստծո հետ»։
օրաթերթը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց՝ Հայաստանի պատմության մեջ եկեղեցու եւ պետության միջեւ ինչ առճակատումներ են եղել, եւ դրանք ինչ ելք են ունեցել:
«Անկախության հռչակումից ի վեր եկեղեցի-իշխանություններ հարաբերություններն այսպես լարված չեն եղել: Դարերի խորքում՝ Սովետական Հայաստանում, ամեն ինչ էլ եղել է՝ բռնագանձման դեպքեր, անգամ կաթողիկոսին խեղդամահ են արել (պետանվտանգության ծպտյալ գործակալները 1938 թվականի ապրիլի 6-ին Խորեն Ա Կաթողիկոսին խեղդամահ են արել Վեհարանի իր բնակարանում), բայց դա լրիվ ուրիշ իրականություն էր. այն ժամանակ անկախ պետություն չէր, Սովետական Հայաստան էր, Մոսկվայի թելադրանքով էր լինում ամեն բան:
Բայց անկախության հռչակումից հետո այսպիսի հարաբերություններ պետության եւ եկեղեցու միջեւ չի եղել։ Եղել են դեպքեր, երբ եկեղեցին ու իշխանությունը տարբեր տեսակետներ են ունեցել մի հարցի շուրջ, բայց դրանք շուտ հարթվել են, չեն լարվել»,-ասում է Աջապահյանը:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ եթե Փաշինյանը սովետական շրջանում ղեկավարեր, կարող էր եւ ավելի հեռուն գնալ եկեղեցին թիրախավորելու հարցում, իսկ հիմա, կարելի է ասել, հնարավորություն չունի, դրա համար էլ սահմանափակվում է միայն եկեղեցին թիրախավորող հայտարարություններ անելով:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում