կարևոր
1972 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-07 16:04
Իրավական

«Մեր Ձևով» արտահայտությունը հանցանք որակելու դրվագով՝ հանրային քրեական հետապնդման ժամկետը 5 ամիս է. Արամ Վարդևանյան

«Մեր Ձևով» արտահայտությունը հանցանք որակելու դրվագով՝ հանրային քրեական հետապնդման ժամկետը 5 ամիս է.  Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է․ «Քննչական կոմիտեի նախագահն օրերս անդրադարձ էր կատարել Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական հետապնդմանը: Ցանկանում եմ մի քանի արձանագրում կատարել.

1) Սամվել Կարապետյանին մեղսագրվող իրավաբանությունից դուրս «կոչերի» դրվագը պարզ չէ ինչպես, կամ ինչ իրավական մեխանիզմով ՄԻԱՑՎԵԼ Է տնտեսական բնույթի՝ վերջինիս հետ ոչ մի կերպ չառնչվող վարույթներին: Միաժամանակ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը ուղիղ ամրագրում է վարույթների ԱՆՋԱՏՄԱՆ հնարավորությունը: Ի դեպ ԱՆՋԱՏՄԱՆ դատավարական գործողություններ իրավապահների կողմից կատարվում է բազմաթիվ անգամներ:

Ի դեպ միջնորդություն ԱՆՋԱՏՄԱՆ վերաբերյալ ներկայացվել է հենց մեր կողմից, քանի որ մենք չենք հավատում, որ Քննչական կոմիտեն 2025 թվականի հունիսի 17-ի ֆեյսբուքյան արդարադատության, քաղաքական հետապնդման և Սամվել Կարապետյանի 135 օրից ավելի ապօրինի կալանքի պայմաններում, կարող է դադարեցնել այս հետապնդումը, սակայն կարևոր է, որ նախաքննական գաղտնիքին, դռնփակ նիստերին՝ վերջ տրվի: Նման մեծ քննչական խումբը (53 քննիչ) մեզ նույնիսկ պատասխան մինչ օրս չի տրամադրել:

2) Ի դեպ «Մեր Ձևով»  արտահայտությունը հանցանք որակելու դրվագով՝ հանրային քրեական հետապնդման ժամկետը ՀԻՆԳ ԱՄԻՍ Է: 2025 թվականի հունիսի 17-ին հարուցման պայմաններում, այդ ժամկետն առաջիկա օրերին լրանում է: Տնտեսական բնույթի մեղադրանքները ներկայացվել են այս ժամկետի հաշվարկին միջամտության և ամեն կերպ ապօրինի կալանքի արհեստական, անհիմն հիմքեր ստեղծելու նպատակով: 2025 թվականի օգոստոսի 15-ից մինչ օրս որևէ Դատարան չի արձանագրել տնտեսական բնույթի մեղադրանքներով, նույնիսկ հիմնավոր կասկածը, իսկ վերջին դատական ակտով քննչական մարմնին տրամադրվել էր ՄԵԿ ԱՄԻՍ, որն այլևս խախտվել է: Ակնհայտ է, որ Դատարանի որոշումը չի հարգվել իրավապահների կողմից:

3) Ակնհայտ է, որ իրավապահներն ակնկալում են աջակցություն Վճռաբեկ դատարանից: Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դատախազության բողոքը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին, սակայն Վճռաբեկ դատարանը եթե այդ որոշումը չկայացնի մինչև նոյեմբերի 11-ը, ակնկալվող «աջակցությունը» կիմաստազրկվի: Մյուս կողմից Վճռաբեկ դատարանը, երբեք վարույթ ընդունելու պայմաններում նման կարճ ժամանակահատվածում որոշում չի կայացրել: Հետևությունները թողնում եմ մեր հանրությանը:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»: