Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
Որպես իրավաբան՝ ինձ համար զուտ վիրավորական է, որ փորձ է արվում տեղի ունեցածը որակել որպես խուլիգանություն։ Սա ուղղակի ծաղր է իրավաբանության նկատմամբ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով գլխավոր դատախազի՝ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ Ազգային ժողով քրեական հետապնդում միջնորդությամբ միջնորդագիր ներկայացնելու փաստին։
«Ինչ վերաբերում է մյուս առումով հետապնդմանը՝ տեղի է ունեցել հարված, կա հետևանք։ Խնդիրն այստեղ նրանում է, որ այս գումարման Ազգային ժողովում մենք բազմաթիվ հարվածներ արդեն տեսել ենք և տեսել ենք, որ դրանք անհետևանք են մնացել՝ դրանց փաստով անգամ քննություն չի իրականացվել, որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Ըստ Երվանդ Վարոսյանի՝ սա ինքնին խոսում է այն մասին, որ ի տարբերություն իշխանական պատգամավորների՝ ակնհայտ խտրական վերաբերմունք կա ընդդիմության ներկայացուցչի նկատմամբ։
«Սա աղաղակող ապօրինություն է, սա իրավունքի ոտնահարում է»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ՀՀ Ազգային ժողով։
Հիշեցնենք նաև՝ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում օրերս միջադեպ էր տեղի ունեցել։
Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև ծեծկռտուք էր գրանցվել։
Մհեր Սահակյանին տարել էին ոստիկանություն, այնուհետ՝ ձերբակալել, իսկ ահա Վլադիմիր Վարդանյանին տեղափոխել էին հիվանդանոց, իսկ ավելի ուշ՝ դուրս գրել։
Ապրիլի 3-ին Մհեր Սահակյանն ազատ էր արձակվել։ Նա ասել էր, թե Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովի նիստում դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, «բռի կերպով»չարաշահել է իր լիազորությունները։
Աղբյուրը՝ Azg.am