Ադրբեջանի տեղադրած ականների պատճառով Արցախը պատահարների թվով աշխարհում առաջինն է մեկ շնչի հաշվով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Այսօր նշվում է Ականների վերաբերյալ իրազեկման և ականազերծման գործում աջակցության միջազգային օրը։ Ստորև մի քանի փաստ Արցախում ականների և այլ չպայթած զինամթերքի մասին.
- 1990-ականներին Ադրբեջանը միլիոնավոր ականներ դրեց և նաև կասետային զինամթերքով ռմբակոծեց քաղաքացիական տարածքները՝ տասնյակ տարիներով տառապանք պատճառելով Արցախի ժողովրդին:
- «Halo Trust» մասնագիտացված միջազգային կազմակերպության տվյալներով՝ Արցախը աշխարհում առաջինն է մեկ շնչի հաշվով ականների պատահարների թվով։
- Արցախի հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ առնվազն 1,076 քաղաքացիական անձ (որոնցից շատերը երեխաներ և կանայք), զոհվել կամ վիրավորվել են ականների և այլ չպայթած զինամթերքի պայթյունների հետևանքով։ Ես նույնպես այդ դժբախտ պատահարներից տուժած երեխաներից մեկն եմ։
- Ադրբեջանը Արցախին և Հայաստանին ոչ մի ականադաշտի քարտեզ չի տրամադրել, մինչդեռ 2021 թվականին Հայաստանը Ադրբեջանին է տրամադրել ականադաշտերի բոլոր եղած քարտեզները։
- Տեղի ականազերծողները և «Halo Trust» ականազերծող միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը 30 տարվա ընթացքում մաքրել են մի քանի հարյուր հազար հեկտար տարածք։
- Արցախը չի ստացել էական միջազգային աջակցություն ականազերծման համար, և ՄԱԿ-ի Ականազերծման ծառայությունն այստեղ չի աշխատել ադրբեջանական խոչընդոտների պատճառով:
- Ներկայումս Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքներում 1990-ական թվականներից ի վեր դեռևս չմաքրված են մնում առնվազն 700 հեկտար ականապատ դաշտեր։
- 2020 թվականի Ադրբեջանի ագրեսիան Արցախում հանգեցրել է լրացուցիչ տասնյակ հազարավոր հեկտար տարածքների ախտոտման՝ նոր չպայթած զինամթերքով, այդ թվում՝ կասետային բնույթի:
- 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր տեղի ականազերծողները, ռուս խաղաղապահները և «Halo Trust»-ի աշխատակիցները վնասազերծել են ավելի քան 220,000 չպայթած մնացորդներ՝ ի հավելումն մինչև 2020 թվականը ոչնչացված զինամթերքի։
Ընդհանուր առմամբ, ականների և այլ չպայթած զինամթերքի առկայությունը Արցախում լրջագույն խնդիր է, որը պահանջում է միջազգային հանրության անհապաղ ուշադրությունն ու գործողությունները, իսկ մենք դեռ սպասում ենք 1990-ականներից Արցախում դրված ականների դաշտերի ադրբեջանական քարտեզներին»,- նշել է նա։