|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
2017թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում այս կամ այն բովանդակության հեռացման համար «Twitter»-ին ներկայացված պահանջների 45 տոկոսը (2.710 հայտ) ստացվել է Թուրքիայից. տեղեկացնում է Ermenihaber-ը։
Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել «Twitter»-ի հրապարակած զեկույցից: Այդ արդյունքով Թուրքիան բովանդակության հեռացման կամ քողարկման վերաբերյալ ամենաշատ հայտ ներկայացրած երկրների ցուցակում առաջինն է:
Նշված ժամանակահատվածում ողջ աշխարհից ստացվել է դատական որոշումների հիման վրա ներկայացված 752 և տարբեր երկրների կառավարությունների կամ ոստիկանությունների կողմից ներկայացված 5.334 հայտ:
2017թ. առաջին կեսին «Twitter»-ից բովանդակության հեռացման վերաբերյալ ստացված հայտերի ընդհանուր թիվն աճել է շուրջ 3 անգամ, իսկ դրանց հետ առնչվող անձնական հաշիվների թիվը` 8 անգամ:
Հայտերի 90 տոկոսը ստացվել է ընդամենը 4 երկրից՝ Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան և Թուրքիա: Իսկ շուրջ 46 երկրից, այդ թվում՝ Ֆինլանդիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, բովանդակության հեռացման հայտեր են ստացվել առաջին անգամ:
Զեկույցի համաձայն՝ նշված ժամանակահատվածում լրագրողների կամ լրատվամիջոցների թվիթերյան հաշիվներից որոշակի բովանդակություն հեռացնելու պահանջով 8 հայտ է ստացվել, որոնցից 5-ը՝ Թուրքիայից: «Twitter»-ը տեղեկացրել է նաև, որ այդ հաշիվների նկատմամբ որևէ գործողություն չի կիրառվել:
Ընկերությունը նշել է, որ նշված հայտերի հիման վրա հաշիվներից բովանդակություն հեռացնելը կարող է հակասել խոսքի ազատությանը, այդ իսկ պատճառով հայտերը չեն բավարարվել: