Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը լուրջ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնության կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսն իր վրդովմունքն արտահայտել է հանձնաժողովում լսումների ժամանակ, որտեղ որպես պատասխանող կողմ հանդես էր գալիս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Վերջին տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը նվաճում Հայաստանի տարածքները, սննդի անվտանգության ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում շարունակվող շրջափակմամբ… Վերջին 5 տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը հրահրում պատերազմ, որի հետևանքով 6500 մարդ է զոհվել, Ղարաբաղի գրեթե 100 հազար հայ տեղահանվել է իրենց տներից: Ես մտահոգված եմ Ալիևի վարչակարգին օգնության տրամադրմամբ», - ասաց Մենենդեսը:
Նա արձանագրեց, որ պետքարտուղարությունը 700 հազար ԱՄՆ դոլար է խնդրել ադրբեջանցի զինվորականների միջազգային զինվորական կրթության և վերապատրաստման համար:
«Կարո՞ղ եք բացատրել ամերիկյան ժողովրդին, թե ինչու ենք մենք ցանկանում զինվորական կրթություն և վերապատրաստում տրամադրել ագրեսոր պետությանը, որը հարձակվում է իր հարևանի վրա և ոտնահարում (խմբ.` այդ երկրի) քաղաքացիների իրավունքները», - հարց ուղղեց Բլինքենին Մենենդեսը:
«Դրա համար կան պրակտիկ պատճառներ, որոնցից մեկն է՝ ամրապնդել նրանց ուժերի, մեր ուժերի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործակցությունը. նրանք զբաղվում են խաղաղապահ գործունեությամբ: Նրանք Իրանի հետ ունեն երկար սահման, որը պաշտպանության կարիք ունի: Բայց նաև մենք կարծում ենք, որ իսկապես օգտակար է մեծացնել նրանց որոշ սպաների արևմտյան կրթությունը, գուցե՝ կողմնորոշումը», - ասաց Բլինքենը:
Այս պատասխանը վրդովեցրեց Բոբ Մենենդեսին:
«Հուսով եմ՝ այդ արևմտյան կրթության ժամանակ չեն նրանք սովորել այն, ինչ արել են՝ շրջափակելով այդ մարդկանց, հակամարտություն սկսելով, 6500 զոհ, հուսով եմ՝ դա չէ արևմտյան կրթությունը», - նշեց Մենենդեսը: