Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Մահիր Օզքան
Թուրքիայում համարյա բոլոր ընտրություններին մոտենում ենք այն զգացողությամբ, ասես մի մեծ ճամփաբաժանի վրա ենք՝ «սա ճակատագրական ընտրություն է», «կամրջից առաջ վերջին ելքն է», «կենաց-մահու ընտրություն է», «գալիք դարը որոշող ընտրություններ են» և այլ արտահայտություններով։ Առաջիկա ընտրությունների համար էլ է նույն մթնոլորտը տիրում։ Փաստացի այս անգամ, քանի որ նախագահական համակարգը պահանջում է 50+1 տոկոս ձայներ, «հակամարտության» կողմերը վերածվել են երկու խոշոր բլոկների։ Իսկ ԺԺԿ-ն (HDP) կանգնած է կամ ստիպված է կանգնել երկու բլոկներից դուրս, անգամ ավելի ճիշտ կլինի ասել՝ մղվում է դուրս։ Երկու դաշինքներն էլ չեն ցանկանում երևալ ԺԺԿ-ի հետ, սակայն ԺԺԿ-ին ձայն տվող քաղաքացիների ձայներն էլ չեն կարող հաշվի չառնել։ Իրականում այս իրավիճակը բխում է այն «հակամարտության» ներքին բնույթից, որի մասին խոսեցինք։ Երբ ԺԺԿ-ն ինստիտուցիոնալ ինքնությամբ և պահանջներով բալանսի մեջ է հայտնվում, երկու «հակամարտող» բլոկները մի պահ ընկնում են ճակատի նույն կողմում: Որովհետեւ ո՛չ «հանրապետությունում», ոչ էլ «ազգի» մեջ «ժողովուրդներ» չկան։ Կա մեկ ազգ, մեկ պետություն, մեկ լեզու, մեկ կրոն, մեկ ինքնություն։
Սահմանադրական քննարկումներ
Ընտրությունների ժամանակ սովորաբար կուսակցությունները որոշում են այն ոլորտների վերաբերյալ խոսույթը, որոնք, ըստ նրանց՝ քվե կբերեն իրենց։ Սա է պատճառը, որ վերջին մի քանի տարիների քննարկումներում առաջ են մղվել տնտեսության ոլորտի զարգացումները։ Իհարկե, բանվոր դասակարգերի գնողունակության կտրուկ անկումը, նվազագույն աշխատավարձով և դրան մոտ աշխատելու տարածվածությունը (նույնիսկ նվազագույն աշխատավարձից ոչ ֆորմալ չափից ցածր աշխատելը), և դրան հակառակ վարձավճարների և պարենային ապրանքների, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գների մեծ աճը տնտեսությունը դարձնում է առաջնային բանավեճի թեմա։
Տնտեսությունից բացի, քննարկման ամենակարևոր ոլորտը նախագահական կառավարման համակարգն է, որն ընդդիմությունը բնութագրում է որպես միանձնյա ռեժիմ և ըստ այդմ՝ նոր սահմանադրությունը։ Դժվար է ասել, թե այս քննարկումներն արդյունավետ են։ Սահմանադրության վերաբերյալ Ազգային դաշինքի առաջարկները բաղկացած են որոշ տեխնիկական կարգավորումներից, և ոչ՝ Թուրքիային անհրաժեշտ ավելի ժողովրդավարական սահմանադրությունից: Ավելին, թեև այս տեխնիկական կարգավորումները որքան էլ «ամրապնդել» անվանվեն, հին համակարգի վերականգնումից այն կողմ ավել բան չեն նշանակում։ Դաշինքը կազմված է հինգ իրար ոչ նման անդամներից և այն ոլորտներից հեռու մնալու ցանկությունը, որոնց շուրջ նրանք չեն կարողանում համաձայնության գալ, ընդհանուր տիրույթում առերեսվելու նվազագույն ցանկություն է առաջացնում, և, ցավոք, այս նվազագույնը հեռու է միասնական ժողովրդավարական վերափոխումից:
90-ականների կարոտախտը ֆիլմերի, երաժշտության, հեռուստասերիալների և փոփ մշակույթի այլ ոլորտներում մեր դեմքին ժպիտ ու ներսում ջերմություն կարող է հարուցել, սակայն հանգամանքները փոխվում են, երբ կարոտախտը առնչվում է քաղաքականության ոլորտին։ Չբացահայտված սպանությունների, ՊԱԴ-երի (Պետական անվտանգության դատարաններ) զինվորական դատավորների, բանտերի ու մայիսմեկյան ջարդերի, փողոցի մեջտեղում մահապատիժների, գծային հարձակումների, լեզուների և ինքնության լիակատար ժխտման, թերթի ռմբակոծությունների, Սվասի (Սեբաստիա-Ակունքի խմբագրություն) ջարդերի իրականացման օրերը որպես «Հեյ գիդի՜, ի՜նչ լավ օր էին» հիշողների ժողովրդավարության պահանջը չի կարող «Սրանք թող գնան, ինչ լինում է՝ լինի»-ից այն կողմ անցնել։
Սխալ ճակատում ճիշտ պատերազմ չի լինում
Սահմանադրական քննարկումները «այսօրից» ազատվելու համար «երեկին» վերադառնալու փոխարեն անհրաժեշտ է այսօրն էլ, երեկն էլ շրջանցող ավելի լայն հեռանկար կառուցել։ Դատական իշխանության անկախության, Խոսքի ազատության, Միավորումների ազատության, Մամուլի ազատության պես վերնագրերի կողքին ժողովուրդների գոյությունն ու իրավունքները սահմանադրորեն չերաշխավորած սահմանադրությունը իսկական ժողովրդավարական սահմանադրություն չէ։
Այսինքն՝ սահմանադրական բանավեճը «հանրապետության հիմնադիր սկզբունքները պաշտպանել-չպաշտպանել», «մեկ մարդու ռեժիմ-ամրապնդված խորհրդարանական համակարգ» հակադրությունների վրա կառուցելը ժողովրդավարական փոփոխությունների հավանականության չի հանգեցնի։ Ժողովուրդների տեսանկյունից պարզ է, թե ինչ է պետք ասել այս բանավեճերի մասին՝ սխալ ճակատում ճիշտ պատերազմ չի լինում։
Նկատի ունեմ այս տեսքով համոզչությունը կորցրած, անգամ բուրժուական ժողովրդավարության ձևի որոշ գործառույթներ վերացրած ռեժիմի պայմաններում վերականգնումն այլ բան չի նշանակում քան բռնաբարության պատճառով կորած էշին գտնելը։
Անշուշտ, ուրախ կլինենք էշին գտնել, բայց պետք է նաև իմանանք, որ դրանով ոչ մի նոր բան չենք շահելու։
Ի՞նչ պետք է անենք
Այն, ինչ պետք է անել, ուժերի այս դասավորության միջև առճակատումից օգտվելն է՝ ժողովուրդների իրավունքներին վերաբերող օգուտներ ձեռք բերելու համար: Ժողովուրդները տեսակ-տեսակ ժողովրդավարական բազում կազմակերպություններ ունեն։ Իհարկե, այս կազմակերպություններում կան տարբեր քաղաքական միտումների ներկայացուցիչներ։ Թեև հնարավոր չէ ընտրական գործընթացում յուրաքանչյուր հարցի շուրջ միասնական դիրքորոշում մշակել, սահմանադրության վերաբերյալ նվազագույն համագործակցության կարելի է հասնել։ Տարբեր ժողովուրդների կազմակերպությունները, միասնական հարթակ ստեղծելով, պետք է ներգրավվեն իրենց առնչվող հարցերի շուրջ սահմանադրական քննարկումների մեջ։
Շատ մանրամասն պահանջներ ներառող համապարփակ համաձայնագրի կարիք ևս չկա։ Շատ պարզ, հստակ և ընդհանուր շրջանակով պետք է պահանջել, որ ժողովուրդների ինքնությունը և մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը սահմանադրորեն երաշխավորված լինեն։ Նոր սահմանադրության պատրաստման գործընթացում մեր ուզած հռչակագրով բոլոր կողմերին պետք է հայտարարեն, որ հաշվի են առնելու այս պահանջները։ Անկախ կուսակցական պատկանելությունից, յուրաքանչյուրը պետք է իր հարթակներում բարձրաձայնի այդ պահանջները և պարտադրի իր կուսակցություններին վերաբերմունք ձևավորել այս հարցում։ Պետք է հստակորեն հայտարարել, որ քվե տալու որոշիչ չափանիշը լինելու է վերաբերմունքն այս հարցում։ Չնայած որոշ չափով հասկանալի է, որ ինքնության և մայրենի լեզվով կրթության իրավունքի ճանաչումը քուրդ ժողովրդի իրավունքների և ԺԺԿ-ի վերաբերյալ քննարկվում են, սա իրականում անարդարություն է ինչպես քուրդ ժողովրդի, այնպես էլ մյուս ժողովուրդների նկատմամբ։ Մեր երկրում ապրում են ոչ միայն թուրքեր և քրդեր, քուրդ ժողովրդից բացի` մյուս ժողովուրդները ևս իրենց ինքնության և լեզվի ապահովման կարիքն ունեն։ Այն, որ հարցը քննարկվում է միայն քրդերի շուրջ, ձեռնտու է գերիշխող ուժերին։ Երբ հարցը քննարկվում է քրդերի մասով, քննարկումն անմիջապես «ահաբեկչավորում» են և դա դիտարկում որպես առավելություն։ Երկրորդ՝ քրդերի պահանջների դեմ նրանք բերում են այլ ժողովուրդների լռությունը։ Անշուշտ, այս դեմագոգիկ փաստարկները չեն խաթարում քրդական պահանջների օրինականությունը։ Այնուամենայնիվ, ժողովրդավարական նվաճումների հասնելու առումով այլ ժողովուրդների պահանջներն ավելի բարձր ձայնով և ավելի կազմակերպված կերպով բարձրացնելը մեծ առավելություն կապահովի։
Մակեդոնիայի թուրքերի «երջանկությունը» և մեր «դժբախտությունը»
Այն, ինչ ուզում ենք, արտառոց բան չէ այսօրվա աշխարհում: Դա այլ բան չէ, քան ճանաչել սեփական քաղաքացիների այն իրավունքները, որոնք պետությունն ինքը, օգտագործելով իր ազդեցությունը, դիվանագիտական հնարավորությունները, տնտեսական կարողությունները, և այնպիսի ինստիտուտներ, ինչպիսին TİKA-ն (Թուրքական համագործակցության և համակարգման գործակալություն) է, փորձում է ձեռք բերել Թուրքիայից դուրս գտնվող թուրքական համայնքների համար։
Վերջերս Հյուսիսային Մակեդոնիայի 12 հազար բնակիչ ունեցող Վասիլևոյում թուրքերենը երկրորդ պաշտոնական լեզու է հռչակվել։ Այսպիսով, քաղաքների թիվը, որտեղ թուրքերենը պաշտոնական լեզուն է, հասել է 9-ի։ Վասիլևոյում 2095 թուրք է ապրում։
Այս որոշմամբ թուրքերենի օգտագործումը պարտադիր կլինի քաղաքի ցուցանակներում և պաշտոնական գրագրություններում։ Ակնկալվում է, որ թուրքերեն կրթությունը, որն այժմ հասանելի է տարրական և միջնակարգ դպրոցներում, կհասնի ավագ դպրոցի մակարդակի։ Թուրքիայի քաղաքային խորհրդի անդամ Ռըդվան Մեմեդովն ասել է. «Մենք այստեղ թուրքերեն խոսում ենք դարեր ի վեր և այժմ դա պաշտոնականացրել ենք։ Մեծ հարմարավետություն ենք ապահովել մեր քաղաքացիների համար։ Շատ ուրախ ենք և հպարտ։ Թուրքական աշխարհի համար սա հսկայական առաջընթաց է։ Ուրախ ու հպարտ ենք դրա համար»։
Իհարկե, կիսում ենք Մակեդոնիայի թուրքերի երջանկությունը։ Սակայն իրենց երջանկությունը մեզ հետ կիսող թուրք եղբայրների հետ ցանկանում ենք կիսել սեփական երկրում ժողովուրդների իրավունքների ձեռքբերման երջանկությունը։ Եթե նրանց ձեռքբերումները ձեզ երջանկացնում են, իսկ մեր հնարավոր ձեռքբերումները՝ դժբախտացնում, այդ դեպքում «բոլորս եղբայրներ ենք» արտահայտության հետ խնդիր չկա՞:
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net