Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը 4.5 ժամ տևողությամբ ասուլիս տվեց և 4.5 ժամվա ընթացքում մի քանի անգամ հանդես եկավ ինքնախոստովանական ցուցմունքներով՝ ինչպես իր կառավարման ձախողումների, այնպես էլ՝ Կառավարության ծրագրի ընդունած դրույթները չկատարելու մասին։
Ապա անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի տված ասուլիսին ու հնչեցված հիմնական թեզերին՝ Խաչատրյանն ընդգծեց.
«Փաշինյանը բացահայտ հայտարարեց, որ իր ամբողջ քաղաքականությունը ձախողվել է, իսկ որպես կանոն՝ նորմալ երկրներում նման ձախողումներից հետո հրաժարական են տալիս, ինչը ինքը ոչ միայն չի անում, այլ նաև հայտարարում է, որ շարունակելու է բանակցել Ալիևի հետ»։
Խաչատրյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը 4.5 ժամ ասուլիս էր տալիս Հայաստանի և Արցախի սահմաններին ռազմական գործողությունների վերսկսման ռիսկի պայմաններում.
«Սահմաններին իրավիճակն այնքան լարված է, որ կարող էին հարցազրույցի կեսից նրան ընդհատել ու ասել՝, կներե՛ք, պատերազմ է, կամ ասեին՝ Նիկո՛լ, պատերազմ է։ Կարծում եմ՝ Փաշինյանը նման ասուլիսով հանրության մի հատվածի նախապատրաստում է ապոկալիպտիկ, ծանր վիճակի, արդարացնում է վատ բանը՝ ավելի վատին գնալու մտադրությամբ։ Ասում է՝ ուզած-չուզած պետք է գնանք զիջումների՝ դրան նախապատրաստելով մարդկանց»,- ասաց Խաչատրյանը։
Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը մարդկանց նախապատրաստում է զիջումների, այդ դեպքում ի՞նչ է անում Փաշինյանի իշխանության ընդդիմությունը, Արթուր Խաչատրյանը պատասխանեց.
«Ընդդիմությունը, իհարկե, ունի անելիք, այլապես մանդատները կդնեին ու տուն կգնային։ Առաջնային է մարդկանց իրականությունը ցույց տալը, իսկ դա կարևոր է, որովհետև մարդիկ կեղծ իրականության մեջ են, և պետք է ներկայացնի իր այլընտրանքային մոտեցումը»։
Հարցին՝ ի՞նչ այլընտրանքային օրակարգ է մինչև հիմա հակադրել ընդդիմությունը Փաշինյանի առաջ քաշած օրակարգին, Արթուր Խաչատրյանը պատասխանեց.
«Ընդդիմությունը ռեալ պետք է գնահատի իրավիճակը. օրինակ՝ եթե այսօր Լաչինի միջանցքի բացումը կախված է ռուս խաղաղապահներից, պետք է հենց ռուսների հետ գտնել լեզու, պետք է կարողանալ այդ մարդկանց հետ նորմալ աշխատել, ոչ թե, ինչպես ՀԱՊԿ-ի դեպքում է, խաղեր տաս։ Այն մարդիկ, որոնք ընդունում են, որ Փաշինյանը դա չի անում, պետք է դա անի ընդդիմությունը, ուրեմն, երբ ընդդիմությունն իջնի փողոց, պետք է իրենց տան բազմոցին չնստեն, պետք է դուրս գան փողոց և ընդդիմությանն իրենց աջակցությունը ցույց տան։ Հասկանում եմ՝ ավելի հետաքրքիր կլիներ, որ ընդդիմությունն ինքնահրկիզվեր, բայց այն, որ ընդդիմությունը փաստաթղթեր է պատրաստում և ռեսուրսներ կենտրոնացնում, դա փաստ է»,- ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով՝ ստեղծված վիճակում Արցախի և Հայաստանի անվտանգության համար անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանին տուն ճանապարհել։
«Փաշինյանը բերում է պատերազմ, խոստովանեց՝ մի քանի ժամից կարող է պատերազմ սկսվել, իսկ Հայաստանը ռազմավարական խորություն չունի, և ցանկացած կետ խոցելի է, ուստի, հնարավորինս շուտ պետք է հեռանա, քանի դեռ անդառնալի չեն նրա հասցրած վնասները»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։