Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան մի քանի պատգամավորներ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ Հաց բերողին` Արթուր Սարգսյանին հանդիպելու նպատակով: Մինչ այդ, ՀՀ գլխավոր դատախազի հրավերով, հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Միքայել Մանուկյանի, Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորներին ներկայացվել են Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերը, պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145 և 147-րդ հոդվածներով նախատեսված՝ «անձնական երաշխավորություն» խափանման միջոցի կիրառման կարգը, երաշխավորողների իրավունքներն ու պարտականությունները:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Միքայել Մանուկյանը Yerkir.am-ին հայտնեց, որ հանդիպման ընթացքում գլխավոր դատախազը ներկայացրել է ողջ ընթացակարգը: «Մեզ հնարավորություն տրվեց հանդիպելու Արթուր Սարգսյանի հետ, ով ամսի 10-ից հացադուլ է հայտարարել: Նա շատ ադեկվատ վիճակում էր, բոլոր հարցերին արձագանքում էր, ասաց, որ որևէ խախտում չի կատարել, և իր առողջական վիճակն էլ չի ներում որևէ նոր բան մտածելու կամ անելու համար: Նրա խոսքով՝ քննչական բոլոր գործողություններին թե' առաջին անգամ է ներկայացել պատշաճ, թե' երկրորդ անգամ, դուրս գալուց հետո էլ պարտավորվում է ներկայանալ պատշաճ»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ այժմ ստորագրահավաքին միացած պատգամավորների կողմից պետք է համապատասխան գումար (500 000-ական դրամ) փոխանցվի դատախազության դեպոզիտային հաշվին, որպեսզի լուծվի խափանման միջոցը փոխելու հարցը: «Խոստացան, որ մի քանի ժամից Հաց բերողին ազատ կարձակեն»,- եզրափակեց Մանուկյանը: