կարևոր
4144 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-14 12:52
Քաղաքական

Իրավապահ համակարգն օգտագործում են արդեն յուրայիների դեմ․ Գեղամ Մանուկյան

Քրեական գործին չեմ անդրադառնա, ի տարբերություն իշխանականների, որ միանգամից դատարանի դատավճիռը արձակում են ԱԺ-ի դահլիճում կամ այլ հարթակներում։ Երևույթը ինքնին խայտառակություն է և դեռ համավարակի շրջանում կառավարության գործունեությունը, քննադատությունը որ կար, իշխանական բռնաճնշումները այդ քննադատություններին, այդ բոլոր մեխանիզմները խոսում էին այն մասին, որ կան կոռուպցիոն բազմաթիվ ռիսկեր՝ միլիարդավոր դրամների ուղղակի առանց հաշվետվության ծախսումները լուրջ խնդիրներ են։ Այս մասին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Արսեն Թորոսյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։

«Իշխանությունների գլուխ գովալը, որ երկրում վերացել է կոռուպցիան և դրան ի պատասխան ընդդիմադիրները շեշտում էին, այն համատարած ամենաթողությունը, այն գնումները մեկ անձից, չեն կարող խոսել այն մասին, որ երկրում բացակայում է կոռուպցիան։ Կոռուպցիան շատ ավելի ծաղկում է ՀՀ-ում, հիմա էլ է շարունակում։ Երբ տեսնում ենք կառավարության և նախարարությունների հիմնական ծախսերի ահռելի մասը, որը արձանագրում են նաև միջազգային կազմակերպությունները, առանց բոլոր ընթացակարգերը անցնելու վատնվում են ուղղակի մեկ անձից գնումների, շատ հաճախ յուրային կազմակերպությունների կողմից»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ ամեն մեկն ունի պաշտպանվելու իրավունք․

«Բայց շատ ուշագրավ է 4 տարի լինել մի քաղաքական ուժի անդամ, որը մեկ անհավասարակշիռ Փաշինյանական կոչով կարող է շրջափակել Հայաստանի դատարանները, ճնշումներ գործադրել դատավորների վրա, հարձակվել Սահմանադարկան դատարանի վրա, մեկ օրվա ընթացքում փոխել օրենքը՝ Սահմանադրական դատարանը իրենցով անել, բազմաթիվ  դատավորների պաշտոնազրկել, որոնք ունեն հասարակության և փաստաբանական ընտանիքի հարգանքը և արժանացել են գովասանքի, պաշտոնազրկել բոլորին և երբ վտանգը հասնում է իրեն՝ նոր սկսում են խոսել, որ նախաքննական մարմինները անաչառ չեն։ Իրենք իրենց Արգիշտի Քյարամյանը, Քննչական կոմիտեն, Փաշինյանին ենթարկվող իրավական համակարգը, թող նստեն, այդ բորշչը ուտեն։ Սա ևս մեկ անգամ վկայում է, թե ինչպիսի իրավիճակ է իրավապահ համակարգում, իրենք իրենց ներքին քաղաքական խաղերի, հետապնդումների արդյունքում իրավապահ համակարգը օգտագործում են արդեն յուրայիների դեմ»,- ասաց նա։